ՃԱՄԲԱՐ, ՈՐ ԿԱՄՈՒՐՋ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ
Գլխավոր » Լրահոս » ՃԱՄԲԱՐ, ՈՐ ԿԱՄՈՒՐՋ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ

ՃԱՄԲԱՐ, ՈՐ ԿԱՄՈՒՐՋ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ

Հուլիսի 30-ին Մարտունու հ.1 միջնակարգ հոսքային դպրոցում մեկնարկել է ՀՅԴ Զավարյան ուսանողական միության /ԶՈՄ/ նախաձեռնած <<Դեպի երկիր>> նշանաբանով ճամբար` նվիրված ԶՈՄ-ի հիմնադրման 115-ամյակին:

Մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ճամբարի պատասխանատու Հրագ Գարամինասյանը նշեց, որ ճամբարը Մարտունիում արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է: Ճամբարի նպատակն է` օգտակար լինել Արցախի պատանիներին, նրանց փոխանցել իրենց գիտելիքները և ամրագրել ազգային նկարագիրը` նպաստելով միասնական հայրենիքի կառուցմանը:

-Այս ծրագիրը մեզ` սփյուռքահայ երիտասարդներիս համար հնարավորություն է ճանաչել ու իմանալ Հայրենիքի այս հրաշք մասնիկի` Արցախ աշխարհի գողտրիկ վայրերից մեկը` Մարտունին և ամրապնդել կապը հայրենակիցների հետ: Դեռ ավելին` ճամբարը յուրօրինակ կամուրջ է ստեղծում Սփյուռքի, Հայրենիքի և Արցախի երիտասարդների միջև,- նշում է զրուցակիցս և ասում, որ ինչպես Բեյրութի, այնպես էլ Մարտունու հասարակությունը հյուրասեր ու կատակասեր է, ինչը նրան հոգեհարազատ է ու շատ է դուր գալիս: Հավելում է, որ Մարտունու երեխաների մեջ ամենից շատ գնահատում է ընկերասիրությունը, խելացիությունն, համեստությունն ու ճարպկությունը:

Զրուցակիցս առաջին ագամ է Մարտունիում: Նա վաղուց էր երազում լինել այստեղ, բայց հնարավորությունը հիմա է ընձեռվել, ինչի համար անչափ ուրախ է:

Չնայած ճամբարը նախատեսված է 50-70 պատանիներ ու աղջիկներ համար, բայց ընդգրկված է շրջանի թվով 85 ճամբարական:

Ճամբարը բացվում է առավոտյան ժամը 9:00-ին, ՀՅԴ և Արցախի պետական օրհներգերով, ավարտվում` 15:00-ին, նույն օրհներգերի հնչունների ներքո: Ժամը 13:00-ից մինչև ժամը 14:30-ը ճամաբարականների ընդմիջման ժամն է: Նրանց տրվում են սենդվիչներ և հյութեր:

Ճամբարի պատասխանատու Հրագ Գարամինասյանի հավաստմամբ` ճամբարականների առօրյան հագեցած ծրագրով է ընթանում: Դասախոսությունների միջոցով ճամբարականներին ծանոթացնում են ՀՅԴ պատմությանը և հայ հեղափոխական զարթոնքի մասին, սովորեցնում են երգեցողություն, ազգային պարեր, ավանդական խաղեր, կազմակերպում` մարզական մրցումներ, նամակագրություններ:

Ճամբարականների հետ դասընթացները տարվում են երեք խմբում` երեք խմբապետների կողմից: Խմբերը կրում են ՀՅԴ հիմնադիրների` Քրիստափոր Միքայելյանի, Ռոստոմի /Ստեփան Զորյանի/ և Սիմոն Զավարյանի անունները:

Օգոստոսի 3-ին ավարտվեց ճամբարի առաջին փուլը:

Երկշաբաթյա ճամբարի երկրորդ փուլը մեկնարկեց այսօր` օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի 10-ը:

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

<<Ամարաս>> թերթ

 

 

 

 

 

1