Ով ուզում է մի բան անել` հնարավորություն է փնտրում, ով չի ուզում՝ պատճառներ
Մասիս Սուլեյմանյանը ՀՅԴ Արցախի Մարտունու շրջանի կոմիտեի ակտիվ անդամներից է: Ղեկավարում է «Արցախէներգո» ՓԲԸ Մարտունու մասնաճյուղը, որն ունի ավելի քանի 120 աշխատող:
17 տարեկան էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող էր:
Արցախյան շարժման եւ պատերազմի մասին չի սիրում խոսել: Ինչպես ինքն է ասում՝ ճարտար լեզու չունի, եւ, առհասարակ, ինչքան էլ խոսի՝ կիսատ բաներ հաստատ կմնան:
Այդուհանդերձ, համաձայնեց զրուցել մեր թղթակցի հետ՝ հիշելով անցած ուղին:
1989 թվականի վերջին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում ստեղծված ուսանողական ջոկատի անդամ էր: Մանկության ընկերոջ՝ Արթուր Մոսիյանի միջոցով ծանոթացավ Դաշնակցությանը: 1989-ին անցավ Դաշնակցության շարքերը:
«1987-1989 թվականներին ծառայում էի խորհրդային բանակում: Երբ վերադարձա՝ ամենուր խոսում էին Դաշնակցության մասին, թե ինչպես են զենք բաժանում, կազմակերպված ջոկատներ կազմում: Դժվար էր այն ժամանակ գրականություն գտնել Դաշնակցության մասին, սակայն գտա եւ սկսեցի ուսումնասիրել Դաշնակցության պատմությունը: Ոգեւորվում էի ազգային ազատագրական շարժումների մասին կարդալիս, թե ինչպես փոքրաթիվ ջոկատներով կռիվ էին տալիս թուրքի դեմ եւ հաղթում: Այդ պատմությունները մեզ մեծ ոգի էին տալիս, հասկանում էինք, որ նույնն էլ մենք պետք է անենք»,-ասաց նա:
Իրավիճակը կամաց կամաց ավելի էր սրվում, նրան ուղարկում էին Քաշաթաղի, Ասկերանի շրջաններ, դրա հետ մեկտեղ ուսումնավարժությունների էր մասնակցում: Դուշման Վարդանի մոտ 2 ամսից ավելի ուսումնավարժությունների է մասնակցել:
«Բախտավոր եմ, որ ինձ նման հնարավորություն ընձեռնվեց՝ ծանոթանալ նման անձնավորության հետ: Երբեմն զարմանում էի, թե ինչպես կարող է մարդ այդչափ կազմակերված լինել, այդքան պատասխանատու եւ իսկական գաղափարի մարտիկ»,- պատմում է Մասիս Սուլեյմանյանը:
1991-ին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողական ջոկատը սկսվեց բաժանվել՝ դեպի իրենց գյուղեր, բնակավայրեր: Իստիտուտում տեղակայված ռուսական ռազմաբազայի ցրումից հետո ոմանք կարողացան տարբեր միջոցներով զենք ձեռք բերել այնտեղից:
Մասիսը սկսեց Կաղարծի գյուղում դասավանդել եւ միաժամանակ համագործակցել ձորակի տղաների հետ: Գյուղից վերադարձավ Մարտունի՝ երբ իմացավ, որ մտերիմ ընկերը՝ Արթուր Մոսիյանը վիրավորվել է: Նշում է, որ հենց այդ ժամանակ հասկացավ, որ Մարտունիում իրավիճակը թեժանում է:
Մարտունիում միացավ Մերուժան Մոսիյանի կազմավորած ջոկատին: Այն առաջին ջոկատն էր Մարտունիում, առաջիններից մեկը Արցախում:
Սկզբից, երբ Մերուժան Մոսիյանը կազմավորեց ջոկատը, այն բաղկացած էր 5 հոգուց: Քանակը հետզհետե շատացավ, քանի որ նա վստահություն էր ներշնչում բնակիչների մոտ:
Ջոկատը դարձավ դասակ, դասակը՝ վաշտ , 1992-ից՝ գումարտակ: «Ջոկատը ընտանիքի պես էր: Մերուժանին անվերապահորեն վստահում էին բոլորը: Ջոկատի տղաները իրար հետ հարազատ եղբոր պես էին, Մերուժանն էլ թե՛ հրամանատար էր, թե՛ ավագ եղբայր»,- ասաց նա:
Հիշում է, թե ինչպես 1992-ի ամռանը Լիբանանից Մարտունի եկավ Մհեր Ջուլհաջյանը: «Մենք ակնածանքավ էինք վերաբերվում նրան, քանի որ գաղափարական էր, իսկական գաղափարական ընկեր, տեղյակ էր Դաշնակցության ամբողջ պատմությանը, տիրապետում էր զենքին: Դժբախտաբար, մեր երկու գաղափարական հերոս տղաները՝ Մհերն ու Մերուժանը ընկան նույն օրը,- պատմում է նա, դադար տալիս, ապա շարունակում-նրանց նման տղաները առաջամարտիկ են, նրանք ներկայացնելու կարիք չունեն, նրանց ամենամեծ գնահատականը հենց ժողովուրդն է տալիս»:
«Մերուժան Մոսիյանը ընկերոջս մեծ եղբայրն էր. նրանից շատ բան էինք սովորում: Նրա պես պատասխանատու մարդ առ այսօր չեմ հանդիպել: Չէր հանգստանում, նույնիսկ գիշերներն էր շրջում դիրքերով, ստուգում իրավիճակը, տղաներին սնունդ, հագուստ մատակարարում: Հիշում եմ՝ մի անգամ կապվեց մեզ հետ, ասաց, որ մի քանի հոգի պատրաստվեք՝ Մաճկալաշենի վրա հարձակում է եղել, պետք է օգնության հասնենք: Մենք էլ մի քանի հոգի պատրաստվեցինք, սակայն ինձ չթույլատրեց գնամ, ավելի ավագ մեր ընկերներից մեկին տարավ հետը: Հիմա, երբ այսքան տարի է անցել, հասկանում եմ հրամանատարիս արարքը. երիտասարդ էի՝ ուզում էր խնայել ինձ, սակայն այն ժամանակ վրդովմունքից մի քանի օր չէի խոսում հետը»,- նշեց նա:
«Պատերազմը պատճառ դարձավ՝ թե լավագույն ընկերներ ձեռք բերելու, թե լավագույններին կորցնելու համար,- նշում է Մասիս Սուլեյմանյանը: — Դրա օրինակն էր նաեւ Դիմա Մոտրիչը:
1992 թվականի օգոստոսին Մերուժանը մեր ջոկատի տղաներից 8 հոգու ուղարկեց Շուշիի առանձնակի գումարտակ՝ ուսումնավարժություն անցնելու: Այնտեղ մնացինք 1 ամիս: Դիմա Մոտրիչն էր մեր հրահանգիչը ինստրուկտորը: Մեր տարիքին էր, սակայն զինվորական կրթություն ուներ եւ շատ ճկուն ու խելացի զինվորական էր: Քանի որ նույն տարիքին էինք, հեշտությամբ լեզու գտանք իրար հետ եւ առաջարկեցինք մեզ հետ Մարտունի գալ: Համաձայնեց: Մի քանի ամիս մնաց Մարտունիում: Մարտունու մոտակայքում գտնվող ադրբեջանաբնակ գյուղերն ազատագրելուց հետո գնաց Մարտակերտ: Սիրում էր լինել այնտեղ, որտեղ առավել վտանգավոր էր: Արկածախնդիր էր եւ խենթ: Մեզ համոզում էր, որ Ղարաբաղյան պատերազմը վերջանա՝ միասին գնանք Սերբիա կռվելու: Նրա մահը անակնկալի բերեց բոլորիս: Նրա մարմինը փոխանակելու ժամանակ ես էլ էի ներկա,- այստեղ կանգ առավ, ապա շարունակեց,- նրանք մեզ հետ են լինելու միշտ… Ավելի լավ է ներկայից խոսենք, ուրախ բաներից»:
Հարցին, թե՝ արդյոք ճիշտ եք համարում, որ այսօր խեղաթյուրվել է ճշմարտությունը եւ քչերն են տեղյակ մեր շատ տղաների սխրագործությունների մասին, պատասխանեց. «Շուշիի ազատագրմանը մասնակցել են 2000 հոգի, սակայն 6000-ից ավելի մարդիկ մեդալներով են պարգեւատրվել: Սրան ես մեծ նշանակություն չեմ տալիս. հետպատերազմյան շրջանում այսպիսի բաներ լինում են»:
Այժմ Մասիս Սուլեյմանյանը «Արցախէներգո» ՓԲԸ Մարտունու մասնաճյուղի տնօրենն է: Համոզված է, որ աշխատավայրում, ընտանիքում, թե հայրենիքում՝ ամեն տեղ էլ մարդկային հարաբերությունների վրա է հիմնված ամեն ինչ, դրա համար առաջին հերթին դիմացինիդ նկատմամբ հարգանքն ու փոխըմբռնումն է ընդհանուր գործին նվիրվածությունը:
Բացի տնօրեն լինելուց՝ նաեւ լավ այգեգործ է: Արդեն մեկ տասնյակից ավելի տարիներ զբաղվում է այգեգործությամբ, եւ, ինչպես ինքն է նշում, դժվար, սակայն հաճելի զբաղմունք է: «Արարելուց առավել հաճելի բան չկա՝ երբ խաղողի վազ ես տնկում, ապա բերք ստանում, հետո էլ գինի քամում, վերջում էլ մտերիմներիդ հետ վայելում այն»,- ասում է նա:
Հարցին, թե՝ արդյոք ծանր չէ շրջաններում գյուղատնտեսությամբ զբաղվողների վիճակը, պատասխանեց. «Դժվարություններն ամեն տեղ էլ նույնն են: Այո, այսօր բավականին ծանր է ժողովրդի վիճակը, սակայն մեկ օրում ոչինչ չի լինում: Ով ուզում է մի բան անել՝ հնարավորություն է փնտրում, ով չի ուզում՝ պատճառներ: Սխալ է ասել, որ հեռանկար չկա այստեղ, ու դրանով սահմանափակվել»: