Ձմեռ պապ. «Թող այլեւս սահմանին ոչ մի հայ զինվոր չզոհվի»
Գլխավոր » Հասարակական » Ձմեռ պապ. «Թող այլեւս սահմանին ոչ մի հայ զինվոր չզոհվի»

Ձմեռ պապ. «Թող այլեւս սահմանին ոչ մի հայ զինվոր չզոհվի»

Նոր տարվա ամենասպասված հյուրը, հատկապես մանուկների համար, Ձմեռ պապիկն է, որի գալստյան հետ կապվում են նրանց երազանքները: Երեւի թե  մեզանից յուրաքանչյուրն  էլ իր կյանքում երբևէ հավատացել է  Ձմեռ պապի գոյությանը, նամակներ գրել նրան, սպասել Ամանորի հրաշքին: Նոր տարին համընդհանուր սիրված տոն է:

 

Գենա Առուշանյանն արդեն 5  տարի է, ինչ աշխատում է որպես Ստեփանակերտ քաղաքի  Ձմեռ պապ: Նա մասնակցում է քաղաքի գլխավոր տոնածառի բացման հանդիսավոր արարողությանը, ամանորյա միջոցառումներին,  այցելում է դպրոցներ, մանկապարտեզներ ու տարբեր հաստատություններ, նաեւ տանն է այցելում մանուկներին, հանձնում նվերներ:

 

Գենան սիրով է կատարում Ձմեռ պապիկի դերը, աշխատում իրական երեւալ, որպեսզի երեխաներն իսկապես հավատան Ձմեռ պապի գոյությանը: Սա էլ, իրավ, դժվար «մասնագիտություն» է, որ ոչ բոլորը կարող են ստանձնել:

 

 Նոր տարվա շեմին aparaj.am-ը հյուրընկալեց Ձմեռ պապին և փորձեց գտնել մի քանի հետաքրքրող հարցերի պատասխաններ:

 

-.Ինչպես գիտենք, արդեն մի քանի տարի է Ստեփանակերտ քաղաքի Ձմեռ պապն եք: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ դա էլ յուրովի մասնագիտություն է: Դժվա՞ր չէ արդյոք հանդես գալ որպես Ձմեռ պապ:

 

Ձմեռ պապի դերում հանդես գալով՝ պիտի նախ եւ առաջ կարողանալ շատ նուրբ մոտեցում ցուցաբերել երեխաների հետ շփման ժամանակ: Մի անզգույշ քայլ, մի անզգույշ արտահայտություն եւ կարող ես կոտրել երեխայի հավատը Ձմեռ պապի հանդեպ: Պետք է գործդ անես կատարելապես: Պետք է բոլոր երեխաներին քո ուշադրությունից մի մասնիկ տաս,  որպեսզի երեխաները զգան, որ Ձմեռ պապը բոլորին  սիրում է:

 

Երեխաների հետ պետք է խոսել երեխաների լեզվով, նրանց կողմից սիրված հեքիաթների եւ մուլտֆիլմերի հերոսների լեզվով, որպեսզի երեխայի մոտ այն տպավորությունը լինի, որ Ձմեռ պապն էլ հեքիաթից է գալիս: Այս ձեւով հեքիաթը երեխայի աչքին իրական է դառնում: Մեր ժամանակներում շատ կարեւոր է պահպանել  հեքիաթի նկատմամբ երեխաների հավատը: Ձմեռ պապն այդ առաքելությամբ պիտի մանուկներին այցելի:

 

Ժամանակակից երեխաները որքանո՞վ են հավատում Ձմեռ պապին ու Նոր տարվա հրաշքին:

 

— Իհարկե, ժամանակակից երեխաներին դժվար է ինչ-որ բանով զարմացնել: Մեր ժամանակներում մենք անգամ չգիտեինք, որ մեր ուսուցիչը կամ ուսուցչուհին հաց են ուտում, իսկ հիմա դա ծիծաղելի է: 

 

Սակայն ասել, որ այսօրվա երեխաները չեն հավատում Ձմեռ պապիկին, սխալ կլիներ: Իհարկե, շատ-շատերը հավատում են: Դա ես զգում եմ նրանց աչքերի փայլից, ուրախության ճիչերից: Շատ հաճախ նրանք ինձ ամուր գրկում են և ասում.«Ձմեռ պապ, ես քեզ շատ եմ սիրում»:

 

Այս հարցում շատ կարեւոր է նաև ծնողների դերը: Յուրաքանչյուր ծնող պետք է իր երեխային պատմի Ձմեռ պապի մասին որպես իրական հերոսի, ով  կատարում է նրանց երազանքները:

 

Երեխաներից նամակներ ստանու՞մ եք, ի՞նչ են խնդրում երեխաները Ձմեռ պապիկից:

 

Իհարկե, առաջ ավելի շատ էին գրում Ձմեռ պապիկին, բայց հիմա էլ նամակներ ստանում եմ: Երեխաները հիմնականում իրենց նամակները փոխանցում են քաղաքային տոնածառի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Հիմա էլ շատ նամակներ ունեմ երեխաների կողմից: Մտածում եմ՝ շատ ավելի լավ կլիներ,եթե Ձմեռ պապն իր էջն ունենար համացանցում, որպեսզի երեխաները գրեին նրան,իսկ Ձմեռ պապը պատասխաներ: Առաջիկայում կփորձեմ աշխատել այդ ուղղությամբ:

 

Երեխաներից ստացած նամակների բովանդակությունները հաճախ նման, հաճախ էլ՝ տարբեր են: Ոմանք խնդրում են խաղալիք, ոմանք համակարգիչ եւ այլն: Չեմ կարող մոռանալ անցած տարի ստացած նամակներից մեկը: Նամակում հասցե ու ազգանուն չկար նշված, միայն երեխայի անունն էր գրված՝ Մարիա: Մարիան խնդրում էր Ձմեռ պապից, որ նա այս տարի հրաշքով տուն բերի իր հայրիկին: Նա գրում էր, որ իրեն ուրիշ բան պետք չէ: Այդ պահին մտածում էի՝ երնեկ կարողանայի…

 

-Իսկ ինչպե՞ս որոշեցիք ընտրել հենց այս «մասնագիտությունը»:

 

-Երեւի աշխարհում չկա ավելի բարի եւ ոգևորիչ բան, քան երեխայի ուրախությունն է: Երեխայի աշխարհը շատ նուրբ աշխարհ է: Ես նրանց հետ շփվելիս միշտ հիշում եմ իմ մանկությունը: Մեր ժամանակ պատերազմ էր, մեր Ձմեռ պապիկները մեզ «մոռացել էին», այլ գործով էին զբաղված:

 

 Այն մանկական անկեղծ ուրախությունը, որ մեր ժամանակ մթագնել էր արկերի պայթյուններով, ես միշտ երազել եմ  ինքս պարգեւել այսօրվա երեխաներին: Չեմ կարող բառերով բացատրել զգացողություններս:

 

-Ի՞նչ է մաղթում Ձմեռ պապն Արցախին ու Արցախի մանուկներին:

 

-Ձմեռ պապիկը շատ է սիրում իր Արցախ աշխարհը եւ գիտի, որ մի օր Արցախը կհասնի իր նվիրական երազանքին՝ մայր Հայաստանին միավորմանը, միացյալ Հայաստանի ստեղծմանը: Թող այս նոր՝ 2015 տարում մենք ազգովի մի նոր քայլ անենք դեպի այդ նվիրական երազանքը: Թող 2015-ին ծնված մանուկներն իրենց ողջ կյանքի ընթացքում չիմանան, չլսեն պատերազմի մասին: Թող սահմանին այլեւս ոչ մի հայ զինվոր չզոհվի եւ խաղաղությունը հարատեւի:

 

                                                                                                                                                                                                                                                                 Հարցազրուցը՝ Հերմինե ԱՎԱԳՅԱՆԻ

 

 

1