ՀՅԴ-ն չի բացառում սցենարը, որով Հայաստանի առաջին նախագահը հեռացվեց իշխանությունից
ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի հարցազրույցը russia-artsakh.ru կայքին
Հայ դատը՝ որպես կազմակերպություն, ծնվեց Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո: Խնդիրներից մեկը հայերի զանգվածային ոչնչացման կազմակերպիչներին պատժելն էր՝ ֆիզիկական ոչնչացման միջոցով, երբ օրինական ճանապարհով նրանց պատասխանատվության ենթարկելու հնարավորություն չկար: Հայ դատը դարձավ արդեն 130-ամյակին մոտեցող Հայ Յեղափոխական Դաշնակցության գլխավոր գաղափարախոսությունը: Օրերս Մոսկվայում ՀՀ դեսպանատանն անցկացվեց գիտաժողով՝ «Հայ դատի կենսական խնդիրները՝ ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում» թեմայով: ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը պատասխանել է մեր հարցերին:
— Ո՞րն էր «Հայ դատի կենսական խնդիրները՝ ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում» թեմայով գիտաժողովի անցկացման անհրաժեշտությունը:
— Նախ՝ քննարկվող հարցերի էությունը բացահայտում է Դաշնակցություն կուսակցության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, նաև՝ Ռուսաստանի ու Հայաստանի ռազմավարական գործընկերության ընկալումը: Բոլոր մակարդակներում Ռուսաստանի ու Հայաստանի ռազմավարական գործընկերության էությունն ավելի հստակեցնելու անհրաժեշտություն է առաջացել: Այն վերջին շրջանում ստվերվում է, լռության մատնվում, ներկայացվում այնպես, կարծես դա բեռ է Հայաստանի համար, ինքնին ենթադրելի երևույթ, ինչն, իհարկե, այդպես չէ: Հարկավոր են միմյանց ընդառաջ քայլեր, եթե անհրաժեշտ է, ապա նաև՝ կոմպրոմիս: Այդ ռազմավարական գործընկերության շնորհիվ է Հայաստանի ազգային անվտանգությունն այսօր ամենաբարձր մակարդակին հասել:
Հայաստանում տեղակայված «Իսկանդեր» համալիրների շնորհիվ հայկական բանակը հնարավորություն ունի հարվածներ հասցնելու Ադրբեջանի ամբողջ տարածքում գտնվող կարևորագույն հաղորդակցուղիներին: Հակաօդային, հակահրթիռային համատեղ համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի, ի դեպ՝ նաև Արցախի երկինքը պահել լիակատար պաշտպանված ու անվտանգ: Հայաստանը սեփական ուժերով դեռ երկար տարիներ չէր կարողանա նման արդյունքի հասնել: Չնայած Ադրբեջանի մեծ ռազմական բյուջեին ու տարատեսակ զինատեսակների մշտական գնումներին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների ոլորտում, այնուամենյանիվ, պահպանվում է հավասարակշռությունը: Անդամակցությունը ՀԱՊԿ-ին հնարավորություն է տալիս Հայաստանին գնելու նորագույն ռազմական տեխնիկա և զենք ներռուսաստանյան գներով՝ մոտ 3 անգամ էժան, քան վճարում է Ադրբեջանն իր մատակարարներին:
Խնդիրները, որոնք իր առջև դնում է Հայ դատը, արդիական են նաև այսօր, ավելին՝ ընդլայնվել են ու նորացվել Արցախում ազգային-ազատագրական պայքարի հետ, որը սերտորեն կապված է Հայ դատի հիմնական հարցի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: Ցեղասպանության սպառնալիքը կախված է եղել Արցախի ժողովրդի գլխին բոլոր այն ժամանակներում, երբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր: Այնտեղ չկար համալսարան, բնակչությունը մշտապես արտագաղթում էր, ինչի հետևանքով բնակչության աճը դանդաղում էր: Չկար լուրջ արդյունաբերություն, որը կարող էր խթան լինել կենսամակարդակի բարձրացման համար: Այսինքն՝ Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացումը կանխամտածված արգելակվում էր: Եթե Արցախը Ադրբեջանի կազմում լավ, հարմարավետ ապրեր, դժվար թե դուրս գար Ադրբեջանի կազմից առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում: Այդ պատճառով ՀՅԴ-ն աջակցեց և ամեն բանում օգնեց Արցախին անկախության համար պայքարում:
Հնարավոր է՝ դեռ երկար տարիներ ընթանան հակամարտության կարգավորման բանակցությունները, սակայն մի բան հստակ է՝ Արցախն այլևս երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Դա կարևոր է ոչ միայն աշխարհաքաղաքական տեսանկյունից, այլև՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի կողմից ակտիվ աշխատանք է տարվում պանթյուրքիզմի և «նեոօսմանիզմի» տարածման ուղղությամբ: Նպատակաուղղված աշխատանք է գնում նորանոր տարածքներ յուրացնելու ուղղությամբ. եթե՝ ոչ ռազմական ճանապարհով, ապա՝ տնտեսական լծակների գործադրմամբ: Թուրքիայի ազդեցությունը կտրուկ աճել է Վրաստանում, Աջարիայում, որտեղ թուրքական բիզնեսը մրցակիցներ չունի: Եվ Հայաստանը բնական պատնեշ է պանթյուրքական ծավալապաշտության համար:
Ռուսաստանին ևս մտահոգում են այդ գործընթացները. փակվել և արգելվել են Թուրքիայի կողմից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունները, կազմակերպությունները: Եվ պայքարը պանթյուրքիզմի դեմ շարունակվում է: Այդ պատճառով Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են ոչ միայն ռազմական ոլորտում, նաև՝ պանթյուրքիզմի մարտահրավերներին դիմակայելու առումով: Այստեղ մեր նպատակներն ու խնդիրները լիովին համընկնում են ռուսաստանյանի հետ: Դա այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս Դաշնակությանը աջակցելու ռուս-հայկական հարաբերություններին ու ամրապնդելու դրանք:
— Արցախի անկախությունից հետո Հայ դատի խնդիրներն ավելի գլոբալ դարձան: Եթե նախկինում ազգային գաղափարը Ցեղասպանության ճանաչումն էր, ապա ներկայումս հայերին միավորող ազգային երկրորդ գաղափարը նաև Արցախն է…
— Հայ դատի կողմից լուծվող հարցերի ու խնդիրների սպեկտրը շատ ընդարձակ է: Գլխավորը Հայաստանի պահպանումն է ժամանակակից պայմաններում, Արցախին աջակցությունը: Մեծ հաշվով՝ խոսքը հենց հայկական էթնոսի պահպանման մասին է: Բաքուն չի թաքցնում, որ Ղարաբաղն իրեն պետք է ընդամենը որպես տարածք: Թե ինչ կլինի բնակչության հետ, դժվար չէ պատկերացնել: Սակայն նրանց հարկավոր են նաև Զանգեզուրը, «Իրևանը», որոնք նրանք համարում են իրենց հողը: Նման միֆերը ներդրվում են չհասունացած ուղեղների մեջ ծայրահեղ հայատյաց քաղաքականությամբ՝ դեռևս դպրոցական նստարանից: Այդ քաղաքականությունն արդեն հանգեցրել է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն անընդհատ բախվում է անհաղթահարելի խոչընդոտների: Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» և ազգերի ինքնորոշման իրավունքի միջև խոր անդունդ է: Դրա հաղթահարումը չափազանց դժվար է:
Հարցը կարող էր հեշտությամբ լուծվել Ադրբեջանի կողմից բարի կամքի առկայության պարագայում՝ ճանաչել Արցախի անկախությունը և նրա հետ առևտրա-տնտեսական հարաբերություններ հաստատել: Սակայն դրա համար հարկավոր է մեծ կամք ու հսկայական իմաստություն, իսկ այդ հատկանիշները բնորոշ են ուժեղ, կայացած անհատներին: Ըստ ամենայնի՝ նման մարդիկ Ադրբեջանում դեռևս չկան: Ներկայիս քաղաքականության մեջ գերակշռում են շահախնդրությունը, ագահությունը, հարևանների հանդեպ հարգանքի բացակայությունը, սեփական առավելության երևակայական զգացումը: Նման «հավաքածուի» պայմաններում, ըստ արևելյան ասացվածքի՝ վատ բանջարեղենից լավ ապուր չես եփի: Հետևաբար, բանակցային գործընթացում առաջընթաց ակնկալել հարկավոր չէ: ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակիցներն էլ դժվար թե կարողանան օբյեկտիվ լուծում կայացնել: Եկեք չմոռանանք, որ Մինսկի խմբի անդամներ Ռուսաստանը և ԱՄՆ-ը լուրջ տարաձայնություններ ունեն, նրանց հարաբերություններն այնքան են շիկացել, որ դա չի կարող չանդրադառնալ ընդհանուր լուծումների վրա:Եվ այս կամ այն կողմի ցանկացած լուծում կարգելափակվի, եթե մյուս կողմին դուր չգա: Այդ իսկ պատճառով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կարևոր է հույսը դնել միայն սեփական ուժերի վրա: Պրակտիկան ցույց է տալիս, որ, չնայած մշտական սպառնալիքներին, տնտեսական ու տրանսպորտային շրջափակմանը, Հայաստանը և Արցախը ապրում ու զարգանում են: Իհարկե, սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշները կարող էին ավելի լավը լինել, եթե չլինեին խնդիրները հարևանների հետ: Սակայն մեր անվտանգությունը մենք ապահովում ենք, ապրում ենք թեև ոչ հարուստ, բայց՝ բավական արժանապատվորեն:
Կարևոր է ձեռքին ունենալ նաև պատմական փաստեր, բացահայտել, օրինակ, Կարսի պայմանագրի նշանակությունը, Լենինի և Աթաթուրքի դավադրությունը հայկական հարցում, հիշեցնել Գյուլիստանի խաղաղ պայմանագրի մասին, որով Ղարաբաղն ընդգրկվեց Ռուսական կայսրության կազմում, երբ Ադրբեջան անունով պետություն ընդհանրապես գոյություն չուներ: Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընթանում են ինտեգրման գործընթացներ, նրանք բացեիբաց ասում են, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ժողովուրդ են, որը երկու պետություն ունի: Նրանց շահերը միջազգային քաղաքականության մեջ ամբողջությամբ համընկնում են: Նրանք միմյանց աջակցում են՝ նույնիսկ երբ պարտվողական իրավիճակ է: Եվ Հայաստանի համար կարևոր է պահպանել դաշնակցային հարաբերությունները նախևառաջ Ռուսաստանի հետ:
— Վերջին շրջանում նկատվում է հարաբերությունների ջերմացում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, համագործակցություն ռազմական ոլորտում, ակտիվորեն զարգանում են տնտեսական հարաբերությունները: Կնքվել է Կասպիական կոնվենցիան, որը երկար տարիներ չէր ստացվում ստորագրել: Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի տնտեսական համագործակցությունն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Արցախի ճակատագրի վրա:
— Մենք համոզված ենք, որ Ռուսաստան-Թուրքիա և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացումը մարտավարական մակարդակում է, ունի իրավիճակային բնույթ: Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանը թեև քիչ, սակայն մրցակցում է Ռուսաստանի հետ Եվրոպա ածխաջրածիններ մատակարարելու հարցում: Մեծ հաշվով՝ Ռուսաստանին նման մրցակից հարկավոր չէ: Ադրբեջանն էլ ավելի շատ ձգտում է դեպի Թուրքիա, քան Ռուսաստան: Ադրբեջանը, ինչպեսև Թուրքիան, անհուսալի գործընկեր է: Կարծում եմ՝ ռուսաստանյան ղեկավարությունը դա գիտակցում է և իր փոխհարաբերությունները կառուցում այն հաշվարկով, որ կարող է դանակով հարված ստանալ թիկունքից: Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացումը օբյեկտիվորեն օգուտ է Ռուսաստանին, քանի որ հնարավոր կլինի հաշվարկել քայլերը, ավելի հանգիստ լինել երկրի հարավային սահմանների համար, համենյան դեպս՝ մոտակա տարիներին: Պատմական փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված բոլոր պայմանագրերը մշտապես խզվել են. Ռուսաստանն ամենաշատը պատերազմել է Թուրքիայի հետ՝ 12 անգամ: Պատահական չէ, որ Էրդողանը չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին, չէ՞ որ Ռուսաստանից առաջ Ղրիմը Թուրքիայի տիրապետության տակ էր: Այսինքն՝ երկրների միջև անհաշտ տարաձայնությունները պահպանվում են և անհրաժեշտության դեպքում կարող են առաջատար դերակատարություն ունենալ: Անշուշտ, Ղարաբաղյան հիմնախնդրի նշանակությունը Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների ջերմացման պարագայում կարող է փոքր-ինչ նվազել, սակայն Ռուսաստանի համար կարևոր է Թուրքիա-Ադրբեջանի տանդեմ դեմ ունենալ հզոր հաղթաթուղթ՝ Արցախի տեսքով՝ որպես ազդակ ու հակակշիռ: Առավել ևս, որ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել պանթյուրքիզմի քաղաքականությունից: Իսկ Հայաստանը և Արցախն այդ քաղաքականության բնական հակառակորդներն են:
— Արցախի հարցում փոքր-ինչ պարադոքսային իրավիճակ է: Վարչապետ Փաշինյանը պնդում է, որ Արցախը Հայաստան է, միևնույն ժամանակ՝ Թուրքիան և Ադրբեջանը Ղարաբաղը տեսնում են միայն Ադրբեջանի կազմում: Սակայն նույնիսկ Ադրբեջանի կազմում Արցախը բազում խնդիրներ է հարուցում՝ օրենսդրության փոփոխության, հայատյացությունից հրաժարվելու, տնտեսական հատկացումների և այլ առումներով, ինչին Ադրբեջանը պատրաստ չէ: Ինչպե՞ս վարվել:
— Եթե կարճ ասենք՝ Ադրբեջանը ցանկանում է «վերականգնել Խորհրդային միությունը» նախկին Ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքում, քանի որ միայն այդ ժամանակ էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, սակայն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները հնարավոր են միայն Արցախի նկատմամբ պատմական արդարության վերականգնման դեպքում: Ադրբեջանի պահանջները չեն համապատասխանում ո՛չ պատմական ճշմարտությանը, ո՛չ իրողություններին: Հայերի ու ադրբեջանցիների համակեցությունը Նախիջևանում ցույց է տվել, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Դարի սկզբին Նախիջևանում հայ բնակչությունը 40 տոկոսն էր: Այսօր այդ թիվը 0 տոկոս է: Ավելին՝ բացեիբաց ոչնչացվել են հայկական պատմական հուշարձանները, բուլդոզերներով գետնին են հավասարեցվել հայկական գերեզմանատները: Այդ պատճատով ադրբեջանցիների հետ համատեղ ապրելու հեռանկարը հայերի համար ոչ միայն քիչ գրավիչ է, այլև չափազանց վտանգավոր: Նախիջևանի տխուր օրինակը ղարաբաղցիների աչքի առջև է, որոնց ոմանք փորձում են համոզել մտնել Ադրբեջանի կազմի մեջ: Այսօր դա անհնար է, դա նոնսենս է:
— Որքանո՞վ է հավանական Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը:
— Այդ հավանականությունը մշտապես կա, և այն չի կարելի բացառել: Ամեն օր Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական հզորությունը, սահմանների մոտ զորավարժություններ է անցկացնում: Փորձում է վախեցնել հայկական կողմին՝ քիչ մտածելով այն մասին, որ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել լայնամասշտաբ օպերացիաների և, որպես արդյունք, փոխադարձ լիակատար ոչնչացման: Նման ելք Ադրբեջանին հարկավոր չէ, սակայն նա պետք է գիտակցի, որ եթե պայքարում է տարածքի համար, ապա Արցախն ու Հայաստանը պայքարում են ապրելու իրավունքի համար և, հանուն դրա, ամեն ինչի կգնան: Նրանց թվում է, թե, սպառազինություններն ավելացնելով, նորատիպ զինատեսակներ ձեռք բերելով, կարող են հարցը ուժով լուծել, սակայն Ղարաբաղյան պատերազմի փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական բանակի քաջությունն ու խրոխտությունը վայրկյանապես չքվում են, երբ բախվում է հմուտ հակառակորդի, նպատակաուղղված ու լավ զինված իսկական զինվորականների հետ: Մենք այսօր Հայաստանում ապրում ենք «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» ասացվածքով, և դրանից չես փախչի:
— Եվ վերջում՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ Ռուսաստանի վստահության մակարդակը լրջորեն նվազել է: Ձեր գիտաժողովը դրա ապացույցն է: Ինչպե՞ս այդ իրավիճակը կարող է ազդել Արցախի անվտանգության վրա:
— Նոր կառավարությունը չի նախանշել ու չի սահմանել իր ռազմավարությունը: Կա չհասկացվածություն, չկան հստակ առաջնահերթություններ: Նոր իշխանությունների հետ կան տարաձայնություններ, այդ թվում՝ Արցախի հարցում: Հարկավոր է, որ իշխանությունները հստակորեն նախանշեն, թե ինչպես են պատրաստվում վարվել ու լուծել Ղարաբաղյան խնդիրը, կարգավորել հակամարտությունը: Փաշինյանը պետք է բարձրաձայնի, թե ինչ է մտադիր անել, այլապես չի բացառվում սցենարի կրկնությունը, որով Հայաստանի առաջին նախագահը հեռացվեց իշխանությունից:
Էդվարդ Սախինով
russia-artsakh.ru