ԽՍՀՄ ավանդների փոխհատուցումը դեռեւս օրակարգում

Դեռեւս խորհրդային տարիներից ժառանգություն մնացած՝ 1993 թվականից արժեզրկված ավանդների փոխհատուցման հարցը տարիներ ի վեր քաղաքացիների դժգոհությունների ու բողոքների առիթն է հանդիսանում։
Ավանդների փոխհատուցման գործընթացի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության փոխնախարար Նորայր Ավանեսյանի հետ։
— Նախ՝ հետաքրքիր է, թե Արցախում ե՞րբ մեկնարկեց ավանդների փոխհատուցման գործընթացը:
— Համաձայն ԼՂՀ Նախագահի 1998թ. հունիսի 20-ի հրամանագրի՝ ԼՂՀ քաղաքացիների 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման գումարների վճարման գործընթացը սկսվել է 1998թ. օգոստոսի 1-ից, որի համաձայն՝ սահմանվել է, որ առաջնահերթ կարգով նախնական փոխհատուցման ենթակա են մինչև 1923 թվականը ծնված քաղաքացիների 1993թ. հունվարի 1-ի դրությամբ գործող և դրանից հետո փակված ավանդային հաշիվները։
— Առ այսօր քանի՞ ավանդատու է փոխհատուցում ստացել:
— Այսօրվա դրությամբ նախնական փոխհատուցվել են շուրջ 55000 ավանդատուների ավանդային հաշիվներ:
— Ներկայումս ի՞նչ փուլում է ավանդների փոխհատուցման գործընթացը:
— Ներկա դրությամբ փոխհատուցման ենթակա են մինչև 1974 թվականը ծնված քաղաքացիների ավանդային հաշիվները: Յուրաքանչյուր տարի պետական բյուջեից հատկացվում է ավանդների փոխատուցման ծրագրին եւ հատկացվելիք գումարներից է կախված գործընթացի եզրափակումը։
Եթե Հայաստանի Հանրապետությունում ավանդների դիմաց փոխատուցումը կատարվում է ամբողջությամբ՝ 1 խորհրդային ռուբլու դիմաց 84 ՀՀ դրամ, ապա պետական բյուջեի սղության պատճառով Արցախում փոխհատուցումը նախնական է եւ կատարվում է 1 խորհրդային ռուբլու դիմաց 25 ՀՀ դրամի չափով:
Ծրագրի մեկնարկից՝ մի քանի տարի շարունակ պետական բյուջեից ավանդների նախնական փոխհատուցման համար հատկացվում էր 100-200 միլիոն ՀՀ դրամ: Տարիների ընթացքում տարիքային շեմը բարձրացնելով՝ քչացել է նաեւ ավանդատուների քանակը: 2018-ին ծրագրին հատկացվել է 50 միլիոն ՀՀ դրամ, սակայն տարիքային շեմը մինչեւ 1974 թվի ծնվածների համար։
— Ավանդները ժառանգվու՞մ են։
— Վերը նշված կարգի համաձայն՝ մահացած քաղաքացիների ավանդները ժառանգական իրավունքով կարող են ստանալ ժառանգները:
— Սոցիալական ի՞նչ խմբերի է հասնում նախնական փոխհատուցում:
— ԼՂՀ կառավարության 1998 թվականի հուլիսի 14-ի որոշումների համաձայն՝ նախնական փոխհատուցման ենթակա են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների և պատերազմի առաջին խմբի հաշմանդամների 1993թ. հունվարի 1-ի դրությամբ գործող և դրանից հետո փակված ավանդային հաշիվները: Սակայն 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը ենթակա չէ նախնական փոխհատուցման:
— Ո՞ւմ դիմել եւ ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել ավանդների փոխհատուցումը ստանալու համար։
— Սահմանված կարգին համապատասխանող քաղաքացիները պետք է դիմեն «Արցախբանկ» կամ ֆինանսների նախարարություն եւ ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթը կամ նույնականացման քարտը, սոցիալական ապահովության քարտը, ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), ինչպես նաեւ դրա լուսապատճենը։ Ըստ անհրաժեշտության՝ պահանջվում են նաեւ այլ փաստաթղթեր։
Լուսինե Թեւոսյան