Նա բոլորիս իրեն հիշելու պարտադրանք է թելադրել
Երբեմն դժվար է լինում մարդկանց գնահատել այն իրական արժեքով, որոնք իրենք ներկայացնում են: Այդ անձնավորություններից մեկը Վահան Հովհաննիսյանն էր, որին դժվար է որեւէ չափորոշիչով գնահատել: Զերծ մնալով գնահատման չափորոշիչներից` փորձեմ …
Վահան Հովհաննիսյանի ներկայությունը նշանակալի է եղել Հայաստանի քաղաքական դաշտում թե՛ արցախյան ազատամարտի տարիներին, թե՛ դրանից հետո՝ Հայաստանի խորհրդարանում: Դժվար է պատկերացնել, որ գաղափարական մարտիկի, կիրթ մտավորականի, պետական ու կուսակցական գործչի, փայլուն հռետորի և վառ անհատականությամբ ընդգծված նրա կերպարը այլևս մաս չի կազմելու համահայկական քաղաքական գործընթացներին:
Դեկտեմբերի 28-ին, 58 տարեկանում, երկարատև և ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը:
Վահան Հովհաննիսյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցության, այլև հայ ժողովրդի համար:
Ստորեւ ներկայացնում ենք Վահան Հովհաննիսյանի մասին հուշեր: Պատմում են ընկերները:
Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյան.
Հայ իրականության մեջ վերջին 20-25 տարիներին, որպես քաղաքական դեմք, որպես պետական դեմք, որպես ամենաբարձր ինտելեկտ ունեցող անհատ, ինձ համար առաջին հորիզոնականում Վահան Հովհաննիսյան է եղել: Եւ սա պատահականություն չի, այն համոզմունք է եղել: Տասնամյակներ առաջ, պատերազմական օրերի մտերիմ եւ հաճախակի շփումներն են ստեղծել այսպիսի տեսակետ` արտահայտելու մեր նահատակ ընկերոջ մասին:
Ընկեր Վահանի հետ կապված հիշողություններ կան 90-ական թվականների սկզբներից մինչեւ վերջին տարիները` ընդհուպ Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելը: Բավականին հիշողություններ կապված են 1992, 1993, 1994 թվականների հետ: Բավականին հիշողություններ կան իր թեւավոր խոսքերի հետ կապված: Ամենածանր իսկ պահերին, երբ Արցախում էր լինում ընկեր Վահանը, մեզ համար արդեն հաղթանակի կանխազգացողությունը մոտ էր թվում, եւ այդ կանխազգացողության մեջ մեծ էր ընկեր Վահանի ներկայությունը:
Նա իր լավատեսությամբ, իր սթափ եւ իրական գնահատականներով եւ վերլուծություններով հանդերձ փորձում էր մեզ ցույց տալ այդ ճանապարհը: Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» հոդվածների որոշ բաժիններ ինձ հիշեցնում են 90-ական թվականների այն իրականությունը եւ այն խոսքը, որ փոխանցում էր ընկեր Վահանը մեզ` որպես զինվորականների, մեզ` որպես կուսակցական ընկերների, մեզ` որպես քաղաքական գործիչների:
Մի քանի տարի առաջ էր. Վահան Հովհաննիսյանն ուղեկցում էր Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակությանը: Այցելության երկրորդ օրն էր, եւ պաշտոնական միջոցառումից առաջ խոսում էինք կարեւոր թեմաներից: Մեր զրույցն ընդհատեց հեռախոսազանգը: Ընկեր Վահանը պատասխանեց այդ զանգին: Պարզվեց` Սիրիայի մեր ընկերներից մեկն էր զանգահարողը, եւ փորձում էր ընկեր Վահանի միջոցով ճանապարհ փնտրել եւ հասնել Հայաստան: Իսկ ընկեր Վահանը պատասխանում էր` ես Հայաստանում չեմ, Արցախում եմ, եւ տվյալ պահին չեմ կարող օգտակար լինել:
Առաջարկում էր այդ հարցով դիմել ՀՀ դեսպանատանը, կամ Լիբանանի Կենտրոնական կոմիտեին: Զանգահարող ընկերը պնդում էր` իսկ Թուրքիայով կարող են որեւէ ձեւով հարց լուծել: Ընկեր Վահանը խորհրդավոր ժպիտով պատասխանեց. «Ընկեր ջան, դու չգիտես, որ Սերոբ Աղբյուրն ու Սոսե մայրիկը վաղուց են սարերից իջել»: Հետո հարցրեցի, թե ինչ է եղել, ընկեր Վահանը պատասխանեց, որ մեր ընկերներից մեկն է, փորձում է Թուրքիայով հասնել Հայաստան, եւ կարծես թե չի հասկանում, որ չկան մեր ֆիդայական խմբերը, որոնք իրենց համար ճանապարհ կբացեին եւ կուղեկցեին:
90-ական թվականներին, երբ շատ ոգեւորված խոսում եւ քննարկումներ էինք անում, մանավանդ` այդ տարիներին յուրաքանչյուր մարդ փորձում էր ներկայացնել, թե որքան է նվիրված հայրենիքին, ընկեր Վահանն ասում էր. «Հայրենիքը ձեզ չի մոռանա, բայց նաեւ չի հիշի»: Վահան Հովհաննիսյանի թեւավոր այդ արտահայտության առաջին բաժինը կարող ենք վերագրել հենց իրեն, բայց հենց նույն թեւավոր արտահայտության երկրորդ բաժինը իրեն վերագրել չի կարելի, քանզի ընկեր Վահանն այն կերպարներից մեկն է եղել, նա այնպիսի գործունեություն է ծավալել իր ողջ կյանքի ընթացքում, որ չհիշելու որեւէ առիթ չի տվել: Նա իր բարքերով, իր ամենօրյա հետեւողական գործունեությամբ կարողացել է` բոլորիս հիշվելու պարտադրանքը թելադրել:
ՀՅԴ ԿԿ անդամ Լեւոն Հայրյան
Ավաղ, վերջին ժամանակներս մեր ընկերների մասին ասված խոսքերում սկսել է ավելի ու ավելի մեծ տեղ գրավել հիշատակի մասին ասված խոսքերը, ինչը շատ դժվար է: Իրոք, դժվար է մեր կորցրած ընկերների մասին խոսելը: Այնուամենայնիվ, կա ավելի վատ բան, ինչից թող Աստված մեզ հեռու պահի: Դա այն է, երբ որեւէ մի գործչի կամ մարդու մասին նրա գնալուց հետո ասելու բան չի լինում: Այս առումով` ընկեր Վահանի մասին անվերջանալի ասելիքներ կան: Ասելիքներ կան նրա նվիրվածության մասին. նվիրվածություն հայրենիքի հանդեպ, նվիրվածություն Դաշնակցության գործին: Եւ դա հասարակ նվիրվածություն չէ, այլ նախանձելի անկեղծությամբ նվիրվածություն:
Ասելիք կա նրա կատարած շատ գործերի մասին, ասելիք կա նրա բնատուր խելքի եւ օժտվածության մասին, ասելիք կա նաեւ անգամ նրա սրամտության եւ կատակասիրության մասին: Մինչ Վահանի հետ առաջին հանդիպման մասին խոսելը` ասեմ, որ երբ Դաշնակցությունը վերադարձավ Հայաստան եւ սկսեց վերակազմակերպվել հայրենիքում, նա մեծ դեր ունեցավ այդ գործընթացներին: Դաշնակցության առաջին խմբերի կազմակերպման գործում եւ երեւի հենց նույն գործի ընթացքում էլ ծանոթացանք նրա հետ: Դա 1992 թվականի ապրիլն էր:
Հանդիպեցինք Մեծ Թաղլար գյուղում: Այդ օրը մեր մարտական ընկերներից մեկի թաղումն էր, եւ Վահանը ներկա էր թաղմանը: Հետո, երբ հավաքված քննարկում էինք ազգային ազատագրական պայքարի տվյալ փուլի հարցերը ընկեր Վահանի եւ Հադրութի դաշնակցական ընկերների հետ, այդ ժամանակ մեր ընկեր Արթուր Աղաբեկյանը մի պահ ընդհատեց մեր քննարկումները եւ դիմեց ինձ հարցով, թե ինչու ես, որ Դաշնակցության գաղափարախոսության ամենաեռանդուն տարածողներից եմ, առայժմ չեն ընդգրկվել Դաշնակցության կառույցում:
Այստեղ բոլորն ինձ սկսեցին հանդիմանել, եւ հարց դրվեց կուսակցության շարքերն ընդունվելու մասին: Այստեղ ընկեր Վահանն առաջարկեց` լինել ինձ կնքահայր: Ես տվեցի իմ համաձայնությունը, եւ ընկեր Վահանի գլխավորությամբ ու քավորությամբ կազմակերպեցին իմ ընդունելությունը Դաշնակցության շարքերը: Այսօր ինձ համար ուրախալի է ասել, որ իմ կնքահայրերից մեկը եղել է ընկեր Վահանը, եւ ավելին` ես երդումս տվել եմ նրան պատկանող զենքի վրա: Սակայն դառնանք Վահանին` որպես քաղաքական գործիչ, եւ նորից նշենք նրա անկեղծ նվիրվածությունը Դաշնակցության եւ հայության ազնիվ գործին: Այդպիսի անկեղծ նվիրվածություն ունենում են մանուկներն` իրենց մանկական խաղերի մեջ: Հետագայում, ցավոք, մեծանալով` մենք բոլորս հաճախ սկսում ենք քաղաքականացնել մեր անկեղծությունը: Իսկ Վահանն այդպես չէր:
Եւ քանի նվիրված ենք նույն գործին, եւ այսօր Վահանը չկա, ուստի ես Վահանի պարագայում էլ կուզեի կրկնել Զահրատի տողերը. «Խաղը կիսատ թողեցիր. չեղավ ասիկա…»: Վահանը խաղը կիսատ է թողել, բայց չի կարելի ասել, որ նա քիչ է աշխատել: Մեր նորօրյա պատմության մեջ քիչ ունենք քաղաքական գործիչներ, ովքեր նրա չափ աշխատած լինեն, այսինքն` նա գործին պարտք չի մնացել: Մենք ենք մեր պայքարում զգալու նրա պակասը, մենք ենք զգալու նրա սկզբունքայնության պակասը, բայց Դաշնակցությունը, առավել եւս` նրա երիտասարդ թեւը, անպայման իր մեջ ուժ կգտնի` նրա եւ բոլորիս կենդանի գործը շարունակելու` ի փառս եւ ի բարօրություն հայ ազգի: Ընդ որում, Վահանին եւ մնացած մեր ընկերներին, որոնք այսօր մեզ հետ չեն, պետք չէ հիշել` որպես ֆետիշներ, այլ` որպես կենդանի գործի ռահվիրաներ եւ օրինակներ:
Քանի որ բոլորին հայտնի է նրա կատակասիրությունը, եւ մենք էլ շեշտեցինք նրա այդ հատկությունը, մի փոքրիկ դրվագ պատմեմ: Երբ 2008թ. Դաշնակցությունը որոշեց նախագահության իր երկու թեկնածուների համար համընդհանուր ուսումնասիրություններ անցկացնել, Երեւանում տեղադրվեցին վրաններ, որտեղ ժողովուրդը մտնում եւ քվեարկում էր, թե Դաշնակցությունից ում թեկնածությանն են կողմ նախագահական ընտրություններին մասնակցելու համար` Արմեն Ռուստամյանի, թե Վահան Հովհաննիսյանի: Ընկեր Վահանին մոտեցավ Դաշնակցության հանդեպ ոչ բարեկամական տրամադրված մի լրագրող` ուզենալով անպայման մի բացասական էլեմենտ նկատել, եւ հարց տվեց` որտեղից ձեզ այսքան վրաններ: Խանասորի արշավանքից են մնացել` պատասխանեց ընկեր Վահանը:
Ընկեր Վահանին մենք կհիշենք` որպես անփոխարինելի ընկեր: Եւ, իրոք, նա այդպիսինն էր: Բայց ինչ վերաբերում է գործին` իհարկե, այն գործը, որն ինքն էր անում, ուրիշ մեկն այն անել չի կարող: Բայց, քանի որ գործը պետք է արվի, Դաշնակցությունը նրա գործը կիսատ չի թողնի: Եւ, ինչպես Պետրոս Սեմերջյանի մասին երգում է ասված «Ահա հանգիստ հող կմտնեմ, Հույսս դուք եք, ընկերներ, Շարունակեք մեր սուրբ գործը, Դաշնակցության վեհ քաջեր»:
Այն սերմերը, որ ինքն է ցանել, Հայաստանի քաղաքական դաշտում առողջ ծիլեր են տվել: Եւ հենց այդ ծիլերը կդառնան ամուր ծառեր ու կշարունակեն «հսկա կաղնիի» գործը:
Անի ԱԶԱՏՅԱՆ