Մեր ուժը միասնականության մեջ է
Ինչո՞ւ է Արմեն Ռուստամյանը գլխավորում արտահերթ խորրդարանական ընտրություններում ՀՅԴ համապետական ցուցակը: «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդմանը հյուրընկալված ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քաղաքացու այս հարցին պատասխանել է, որ դա եղել է կուսակցության որոշումը, ինչպես նախորդ տարի։
«Գիտեք, որ 2017 թվականին մենք դրել են խնդիրներ՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» հայտնի կարգախոսով, որն ընթացքի մեջ է։ Այդ ժամանակ մենք առիթ ունեցանք մեր ժողովրդին ներկայացնելու, թե որն է Դաշնակցության առաքելությունը, որը դեռ պետք է շարունակվի։ Այն ժամանակ էլ ես էի ղեկավորում ցուցակը։ Կարծում եմ՝ այդ տրամաբանությունը պահպանելով է, որ կուսակցությունը նման որոշում է կայացրել»,- ասել է նա:
Ռուստամյանը շեշտել է, որ, այնուամենայնիվ, այստեղ ղեկավարելու խնդիր չկա։ «Մեր կուսակցության մեջ ընդհանրապես ղեկավարներ չկան, ՀՅԴ-ն կոլեգիալ ղեկավարվող կուսակցություն է, ամբողջական մեկ թիմ է, որտեղ ամեն մեկն իր ուրույն դեմքն ու դիմագիծը, իր ոճն ու տրամաբանությունն ունի»,- ասել է նա։
Հարցին, թե ցուցակը գլխավորելու` կուսակցության որոշման մեջ կարևորվե՞լ է, արդյոք, ԱԺ-ում իր փորձը, պատգամավորը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո։ Իմ փորձը միայն ԱԺ-ում չէ։ Չգիտեմ՝դա լավ է, թե՝ վատ, բախտավորություն է, թե՝ ոչ այնքան, կարելի է ասել, որ 30 տարի քաղաքական պայքարի մեջ եմ։ 1988 թվականի մեր համազգային շարժումը բոլորին, այդ թվում՝ նաև ինձ, կտրեց հիմնական զբաղմունքից։ Ես մասնագիտությամբ ֆիզիկոս եմ, և այդ օրերին գիտության մեջ էի խորացած, բայց կյանքը ստիպեց, որ զբաղվենք ազգային հարցերով և, մեզանից անկախ, դարձանք քաղաքական գործիչ։ Իհարկե, 30 տարվա այդ փորձառությունը հիմա շատ կարևոր է, որովհետև մեր կուսակցությունը, իրավունք ունեմ ասելու, քաղաքական դաշտում լինելով ամենափորձառուն, ցանկացած քայլ կատարելիս նախևառաջ ամբողջ պատմական ընթացքի վրա է այն տեղավորում և դրա հետ համեմատելով է նայում՝ ճի՞շտ է, թե՞ սխալ»։
Ռուստամյանի խոսքով՝ Դաշնակցությունը մյուսների նման չէ, որ այսօր ինչ-որ բան ասի, վաղը նրանից պատասխան չպահանջեն։ «Շատ հաճախ անձի շուրջ ստեղծված կուսակցություններ են։ Անձ է` այսօր մի բան կասի, վաղը՝ ուրիշ բան։ Խոսքը չի էլ գնում երկար, տարիներ շարունակ նույն բանն ասելու մասին, մարդիկ կան, որ օրումեջ տեսակետ են փոխում։ Հաճախ մեզ էլ են փորձում դա վերագրել՝ առանց խորամուխ լինելու, որ Դաշնակցությունն իր ծրագրերի և մոտեցումների մեջ անշեղ է եղել։ Դաշնակցության գաղափարական և քաղաքական ընդհանուր ուղեգիծը միշտ մնացել է նույնը։ Եվ այս 30 տարվա ընթացքում, իմ տեսակետն ու մասնակցությունը ունենալով, վստահաբար կարող եմ ասել, որ չկա տեղ, որ որևէ մեկը կարող է ապացուցել, որ Դաշնակությունը շեղվել է իր ասածներից և ուղեգծից։ Հնարավոր է` եղել են քայլեր, որ մեկը տակտիկական առումով սխալ է համարել: Մենք մեր ամենամեծ քննադատն ենք։ Դաշնակցության ուժը հենց դա է, որ, ամեն փուլ ամփոփելով, անգամ՝ ոչ միայն պատմական, այլ նաև ամեն մի քաղաքական իրադարձություն մեր կուսակցության մեջ շատ լուրջ քննարկումների առարկա է դառնում։ Մենք ամեն քայլը փորձում ենք կատարել համոզումով, միասնական: Սա է մեր ուժը»,- նշել է նա։
Ռուստամյան կրկնել է, որ որոշումները Դաշնակցության մեջ կայացվում են ժողովրդավարությամբ՝ լայն քննարկումների արդյունքում, բոլորն ազատ են իրենց տեսակետները ժողովների ժամանակ ներկայացնել, կարող են իրենց մոտեցումները պաշտպանել՝ անկախ կուսակցական հանգամանքից, բայց երբ որոշումներն ընդունվում են, բոլորն էլ պարտավոր են այդ որոշումները կատարել անշեղորեն։ Նա խոստովանել է նաև, որ եղել են նաև դեպքեր, որ իր սրտով չեն եղե դրանքլ, բայց որոշումը կատարել է։
«Շատ հաճախ պարզվել է, որ դու տեսակետում սխալվում էիր, և մեծամասնության ասածն, այնուամենայնիվ, ավելի ճիշտ էր։ Միշտ էլ կարելի է ցանկացած որոշում, քայլ քննադատել, այն էլ՝ ռետրոսպեկտիվ, այսինքն՝ անցնում է մի 100 տարի, հետ են գնում ու, այդ օրերի մեջ չլինելով, սկսում են որոշել՝ Դաշնակցությունն այն ժամանակ ճի՞շտ է իրեն պահել, թե՞ սխալ՝ առանց խորամուխ լինելու պայմանների և իրավիճակի նրբությունների մեջ։ Ես վստահ եմ, որ Դաշնակցության հիմքերն այնքան անաղարտ են, և այնքան նվիրյալներ կան մեջ կուսակցության մեջ, որ միայն դա բավարար է՝ ստիպելու հարգել այս կուսակցությունը»,- ասել է պատգամավորը։
Ռուստամյանը նաև ընդգծել է, որ Դաշնակցությունը բազմաթիվ մեծեր է տվել, անգամ անուններ կան, որ շատեր տեղյակ չեն, որ նրանք դաշնակցական են եղել։ «Օրինակ՝ Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Ավետիք Իսահակյան, դեռ չեմ խոսում կարկառուն դաշնակցականների մասին՝ Դրո, Արամ Մանուկյան և այլն։ Այդ մարդիկ պատահական չէ, որ մտան Դաշնակցության մեջ և շատ մեծ դեր խաղացին, որ ամրապնդվի այս կառույցը` իր պլատֆորմով, մանիֆեստով, ծրագրերով, կանոններով, կանոնագրով, որը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվում, որովհետև ժամանակի փորձությունն է անցել»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչը։
https://youtu.be/kzSebIsRpG4