Շուշիի «Վարանդա» երգչախումբը կրկին բեմում էր՝ նոր երգացանկով

Սեպտեմբերի 4-ին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում կայացել է Շուշիի «Վարանդա» մանկական, պատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի համերգը:
Ինչպես նշել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյանը, համերգը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Արցախյան շարժման 30-ամյակին, Համազգային հայ կրթական և մշակութային միության 90-ամյակին և Երևան քաղաքի 2800-ամյակին:
«Ես եկել էի մի մոմ ինքս էլ վառելու, մի քար ինքս էլ դնելու, մի ժպիտ ինքս էլ ուրվագծելու, պատերազմում ապրող մանուկների շուրթերին մի երգ էլ ինքս դնելու: Այս բոլորը կարողացա կատարել շնորհիվ ավելի քան 700 հին ու նոր սաներիս, որոնց հետ իմ ստեղծագործական ճանապարհը շարունակվելու է այնքան ժամանակ, որքան իմ կարիքը կզգացվի»,- ասել է 1992թ. ի վեր գործող երգչախմբի հիմնադիր Զաքար Քեշիշյանը:
Համերգի ընթացքում հնչել են հին ու նոր ստեղծագործողների երգեր, որոնց մեծ մասը հեղինակները նվիրել են երգչախմբին:
Երգչախմբի 64 երգերի հեղինակ Յուրի Սահակյանը, ում 80-ամյակ հոբելյանը նոր է լրացել, ԱՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչմանը: Այն հավաստող փաստաթուղթը Յուրի Սահակյանի որդուն է հանձնել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Համերգի վերջում Զաքար Քեշիշյանի 50-ամյակի առիթով նրան շնորհակալական խոսքեր ուղղեցին և նվերներ փոխանցեցին Շուշիի շրջավարչակազմի ղեկավարությունը, «Վարանդա» երգչախմբի անդամները և հանդիսատեսները: