Միշտ պատրաստ ենք մեր օժանդակությունը ցուցաբերել հերոսական Արցախին. Մարալ Մասերեջյան
2006 թվականից Լիբանանի ՀՅԴ կառույցի ‹‹Արցախ ֆոնդ›› կազմակերպությունը սկսեց գործել Արցախի` հիմնականում վերաբնակեցված և ազատագրված շրջաններում:
Անցած 9 տարիներին Քաշաթաղի շրջանի մի քանի հարյուր ընտանիքներ օգտվել են ‹‹Արցախ ֆոնդ››-ի ‹‹Նոր կյանք՝ նոր հույս›› ծրագրից: Վերջերս հերթական այցով Արցախում էին ‹‹Արցախ ֆոնդ››-ի ներկայացուցիչները: Եկել էին իրականացնելու նոր հատկացումներ և նախորդ տարվա ծրագրի ստուգումներ: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ‹‹Արցախ ֆոնդի›› ներկայացուցիչ Մարալ Մասերեջյանի հետ մեր թղթակցի հարցազրույցը:
— Ո՞րն է ‹‹Նոր կյանք՝ նոր հույս›› ծրագրի հիմնական նպատակը:
— Հիմնական նապատակն է՝ օգնել Արցախի, հատկապես ազատագրված և վերաբնակեցվող տարածքների՝ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին՝ իրենց դիմումի համաձայն անհատույց տրամադրելով կթան կով՝ երեք տարի այն չմորթելու և չվաճառելու պայմանով: Անցած տարիներին մոտ 800 ընտանիք օգտվել է այս ծրագրից:
— Այս անգամ դուք եկել եք համեմատաբար մեծ խմբով՝ 6 հոգով, ո՞րն է պատճառը:
— Ինձ հետ Արացախ են ժամանել 5 կամավորոկաններ՝ Վարդան Մամիկոնյան, Հակոբ Թիրզյան, Գևորգ Պասմաճյան, Մկրտիչ Սարգիսյան և Վազգեն Յակոբյան՝Լիբանանի տարբեր շրջաններից: Այս տարի աշխատեցինք 2 խմբով՝ 3 հոգի՝ Քաշաթաղում, երեքը՝ Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի և Հադրութի շրջաններում: Մեկ շաբաթվա ընթացքում հասցրեցինք 165 ընտանիքների հատկացնել անասուններ: Որոշ ընտանիքների, իրենց ցանկությամբ, հատկացվել է մանր եղջերավոր անասուն, խոզ: Այս անգամ Քաշաթաղի շրջանում մեր ծրագրից օգտվեցին մոտ 107 ընտանիք, իսկ մնացած շրջաններում՝ ընդհանուր 58 ընտանիք: Անցած ծրագրով 4 ընտանիք անասուն չէր ստացել, այս անգամ նրանք նույնպես օգտվեցին ծրագրից:
— Ինչպե՞ս է իրականացվում դրամահավաքը, որն ուղղվում է ‹‹Արցախ ֆոնդ››-ի ծրագրերի իրականացմանը:
— Յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին Լիբանանի հայկական ռադիոյի միջոցով կազմակերպվում է հանգանակություն, և շատերը հատկացումներ են կատարում մեր ֆոնդին: Ուրախալի է, որ Լիբանանի ողջ հայությունն է մասնակցում հանգանակությանը, նույնիսկ՝ դպրոցականները: Բացի այդ, տարվա ընթացքում ՀՅԴ օրգան ‹‹Ազդակ›› օրաթերթի միջոցով տրվում է հայտարարություններ:
— Ովքե՞ր են կամավորականները, որ մասնակցում են այս աշխատանքներին Արցախում:
— Լիբանանի տարբեր մասերից ՀՅԴ անդամները, հաճախ նաեւ համակիրներ, ովքեր այդ հարցով դիմում են ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե: Կոմիտեն որոշում է, թե ով պիտի մասնակցի: Կամավորների գործուղման ծախսերը հոգում է ՀՅԴ կառույցը: Յուրաքանչյուր տարի նոր մասնակիցներ են գալիս Արցախ: Այս անգամ էլ, բացի Վարդանից, մնացածն առաջին անգամ են հայրենիքում: Ասեմ, որ նրանց համար մեծ փորձություն է լինել Արցախում և մասնակցել նման դժվար, բայց պատասխանատու և հայրենանվեր աշխատանքների: Տղաներն արդեն մեկնել են Արցախից և ոգևորված են, նրանք ցանկություն հայտնեցին՝ նորից կմասնակցեն ծրագրի աշխատանքներին:
— Բացի անասուն հատկացնելուց, ուրիշ ինչպիսի՞ գործունեություն է իրականացնում ‹‹Արցախ ֆոնդ››-ը մեր երկրում:
— Մենք իրականացնում ենք նաև ‹‹Գույք՝ Արցախի դպրոցներին›› ծրագիրը՝ դպրոցներին հատկացնելով որոշակի գույք և համակարգիչներ: Մոտ 10 դպրոց, այդ թվում նաև Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի Թ. Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցն այսօր մեր օժանդակությամբ ունեն համակարգչային կաբինետ: Համագործակցելով Արցախի Կրթության և գիտություն ու Պաշտպանության նախարարությունների հետ՝ յուրաքանչյուր տարի լիբանանահայ մի քանի տասնյակ դպրոցականներ են մասնակցում ‹‹Ասպետ›› ռազմամարզական ճամբարին (այս տարի մասնակցել են 16 հոգի): Այստեղ Լիբանանից եկած հայ տղաները ծանոթանում են արցախցի իրենց հասակակիցների հետ, ընկերանում, այցելում են Արցախի տարբեր վայրեր, ճանաչում հայրենիքը: Կովսական քաղաքում իրականացնում ենք Կանանց համագործակցություն ծրագիրը: Մեր հատկացրած նյութերով կանայք ձեռքի աշխատանքներ են ստեղծում, որոնցով Լիբանանում կայանում է ցուցահանդես-վաճառք, և գումարը հատկացվում է նրանց:
Կովսականում գործող ‹‹Թաթուլ›› ազգագրական երգի-պարի համույթին հատկացրել ենք միկրոավտոբուս, երաժշտական սարքավորումներ:
— Ինչպե՞ս է օժանդակում շրջանի ղեկավարությունը ծրագրի իրագործմանը:
— Բնական է՝ մեծ է աջակցությունը շրջվարչակազմի ղեկավարի եւ այլ պատասխանատուների կողմից: Մեզ տրամադրվում է մեքենա, վառելիք՝ գյուղեր մեկնելու համար: Ցանկալի է, որ համայնքների ղեկավարներն էլ սիրով օգնեն մեզ: Որոշ համայնքներում մեզանից պահանջում են անասունի գումարը հատկացնենք ընտանիքին, սակայն մեր այստեղ գալու հիմնական նպատակն է, որ անձամբ գնենք կենդանին և հատկացնենք տվյալ ընտանիքին, իսկ գումարը վաճառողին է հասնում բանկի միջոցով:
— 2016 թվականին քանի՞ ընտանիք պետք է օգտվի այս ծրագրից:
— Երեք և ավելի երեխա ունեցող, մեր ծրագրից չօգտված ընտանիքների ցուցակը մեզ հատկացնում է պետությունը, և ուրախ ենք, որ ավելանում է երեխաների թիվը: Շուտով կճշտվի նոր ընտանիքների քանակը, և մենք միշտ պատրաստ ենք մեր փոքր օժանդակությունը ցուցաբերել հերոսական Արցախին, ազատագրված հայրենիքում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին:
Հարցազրույցը՝ Զոհրաբ Ըռքոյանի