Մեղրի տոն` Քարվաճառում
Գլխավոր » Լրահոս » Մեղրի տոն` Քարվաճառում

Մեղրի տոն` Քարվաճառում

Արցախի Շահունյանի շրջանի մեղրն առանձնանում է իր յուրահատուկ համ ու հոտով: Բացի դրանից, շրջանը հարուստ է պատմաճարտարապետական, բնական հուշարձաններով, որոնք ճանաչելի դարձնելու, վերհանելու խնդիր կա: Սրանք պատճառների միայն մի մասն են, որոնց դրդմամբ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը նախաձեռնել է Քարվաճառում կազմակերպել մեղրի փառատոն:

Գագիկ Մարտիրոսյանի խոսքով` պակաս նշանակություն չունի նաև հարցի քաղաքական կողմը: «Ուզում եմ, որ մեր հարևանները ևս մեկ անգամ տեսնեն, որ այստեղ ժողովուրդը կպած է հողին, ապրում-արարում է և ուրախանում իր արտադրածով»,- ասել է Գագիկ Մարտիրոսյանը` հույս հայտնելով, որ  Հայաստանում և Արցախում մեծ համբավ ունեցող շրջանի մեղրը կհաջողվի իրացնել այլ երկրներում ևս:

«Կազմակերպական մեծ աշխատանք է տարվել փառատոնն իրականություն դարձնելու համար: Սա դեռ սկիզբն է, հույս ունեմ երկրորդ տարին ավելի ընդգրկուն կլինի միջոցառումը: Սա նաև տնտեսականն լավ հարթակ է նոր բիզնես ծրագրերի, գաղափարների ծագման համար, որոնք հնարավոր կդարձնեն շրջանի մեղրի և ընդհանրապես շրջանի կարողությունների հանրահռչակումը»,- նշել է Գագիկ Մարտիրոսյանը:

Արցախի տարբեր շրջանները և Շահունյանի շրջանի գյուղերը ներկայացնող մոտ 70 տաղավարներում արտադրողները այցելուների ուշադրությանն են հրավիրել գյուղատնտեսական տարբեր արտադրանքներ, ճաշատեսակներ և իհարկե մեղր:

Շահումյանի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Վարսիկ Կաֆյանը նշել է, որ միջոցառման մշակութային մասին մասնակցում էին Արցախի բոլոր շրջանների համույթները` բացի Ասկերանի շրջանից:

Ըստ նրա` փառատոնի նպատակն է Արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումն ու տարածումը, ինչպես նաև ազգային ավանդույթների, սովորույթների, ազգագրական առանձնահատկությունների հանդեպ հոգացության և հարգանքի արմատավորումը:

«Սա նաև լավ հարթակ է Արցախի շրջանների գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար ներկայացնելու իրենց սեփական արտադրանքը»,- ասել է Վարսիկ Կաֆյանը:

Քարվաճառի քաղաքապետ Սերգեյ Չիլինգարյանը նշել է, որ շրջանի բարձր սարերի մեղրը լավագույններից մեկն է, բնակչության մեծամասնությունը մեղրի սեփական արտադրությունն ունի, իսկ ցուցադրությունը կարող է նպաստել արտադրողականության և արտահանման բարձրացմանը:

 

Փառատոնի բոլոր տաղավարներով շրջել և ցուցադրված արտադրանքներին է ծանոթացել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը մեղվաբուծության զարգացումն Արցախում համարել է հեռանկարային ոլորտներից մեկը՝ այս համատեքստում կարեւորելով նման միջոցառումների անցկացումը:

Միջոցառմանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, նախարարներ, Արցախի շրջվարչակազմի ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ողջունել է մեղրի փառատոն անցկացնելու  Շահումյանի շրջանի վարչակազմը նախաձեռնությունը: «Շահումյանի շրջանը ամենահյուսիսային, ռազմավարական  առումով խիստ կարևոր, պատմամշակութային ժառանգությամբ հարուստ տարածաշրջան է: Փառատոնը փորձ է, որպեսզի շրջանի կարողությունը ցույց դրվի և ակտիվանա թե զբոսաշրջիկների և թե ընդհանուր տնտեսավարողների հոսքը: Մեղրի փառատոնը ուղղված է նրան, որպեսզի հայության կենցաղ մտած կենսամթերքներից մեկը, կենցաղից դուրս բերի և դառնա մշակույթ»,- ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը` ավելացնելով, որ համակարգված աշխատանք տանելու դեպքում փառատոնը հնարավոր է դարձնել ամենամյա:

Տաթևիկ Աղաջանյան

1