ՀՅԴ ԱԵՄ-ի շարքերը համալրվել են
Հոկտեմբերի 9-ին Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում գտնվող Նիկոլ Դումանի տուն-թանգարանում կայացել է հատուկ արարողություն. ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության շարքերը համալրել են ևս 8 երիտասարդներ: Խոստման արարողությանը ներկա էր ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի անդամ Սերգեյ Շահվերդյանը:
Երիտասարդները խոստացել են իրենց կյանքով ու գործով լինել ազգասեր հայի տիպար և հավատարիմ մնալ դաշնակցական երիտասարդի կոչմանը:
Այնուհետև երիտասարդները շրջել են տուն-թանգարանի տարածքով՝ ծանոթանալով մեծանուն ֆիդայու և դաշնակցականի կյանքն ու գործունեությունը ներկայացնող նմուշներին: Միջոցառումը եզրափակվել է ավանդական խարույկի շուրջ ծավալված անմիջական զրույցով, ազգային երգերով ու խաղերով:
ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Տրդատ Մարտիրոսյանը, շնորհավորելով ԱԵՄ-ի նոր ընկերներին, նշել է, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության խորհրդանշական օրը, Տողում Արմենչոյի (Արմեն Գասպարյան) և Վիգեն Գրիգորյանի շիրիմների մոտ կայացած արարողության ընթացքում ՀՅԴ ԱԵՄ-ին են միացել մի խումբ երիտասարդներ ևս: Նա վստահեցրել է, որ նոր ոգով են շարունակելու հետամուտ լինել երիտասարդությանը հուզող խնդիրների լուծմանը: