Շուշին դարձնենք տարածաշրջանի ամենագրավիչ զբոսաշրջային կենտրոնը. Սամվել Աղաջանյան
Շուշիի քաղաքապետի թեկնածու, ՀՅԴ անդամ Սամվել Աղաջանյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում ներկայացրել է իր թեկնածությունն առաջադրելու պատճառներն ու քաղաքում առկա խնդիրների լուծման իր տեսլականը:
Նրա խոսքով՝ հանդիսանալով հին մշակութային եւ կրթական կենտրոն, Շուշի քաղաքի սոցիալ-տնտեսական եւ հոգեւոր-մշակութային խնդիրները պետք է միշտ լինեն քաղաքային իշխանության ուշադրության առանցքային կենտրոնում:
Քաղաքապետի թեկնածուն նշել է, որ ՀՅԴ-ն, լինելով ապակենտրոն կուսակցություն, միշտ կողմ է եղել ՏԻՄ-ի լիազորությունների եւ պատասխանատվության ընդլայնմանը:
«Աշխարհասփյուռ կառույցների միջոցով ՀՅԴ-ն գործնական քայլեր է կատարում Շուշիի պատմամշակութային տեսքի վերականգնման ուղղությամբ»,- հավելել է նա :
«Նպատակ ունեմ աշխատանքներ տանել քաղաքի երբեմնի փառքը վերականգնելու ուղղությամբ՝ ստեղծելով տպագրատներ, թերթերի խմբագրություններ, գործարար մարդկանց ներդրումների միջոցով նաեւ՝ «Շուշի» հիմնադրամ»՝ Շուշին դարձնելով տարածաշրջանի ամենագրավիչ զբոսաշրջային կենտրոնը»,-խոսելով ծրագրային դրույթների մասին, ասել է նա:
Քաղաքապետի թեկնածուն կարեւորել է կայուն ջրամատակարարման ապահովումը եւ քաղաքի աղբահանման խնդիրների լուծումը:
Ստորեւ ներկայացնում ենք Սամվել Աղաջանյանի կենսագրությունն ու նախընտրական ծրագրի հիմնական կետերը.
Սամվել Բորիսի Աղաջանյանը ծնվել է 1975 թ. հոկտեմբերի 28-ին, Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում:
1993թ. ծառայության է անցել Շուշիի գնդում՝ որպես հետեւակի մարտական մեքենայի նշանառու-օպերատոր եւ ակտիվ մասնակցություն ունեցել արցախյան գոյապայքարին: Ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել եվ ստացել է 2-րդ կարգի հաշմանդամություն:
1995թ. Սամվել Աղաջանյանը ԱՀ նախագահի հրամանով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով:
1999 թ. նա աշխատել է Շուշիում գործող Երեւանի ոսկերչական գործարանի մասնաճյուղում՝ որպես պահեստապետ-ադմինիստրատոր, այնուհետեւ՝ որպես արտադրամասի պետ:
2003թ. ընդունվել եւ 2008թ. ավարտել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պատմություն բաժինը:
Սամվել Աղաջանյանը ՀՅԴ անդամ է:
2010-2018թթ. աշխատել է «Արցախէներգո» ՓԲԸ-ի Շուշիի մասնաճյուղում՝ որպես իրացման բաժնի հսկիչ:
Երեք անգամ ընտրվել է Շուշիի քաղաքային համայնքի ավագանու անդամ:
Ամուսնացած է, ունի 2 որդի:
Նախընտրական ծրագրի հիմնական կետերը՝
-ավագանու ինստիտուտի լիարժեք և իրական կայացում,
-քաղաքապետարանի աշխատանքի ինքնուրույնության և արդյունավետության բարձրացում,
-բնակշահագործման տեղամասերի իրավասությունների վերանայում,
— Շուշիի պատմաճարտարապետական տեսքի վերականգնման քայլերի ձեռնարկում,
— կոմունալ պատշաճ սպասարկում,
-համայնքային սեփականության արդյունավետ եւ օբյեկտիվ կառավարում,
-բարեկարգ, լուսավոր եւ ընդգծված մաքուր բակեր եւ փողոցներ:
Հասմիկ Հակոբյան