ՀՀ եւ ԱՀ մշակույթի նախարարները վերահաստատել են ձեռք բերված պայմանավորվածությունները

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն Արցախում է՝ շնորհավորելու ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նորանշանակ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ վերահաստատելու նախորդ հանդիպմանը երկու նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը:
«Անդրադարձել ենք նաեւ ապագա ծրագրերին, որոնք ներառում են մշակութային գրեթե բոլոր ոլորտները՝ պատմամշակութային ժառանգությունից սկսած, մինչեւ տարբեր միջոցառումների անցկացում: Կարեւորել ենք հատկապես թատերարվեստի բնագավառը: 2019 թվականին նախատեսում ենք նոր ձեւաչափով հանդիսատեսին ներկայացնել Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններին: Իսկ երկու հայկական հանրապետությունների մշակութային համահարթեցման նոր սկիզբը տրվելու է ՀՀ-ում հյուրախաղերի ժամանակ արցախյան կոլորիտը ներկայացնելու միջոցով»,- իր խոսքում նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը:
Լիլիթ Մակունցն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը:
«Այս երկու ամիսների ընթացքում ավելի խորը եւ համապարփակ հասկանալով ոլորտը՝ ամրագրեցինք, որ անհրաժեշտ է համատեղ մշակութային միջոցառումների անցկացումը: Հայկական մշակույթի դերը եւս մեկ անգամ վերահաստատելու եւ արժեւորելու նպատակով 2019 թվականի գարնանը մենք կունենանք ներկայացում, որի առաջնախաղը կլինի Արցախի թատրոնում»,- նշել է Լ.Մակունցը: