Նախ եւ առաջ պետք է ունենալ մշակութային քաղաքականության հայեցակարգ. Լեռնիկ Հովհաննիսյան
Գլխավոր » Լրահոս » Նախ եւ առաջ պետք է ունենալ մշակութային քաղաքականության հայեցակարգ. Լեռնիկ Հովհաննիսյան

Նախ եւ առաջ պետք է ունենալ մշակութային քաղաքականության հայեցակարգ. Լեռնիկ Հովհաննիսյան

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնում նշանակվելուց շուրջ մեկ ամիս անց «Ապառաժ»-ը հանդիպել եւ զրուցել է Լեռնիկ Հովհաննիսյանի հետ:

-Հուլիսի 2-ին նշանակվել եք մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնում: Ինչպե՞ս ընդունեցին Ձեզ աշխատակազմի անդամները:

-Ես մշակույթի նախարարությունում նոր մարդ չեմ: 2010-ին աշխատել եմ զբոսաշրջության վարչությունում՝ որպես Տիգրանակերտ պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ 2013-15 թվականներին՝ որպես մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Նախարարության հիմնական ստորաբաժանումների աշխատանքին ծանոթ եմ եղել, եւ այդ պատճառով աշխատակիցներն ինձ ճանաչում են: Իսկ ինձ համար աշխատելը հեշտ է, որովհետեւ ունեմ աշխատանքային փորձ եւ ծանոթություններ:

-Ֆեյսբուքյան հրապարակումներից ակնառու է, որ ՄԵՀԶ-ի աշխատակազմը բաժանված է նախկին երկու նախարարների թիմակիցների՝ Նարինե Աղաբալյանի եւ Սերգեյ Շահվերդյանի: Ինչպե՞ս եք պատրաստվում շահել աշխատակիցների վստահությունն ու աջակցությունը:

-Նախարարությունում աշխատանքային առումով թիմերի բաժանում չկա: Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության աշխատակազմը աշխատում է մեկ թիմով եւ մեկ նպատակի համար՝ արդյունավետ աշխատանք իրականացնելու, հաջողություն գրանցելու եւ զարգացնելու մեզ վստահված ոլորտը:

Պետական որեւէ պաշտոնյա չպետք է առաջնորդվի նախասիրություններով: Ինձ համար ամենակարեւորը մարդու աշխատանքային գործունեությունն ու արհեստավարժությունն է տվյալ բնագավառում, մնացած հարցերը մղվում են երկրորդ պլան:

Միեւնույն ժամանակ՝ հասկանալի է, որ հատկապես արվեստագետների մոտ մեծ դերակատարություն ունի ճաշակը: Եվ ինչպես գիտենք՝ ճաշակին ընկեր չկա: Ելնելով այն հանգամանքից, որ արվեստի եւ մշակույթի ասպարեզի աշխատողները դյուրագրգիռ են եւ զգացմունքային, ինչ-որ տեղ բնական եմ համարում այս ասպարեզի գործիչների վեճերն ու տարակարծությունները: Սակայն, պետք է գիտակցել, որ հենց այդ վեճերն ու տարակարծությունները պատճառ են դառնում նորի արարմանն ու թռիչքային վերելքներին: Դա է փաստել արվեստի պատմությունը:

-Մոտ անցյալում ԱԺ պատգամավոր էիք, մեկ ամիս է՝ մշակույթի նախարար: Ո՞ր գործն է ավելի հեշտ:

-Ճիշտն ասած՝ ցանկացած աշխատանք ունի իր առանձնահատկությունները:

Պատգամավորական աշխատանքը հիմնականում կապված էր օրենսդրական գործունեության հետ, իսկ բնակչության տարբեր շերտերի հետ շփումը բոլոր տեսակի հարցերին էր առնչվում՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական…

Նախարարի պաշտոնի առանձնահատկությունն այն է, որ թեեւ այն քաղաքական պաշտոն է, բայց, այնուամենայնիվ, պատասխանատու ես կոնկրետ մեկ ոլորտի համար եւ բնակչության հետ շփումն էլ հենց այդ ոլորտի շրջանակում է:

Թե՛ գործադիրը եւ թե՛ օրենսդիրն ունի իր դժվարություններն ու առանձնահատկությունները:

-Իսկ դժվա՞ր է ամեն օր Շուշի գնալ:

-Ոչ: Ես ծննդով Շուշիի շրջանից եմ: Շուշիում է անցել իմ զինվորական ծառայությունը, առաջին աշխատավայրս Շուշիում էր եւ, որպես պետական պաշտոնյա, նույնպես իմ առաջին աշխատանքային գործունեությունն սկսել եմ Շուշիից: Շուշի տանող ճանապարհը հարազատ է ինձ:

-Արդյո՞ք պատմաբան-ազգագրագետ լինելը կարող է նպաստել մշակույթի նախարար լինելուն:

-Միանշանակ: Այս ոլորտում մասնագիտությունը կարեւորություն ունի:

Ազգագրագետը ժողովրդի մշակույթի ուսումնասիրողն է: Շատ հաճախ մշակույթ ասելով հասկանում ենք միայն նկարչությունը, քանդակագործությունը, երգն ու պարը, բայց մշակույթը շատ ավելի մեծ, լայն եւ ընդգրկուն հասկացություն է: Մշակույթը մարդու հասարակական գործունեության հիմնական միջոցն է: Այդ իսկ պատճառով իմ՝ պատմաբան-ազգագրագետի մասնագիտությունը շատ է օգնում պատմամշակութային ժառանգության եւ մշակութային քաղաքականության ընկալմանը եւ ոչ նյութական մշակութային ժառանգության գործառույթների ըմբռնմանը:

-2013 թվականին մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի տեղակալն էիք, իսկ նախորդ նախարար Սերգեյ Շահվերդյանի կուսակիցը: Նրանց հետ համագործակցությունը շարունակական կլինի՞:

-Ե՛ւ Նարինե Աղաբալյանի, ե՛ւ Սերգեյ Շահվերդյանի հետ լավ հարաբերությունների մեջ ենք, եւ համագործակցության համար որեւէ խնդիր չեմ տեսնում:

Նախարարի պաշտոնն զբաղեցնելուց հետո զանազան հարցերի շուրջ երկուսի հետ էլ խորհրդակցություններ եմ անցկացրել: Վստահ եմ՝ մշակույթի նախկին նախարարների փորձը շատ օգտակար կարող է լինել ճիշտ որոշումներ կայացնելու առումով:

-Ուսանողական եւ ընկերական շրջանակներում հայտնի եք որպես «Քայլող հանրագիտարան»: Ինչպե՞ս եք կարողանում մտապահել պատմության մանրամասները թվականներով, վայրերի անուններով եւ անձնանուններով հանդերձ, հաճախ հիշում նաեւ այդ նյութերի էջն ու տողը:

-Ճիշտն ասած՝ հիշողությունը բնատուր է, սակայն հավատացած եմ, որ անընդհատ ընթերցանությունն ու հետաքրքրասիրությունն այդ ասպարեզում պատճառ են դառնում, որ միշտ թարմացնեմ իմացածս եւ ինքնաբերաբար մտապահեմ մանրամասներն ու մանրուքները: Իսկ այս բոլորի հիմնական պատճառը հարատեւ եւ անդադար ընթերցանությունն է:

-Ո՞ր տարիքում եւ ինչպե՞ս է առաջացել Ձեր սերը դեպի ընթերցանությունը:

-Շատ վաղ տարիքից: Կարդացածս առաջին գրքերը հայկական եւ ռուսական ժողովրդական հեքիաթներն էին, թերեւս՝ 7 կամ 8 տարեկան էի:  Ի դեպ՝ ռուսական հեքիաթները նվիրել էին ինձ հենց թարգմանիչները՝ Արծրուն Սահակյանն ու Անուշ Սեդրակյանը: Հենց այդ տարիքում սեր առաջացավ դեպի ընթերցանությունը, եւ բավականին վաղ սկսեցի տարվել պատմավեպերով: Առաջին պատմավեպն էլ, որը կարդացել եմ, Րաֆֆու «Սանվելն» էր:

-Տիրապետում եք ֆրանսերենին: Քարին տակում մեծացած երիտասարդը ինչպե՞ս է սովորել այդ լեզուն:

-Այն ժամանակ Քարի տակի գյուղական դպրոցի օտար լեզվի ուսուցիչը ֆրանսերենի մասնագետ էր: Իսկ երբ 8-րդ դասարանից տեղափոխվեցի Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հայագիտական թեքումով դպրոց, շարունակեցի սովորել այդ լեզուն:

Անկեղծ ասած՝ Խ. Հայրիկի անվան հայագիտական թեքումով դպրոցը ոչ միայն օտար լեզվի ուսումնասիրման հնարավորություն է տվել, այլեւ՝ հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, բանահյուսության, ազգագրության, արվեստի պատմության եւ գրաբարի ուսումնասիրման:

-Եզակիներից եք, որ առանձնահատուկ հպարտությամբ եւ հրճվանքով եք խոսում Ձեր ծննդավայր Քարին տակի մասին: Ինպե՞ս եք պահում կապը գյուղի հետ:

-Իմ ծնողներն ապրում են գյուղում: Շատ կուզեի ամեն օր լինել այնտեղ, բայց աշխատանքի բերումով շաբաթը մեկ անգամ եմ կարողանում այցելել նրանց: Սակայն հիմա, երբ աշխատավայրս Շուշիում է, կփորձեմ ավելի հաճախ այցելել գյուղ:

Քարին տակը հերոսական գյուղ է: Քարին տակի պաշտպանությունը Արցախյան ազատամարտի կարեւոր հաղթանակներից է: Քարին տակի հերոսությունը չի սահմանափակվում միայն մեր օրով: Կարեւոր էր նաեւ քարինտակցիների մասնակցությունը 1826-28 թվականների ռուս-պարսկական պատերազմին, 1905-06 թվականների հայ-թաթարական բախումներին, 1918-20 թվականների պայքարին: Իմ համագյուղացիները եւ Քարին տակը բավականին հերոսական դրվագներ տվեցին մեր ազատամարտին: Իսկ նման հերոսական գյուղի հողուջրի զավակը լինելը ինքնին հպարտություն է ինձ համար:

Չեմ կարող աչքաթող անել նաեւ Քարին տակի չնաշխարհիկ եւ աշխարհագրական դիրքը, որոնք ցանկացածի մոտ հիացմունքի զգացում են առաջացնում:

-Շատերի կարծիքով՝ Արցախում մեկնարկած բարեփոխումները սահմանափակվում են միայն պաշտոնափոխություններով: Նոր պաշտոնյաններից մեկն էլ դուք եք: Ի՞նչ բարեփոխումներ եք ակնկալո՞ւմ եւ ինչպե՞ս եք պատկերացնում մշակութային ոլորտը:

-Ելնելով հենց բարեփոխում բառի իմաստից՝ հարկ եմ համարում նշել, որ միշտ էլ կողմնակից եմ փոփոխությունների, որոնք իրենց հետ կբերեն բարին: Իսկ այդ գործընթացը միշտ անհրաժեշտ է նոր մթնոլորտ ձեւավորելու, լճացումից խուսափելու, եւ համակարգին եռանդ ու ներուժ փոխանցելու համար:

Մշակութային ասպարեզում, իմ պատկերացմամբ, բարեփոխումները պետք է լինեն շատ լուրջ, խորքային եւ համակարգային: Նախ եւ առաջ պետք է ունենալ մշակութային քաղաքականության հայեցակարգ: Իսկ մշակութային երկարատեւ ու կարճատեւ ծրագրերը պետք է մշակվեն՝ այդ հայեցակարգից ելնելով: Մշակութային հայեցակարգի կարեւորագույն կետերից մեկն ինձ համար մշակութային ժառանգության ասպարեզում քաղաքականության վերամշակումն է եւ մշակութային ժառանգությունը հանրությանն ավելի ընկալելի դարձնելը:

Մյուս կարեւոր ուղղություններից մեկը պետք է լինի երիտասարդության հետ աշխատանքը: Գալիք սերնդի նկատմամբ նախարարության վերաբերմունքը պետք է լինի շատ ավելի խորքային եւ առարկայական:

Լեռնիկ Հովհաննիսյանի հետ զրուցել է Լուսինե Թեւոսյանը

1