Մահացել է Ֆիդել Կաստրոն
Կուբայի իշխանությունները իննօրյա սուգ են հայտարարել կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ, հայտնում է «Փրանս Փրես» գործակալությունը։
Հայտնում են, որ սուգը կսկսվի նոյեմբերի 26-ին ու կավարտվի դեկտեմբերի 4-ին։
Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացել է 90 տարեկանում նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 22։29-ին, այս մասին նրա եղբայրը, Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտնել է պետական հեռուստատեսությամբ։
Կուբայի հեղափոխական, պետական ու քաղաքական գործիչ Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926-ի օգոստոսի 13-ին։ 1976-ի դեկտեմբերից, 30 տարի եղել է Կուբայի պետական խորհրդի ու նախարարների խորհրդի նախագահը, եղել է նաեւ Հեղափոխական զինված ուժերի ու երկրի Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։