ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը 15 տարեկան է
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը 15 տարեկան է: 2002 թվականից Բրյուսելի գրասենյակում գործող Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի մի մասն է:
Նախքան Բրյուսելի գրասենյակի բացումը Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը 1980-ից մինչեւ 90-ականների վերջերը աշխատանք է տարել Ժնեւում՝ Միացյալ Ազգերի Կազմակերպությունում, ապա՝ 2001-ին, Եվրոպայի կենտրոնական գրասենյակը ժամանակավորապես գործեց Փարիզում:
Քաղաքական կարեւորությամբ Վաշինգտոն քաղաքի հետ համեմատվող արեւմտյան աշխարհի Բրյուսել քաղաքում Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը բացվել է 2002թ հուլիսի 13-ին՝ նկատի առնելով համաշխարհային քաղաքական գործընթացներում Եվրոպական միության կարեւորությունը:
ՀՅԴ Բյուրոն անհրաժեշտ համարեց զարկ տալ Բրյուսելի քաղաքական աշխատանքներին, որտեղ գտնվում են Եվրոպական միության հաստատությունները եւ ՆԱՏՕ-ի կենտրոնատեղին:
Բրյուսելում են գտնվում նաեւ մեծ թվով միջազգային ընկերություններ, կազմակերպություններ, հաղորդակցական եւ լրատվական հաստատություններ, լոբբինգով զբաղվող կազմակերպություններ:
Բրյուսելի գրասենյակն աշխատանք է տանում նաեւ Եվրոպական միության հաստատություններում եւ Եվրոպայում գտնվող միջազգային կազմակերպություններում՝ Ստրասբուրգի Եվրոպայի Խորհուրդում (Council of Europe) եւ Վիեննայի ԵԱՀԿ-ում (OSCE):
«Մեր աշխատանքները կենտրոնացած են Հայ Դատի բոլոր ուղղություններում»,- մեզ հետ զրույցում նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
Հայոց Ցեղասպանության ճանաչում, դատապարտում, հատուցում, Արցախյան հիմնախնդիր, պետականության հզորացում, ներգրավածություն Եվրոպական միության ծրագրերում, Վրաստանի հայության իրավունքների պաշտպանություն, Թուրքիայի Եվրոպական Միության մուտքի գործընթաց, պապենական հողերի վրա ապրող հայության իրավունքների պաշտպանություն, Ադրբեջանի ռազմապաշտ, հակահայ քաղաքականությանը հակադարձ, իսկ վերջին շրջանում` սիրիահայության օժանդակություն. հենց այս ուղղություներով է 15 տարի շարունակ գործունեություն ծավալել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը:
«Մեր աշխատանքների շրջագծում է նաեւ Եվրոպայի հայության կազմակերպումը, մասնավորապես երիտասարդության քաղաքականացումը»,- նշել է Պ. Դեմիրճյանը:
Խոսելով գործունեության ընթացքում ի հայտ եկած դժվարությունների մասին, Պետո Դեմիրճյանն ասել է, որ հատուկ դժվարություններ չունեն:
«Քաղաքական աշխատանքներում հաջողել ենք եւ որպես կառույց է’լ ավելի կհաստատվենք»,- շեշտել է զրուցակիցս:
Տնտեսական առումով, Պ.Դեմիրճյանը նշել է, որ աշխատանքները շարունակելու համար նվիրատուների օժանդակությունը բավարար են: Իսկ դեկտեմբեր ամսում կայացած Հայ Դատի դրամահավաքի արդյունքում հավաքված գումարը հանձնախմբին օտարալեզու մամուլում եւ լրատվամիջոցներում գործունեություն շարունակելու հնարավորություն է ընձեռնել:
Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը համադրում եւ ընդհանուր ուղղություններ է տալիս Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբերի համաեւրոպական գործունեությանը:
Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը եւ Բրյուսելի գրասենյակը եւրոպական շրջանակներում ծանոթ է European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) անունով: Հանձնախումբը 2011 թվականից նախագահում է Գասպար Կարապետյանը:
Լուսինե Թեւոսյան