Հեղափոխությունն արդյունավորենք արժեքների հեղափոխությամբ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Հեղափոխությունն արդյունավորենք արժեքների հեղափոխությամբ

Հեղափոխությունն արդյունավորենք արժեքների հեղափոխությամբ

Յուրաքանչյուր հեղափոխություն իր շուրջն է համախմբում ազնիվ նպատակների եւ առաջադիմական գաղափարների կողմնակիցների, ովքեր երաշխավորում են հեղափոխության հաղթանակը: Բնականաբար, յուրաքանչյուր հեղափոխության գլխաիրը, հիմնական կարգախոսը կազմվում է վեհ գաղափարներ կրող բառակապակցություններից: Այդպես է եղել 1600-ականների` Անգլիայի հեղափոխությունից սկսած, մինչեւ 1700-ականների` Ֆրանսիայի հեղափոխությունը, 1900-ականների` Ռուսաստանի եւ մեր օրերի հեղափոխությունների պարագայում:

Ազատություն, հավասարություն, եղբայրություն, համերաշխություն, սեր, հանդուրժողականություն, վարդեր… Սրանք են եղել հեղափոխությունների կարգախոսները: Այսպիսի գեղեցիկ բառակապակցություններն իրենց մեջ կուտակել են այն ներուժը, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում համախմբման ստեղծել առաջադիմական եւ թռիչքային նախաձեռնություններ: Իսկ զարգացման համար անհրաժեշտ են թռիչքային գաղափարներ եւ այդ գաղափարների թելադրանքով արված գործնական քայլեր:

Այսպես թե այնպես, մարդկության զարգացման  թռիչքային հանգրվանների նախօրյակին նկատելի են հեղափոխական մտածողության եւ ապստամբության երեւույթներ: Արդի հասարակական գիտությունների տեսաբաններից շատերը համոզված էին, որ 1979թ. Իրանի հեղափոխությունից հետո դասական հեղափոխությունների շարանն ավարտվել է եւ դրանց հաջորդելու է քաղաքակրթությունների բախումը: Ի վերջո, քաղաքակրթությունների բախման գագաթնակետը եղավ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունը, որին հաջորդեց Արեւմուտքի բիրտ ուժի ներթափանցումն Արեւելք` Աֆղանստան, որը մինչ այժմ շարունակվում է Սիրիայում: Այս բիրտ ուժի կողքին արեւմտյան քաղաքակրթությունը դեռեւս 1990-ական թվականներից փափուկ ուժի կիրառմամբ քաղաքակրթությունների բախմանն էր նախապատրաստվում: Քաղաքագետ, փիլիսոփայության դոկտոր Ջին Շարփի կողմից 1993թ. հրատարակված «Բռնապետությունից ժողովրդավարություն» աշխատությունը ուղեցույց դարձավ մի շարք գունավոր ու թավշյա հեղափոխությունների, մասնավորապես` 2010-ից սկսված Արաբական գարնան համար:

Անկախ այն հանգամանքից, թե արդի ժամանակաշրջանում տեղի ունեցած հեղափոխություններն ինչքանով են կարողացել իրագործել իրենց կողմից հռչակված արժեքներին համապատասխան հասարակական կարգեր, դրանք համախմբել են ժողովրդին եւ ստեղծել առաջընթացի ներուժ: Դա հեղափոխության արժեքն է, որն անկատար է, եթե իր հետ չի բերում արժեքների հեղափոխություն:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը դուրս չէ այս օրինաչափությունից: Պետք է խոստովանել, որ արաբական գարնան հեղափոխությունների շարանն անխտիր ձախողվեց, քանի որ չկարողացան հեղափոխության ենթարկել հասարակության մեջ տիրող արժեքային համակարգը, քանի որ հասարակության մեջ արդեն իսկ ավանդույթ դարձած գործելաոճը նույնությամբ կիրառվեց «նորերի» կողմից: Դրա հետեւանքով կամ «նորը» դարձավ նորացված «հին» կամ «հինը» փոխվրեժի միջոցով վերարավեց կորցրած դիրքերը:

Հայկական հեղափոխության պարագայում բոլորիս պարտքն է չթողնել, որ «սերն ու համերաշխությունը» վերածվեն «ատելության ու թշնամանքի» սեւի ու սպիտակի: Հեղափոխության արժեքն իմաստավորվում է արժեքների հեղափոխությամբ:

«Ապառաժ»-ի խմբագրական, 19 սեպտեմբերի, 2018թ.

1