Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ
Մեկ տարի հետո Արցախում տեղի է ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Ըստ ԱՀ Սահմանադրության՝ այս երկու պետական կառույցների ընտրությունները տեղի են ունենալու նույն օրը՝ միաժամանակ: Բնական է, որ առաջիկա մեկ տարին Արցախն ապրելու է բուռն քաղաքական կյանք: Դաշնակցությունը բազմիցս ահազանգել է Արցախի գերկենտրոնացված իշխանության անպատեհության մասին՝ թե՛ կառավարման եւ թե՛ երկրի անվտանգության տեսանկյունից: Սակայն, ցավով պետք է նշել, որ 2017-ի սահմանադրական փոփոխությամբ, որին դեմ էր ՀՅԴ-ն, ավելի կենտրոնացավ իշխանության համակարգը նախագահի ինստիտուտի շուրջ:
Բնական համարելով քաղաքական լարվածությունը, հատկապես նախագահի աթոռին հավակնողների աշխուժությունը, միաժամանակ հարկ ենք համարում ազդարարել մի շարք մտահոգություններ, որոնց դեմ հանդիման է կանգնած Արցախի պետական համակարգը:
Նախ, պետք է նկատի ունենալ, որ գործող Սահմանադրությամբ առաջին անգամն է, որ տեղի է ունենում համաժամանակյա ընտրություններ: Սահմանադրությունը նախատեսում է խորհրդարանական եւ նախագահական համակարգերի փոխկապակցվածությունն այն իմաստով, որ մեկի լինելիությունը պայմանավորված է մյուսի լինելիությամբ: Որեւէ պատճառով խորհրդարանի ցրման պարագայում նախագահը եւս պետք է հրաժարական ներկայացնի, իսկ նախագահի հրաժարականի պարագայում ցրվում է նաեւ Ազգային ժողովը: Դա կարող է հանգեցնել ճգնաժամային իրավիճակի եւ թելադրել շարունակաբար ընտրությունների կազմակերպում՝ մինչեւ այն ժամանակ, որ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունն ու նախագահը նույն «քաղաքական թիմում» լինեն:
Արտաքին ճակատում, մասնավորաբար՝ անցյալ ամիս Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո, առավել սաստկացել է ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը: Իրավիճակը նմանվել է 2016-ի ապրիլին նախորդող կացությանը: Պետք է արձանագրենք, որ օրեցօր առավել շոշափելի է դառնում արտաքին վտանգի գոյությունը: Այս իրավիճակում անխոհեմություն է քաղաքական նկրտումներին տուրք տալով Արցախի հասարակական դաշտում առաջացնել բաժանարար գծեր, միաժամանակ՝ անթույլատրելի ապագայի հաշվին խոստումներ շռայլելով՝ պետական համակարգը մատնել անգործունեության: Երեւույթներ, որին ականատես ենք լինում նախագահի աթոռը հավակնող ուժերի քաղաքական մրցավազքի համայնապատկերում:
Եւ, վերջապես, հայ ժողովրդի հավաքական ինքնության գիտակցության մեջ Արցախը մեծ առաքելություն ունի: Արցախով է, որ հայկական ազգային միասնության գաղափարը իմաստավորվում է: Երբ Արցախն է վտանգվում, հայ ժողովրդի միասնությունը աներկբա իրողություն է դառնում: Իսկ այդ առաքելությունը իրականացնելու համար Արցախին պետք է կուռ միասնություն սկզբունքային հարցերի շուրջ: ՀՅԴ-ի համար սկզբունքային է Արցախի Հանրապետության պետականության ամրապնդումն ու հզորացումը:
«Ապառաժ»-ի խմբագրական, 17 ապրիլի, 2019թ.