Որոշումը կայացվելու է Արցախում
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Որոշումը կայացվելու է Արցախում

Որոշումը կայացվելու է Արցախում

Թրամփյան Ամերիկայի շունչը անցյալ շաբաթվա ընթացքում զգաց նաեւ Կովկասի տարածաշրջանը: Անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Թրամփյան ամերիկայի հռետորաբանությամբ այցելեց տարածաշրջան՝ Վրաստանին, Ադրբեջանին եւ Հայաստանին հրամցրեց Ամերիկյան շահը գերակայող քաղաքականության «առաջարկները», որոնք, ըստ էության, ոչ թե առաջարկ էին, այլ սպառնալիքով համեմված թելադրանք: Ինչքան էլ Հայաստանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության պատասխանատուները պնդեն, թե Բոլթոնի ասուլիսներում հնչեցրած մտքերը պաշտոնական բանակցությունների նյութ չեն դարձել, պետք է հաստատենք, որ հենց այդ միջոցով էլ Բոլթոնը փորձեց Հայաստանին հրամցնել Ամերիկյան մոտեցումներն ու սպասելիքները Հայաստանից:

Բոլթոնի արտահայտությունները կարող են թվալ մանրուքներ, սակայն ընդհանուր քաղաքականությունը, որպես համակարգ, բաղկացած է հենց այդ մանրուքներից: Եվ հենց այդ մանրուքներն են կերտում ընդհանուր քաղաքական հայեցակարգը: Ըստ ամենայնի, Բոլթոնի այցով Ամերիկան Հայաստանին առաջարկեց դառնալ ոչ թե հյուսիս-հարավ կապող օղակ, այլ արեւելք-արեւմուտք միջանցք, որը տեղավորվում է ամերիկյան գերակա ծրագրերի մեջ եւ որով Ամերիկան փորձում է ակտիվացնել իր հավակնությունները տարածաշրջանում: Եվ այդպես պահանջվեց Հայաստանից՝ ձերբազատվել պատմական կաղապարներից, «անկախանալ» Ռուսաստանից՝ Ամերիկայից զենք գնելով, մասնակցել Իրանի դեմ ուղղակի սեղմմանը, առաջիկա ընտրություններում ձեւավորել ուժեղ մանդատ Արցախում կտրուկ քայլերի գնալու համար, որը ենթադրում է՝ տարածքներ հաղորդակցման ուղիների դիմաց պայմանավորվածություններ:

Պարզ է, որ Հայաստանը, այդ թվում՝ Արցախը, Ամերիկայի մեծապետական շահերի համար «մանրուքներ» են, բայց մեզ համար քաղաքական ուղղության փոփոխությունը կարող է հանգել լինել կամ չլինելուն: 1918-թ հունվարին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Հայաստանը զոհ գնաց բոլշեւիկյան Համաշխարհային հեղափոխությանը՝ ռուսական զորքերը նահանջեցին Արեւմտյան Հայաստանից:  2003-ի վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանը գնաց այդ ճամփով եւ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո վերջնականապես զոհաբերվեց հանուն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ միջանցքի կառուցմանը: Իսկ հիմա Ամերիկան մեզ հրավիրում է իր ծրագրերի զոհասեղանին:

Հասկանալի է, որ Ամերիկայի կողմից մեզ արված այս առաջարկները այն առաջարկներից չեն, որ արվում են սեփական կամքով դրանք ընդունելու կամ մերժելու դիտանկյունով: Դրանք իրենց հետեւից բերելու են թե՛ պարտադրանք, թե՛ պատժամիջոց եւ, ինչու չէ, ընդունման դեպքում՝ խրախուսանք: Դժվար ընտրության առաջ է կանգնած Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը: Որպես դիմակայության առաջին քայլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հարցի ճակատագրի որոշման դերակատար դարձրեց նաեւ սփյուռքին՝ փորձելով դիմակայության ճակատը ընդլայնել, սակայն, ըստ ամենայնի, ծանր է լինելու վերջնական որոշման կայացման հանգրվանը: Իսկ այդ որոշման գաղափարական հնոցը եւ դիմակայության վերջնակետը, ինչպես 30 տարի առաջ, վճռվելու է Արցախում:

«Ապառաժ»-ի խմբագրական, 1 նոյեմբեր, 2018թ.

1