ՀՅԴ-ն կշարունակի իր գիծը` հանուն ազգային շահերի ու նպատակների
Այսօր երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու են նաեւ Արցախի գործող ղեկավարները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը:
«Իմ կարծիքով` այո: Ես որքան տեղյակ եմ` այո, մասնակցելու են»,- Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվեցինք` իսկ ՀՅԴ-ն որոշում ունի՞ հանրահավաքին մասնակցելու: «Հանրահավաքը հանրային միջոցառում է, ՀՀ վարչապետն էլ խոստացել է կարեւոր բան հաղորդել: Բնականաբար, հետաքրքրիր է, եւ բոլորն էլ ցանկություն ունեն մասնակցել եւ իմանալ` այդ կարեւոր բանը ո՞րն է»,- ասաց Վահրամ Բալայանը:
Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որ իր ղեկավարած կուսակցությունը ՀՀ վարչապետի հրավիրած հանրահավաքին կմասնակցի 10 հազար մարդով: Արայիկ Հարությունյանը համարվում է ՀՀ իշխանությունների կողմից հովանավորյալ թեկնածու` Արցախում հաջորդիվ կայանալիք նախագահական ընտրություններում:
Մեր զրուցակիցը նկատում է` հանրահավաքը բազմամարդ է լինելու, քանի որ հասարակության տարբեր շերտերի մոտ հետաքրքրությունը մեծ է: Բացի այդ, տարբեր երկրներից ժամանած 5 000 մարզիկներ կան այս օրերին Ստեփանակերտում: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի`ՀՀ իշխանությունների հովանավորյալ լինելուն, Վահրամ Բալայանն ասում է` համացանցից եւ լրատվամիջոցներից է տեղեկացել այդ մասին, բայց դա ապացուցող փաստեր իր ձեռքի տակ չունի:
Այսօր հայտարարություն է տարածել նաեւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա եւ իր համակիրները նույնպես մասնակցելու են այսօրվա հանրահավաքին` «հակահեղափոխական տարրերին» իրենց տեղը ցույց տալու համար: Սա ավելորդ լարվածություն կմտցնի՞ իրադարձություններում,հետաքրքրվեցինք Վահրամ Բալայանից:
Պատասխանն այսպիսին էր. «Ես, ապրելով Արցախում, այս քաղաքում`այդպես էլ չհասկացա, թե այդ հակահեղափոխականներն ովքե՞ր են կամ ի՞նչ են արել: Գիտեք, եթե օրինակ մեկը կարծիք է հայտնում, եւ այդ կարծիքին ինչ-որ մեկը հակառակ միտք է արտահայտում, ի՞նչ է, նա հակահեղափոխակա՞ն է կամ թշնամի՞: 21-րդ դարում ազատ խոսքը, ազատ մտածելակերպը, կարծիք հայտնելը առօյա բան են, տեսեք , թե աշխարհն ինչպե՞ս է ապրում: Համենայնդեպս, ես չեմ կարծում, որ Արցախում կան ուժեր, կազմակերպված ուժեր, որոնք չցանկանան, որ երկիրը չզարգանա, առաջ շարժվի: Գուցէ կան անհատներ, որոնք իրենց մտածելակերպից ելնելով այդպես են մտածում, բայց հակահեղափոխական այստեղ փնտրելն իմաստ չունի»:
Նկատեցինք` հակահեղափոխական են համարվում նաեւ ՀՅԴ-ականները, որոնք շատ հարցերում եղել եւ մնում են ՀՀ-ի նախկին եւ Արցախի ներկայիս իշխանությունների կողքին: «Եթե Դաշնակցությունը պաշտպանում է ամենամեծ արժեքը` երկրի շահը, պետականությունը եւ դրա համար պետք է հակահեղափոխական կոչվի, թող այդպես կոչվի: 1890 թվականից սկսած առաջնային է եղել մի բան`ազատագրել հայրենիքը եւ պետականություն ունենալ: Մենք շարունակում ենք այդ գիծը վարել, թե մնացածներն ի՞նչ գնահատական կտան`դա ՀՅԴ-ին չի վերաբերում: Թող մնացածներն անեն ՀՅԴ-ի արածի 5 կամ 1 տոկոսը, հետո գնահատականներ տան: Ես համոզված եմ, որ հանրության մի ստվար զանգված ըստ արժանվույն է գնահատում ՀՅԴ-ին, եւ ՀՅԴ-ն կշարունակի իր գիծը` հանուն ազգային շահերի ու նպատակների»,- ասաց մեր զրուցակիցը: Հարցրինք նաեւ` իր կարծիքով ի՞նչ է ասելու ՀՀ վարչապետն այսօր Արցախում, կամ ի՞նչ են արցախցիներն ակնկալում լսել Նիկոլ Փաշինյանից: «Երեւի միասնության մասին կամ Արցախի հարցի հետ կապված: Դժվար է կանխատեսել, թե ի՞նչ պիտի ասվի: Համենայնդեպս, հուսանք, որ լավ բան պիտի ասվի»,- պատասխանեց Արցախի խորհրդարանի փոխխոսնակը:
Իսկ դիտարկմանը`այսինքն, մտավախություններ չկա՞ն, այսպես արձագանքեց. «Այս տարածքում ապրող ժողովրդին պետք է լավ ուսումնասիրել եւ հասկանալ: Կարող է մարդը ոչինչ չխոսի, կարծիք չհայտնի, բայց ինքն իր ճանապարհն ունի: Պատմության ընթացքում էլ այստեղ ապրող ժողովուրդն ապացուցել է, որ ունի իր ճանապարհն ու ստրատեգիան, այդ ճանապարհով անցնում է, այդպես էլ կլինի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
aravot.am