«Հարսանիք թիկունքում».պատմության հայելի

«Հարսանիք թիկունքում» ներկայացման արցախյան հյուրախաղը։
19:00: Հանդիսատեսը, սովորության համաձայն, ուշանում է: Ծանոթ-անծանոթ մարդիկ շտապում են զբաղեցնել իրենց տեղերը: Ահա Գենյա Գալստյանը՝ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Մերուժան Մոսիյանի այրին, Հասմիկ Սարգսյանը, ում հարսանիքը 1993-ի օգոստոսի 15-ին ընդհատվեց փեսացուի գյուղ հասնելուն պես, Մարտունու Աշան գյուղի վրա ադրբեջանցիների հարձակման պատճառով, 1988-ի հունիսին 21-ին առաջին անգամ «Միացու՜մ» գոչող ամբոխի աչքի առաջ հանելուկային կերպով Մարզգործկոմի շենքի տանիքին հայտնված ու կայծակնային արագությամբ ադրբեջանական դրոշը դեն նետած՝ փոխարենը հայկական Եռագույնը ծածանած Թելման Հարությունյանի որդին ու թոռնիկը, ով ցատկոտելով դահլիճի աստիճաններով՝ զբաղեցրեց իր տեղը:
Ներկայացման մեկնարկը ազդարարվելուն պես՝ դահլիճում ներկա ծանոթ-անծանոթների ճակատագրերը մեկուկես ժամով բեմ բարձրացան: Բեմահարթակը յուրաքանչյուրի պատմության հայելին էր՝ անավարտ սիրո, սառած պարի, կիսատ-պռատ ժպիտի, կարոտով մնացած նահատակի, հայրենիքի, բացակա չդնելու պատգամն ուրացողների, հյուսիսացած բարեկամների, արժեքների բախման, նավթի, Պուտինի ու Ամերիկաների մասին է: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները ոչ թե խաղացին, այլ ապրեցին դահլիճում ներկաների ու տեղ-տեղ բացակաների կյանքը:
Ապրե՛լ ու պարե՛լ: Այս է «Հարսանիք թիկունքում» ներկայացման գլխավոր ասելիքը: Ասելիք, որին դահլիճում ներկաները հետեւել են՝ անգամ ամենածանր փորձություններից հետո. ամուսին կորցրած տիկին Գենյան՝ հպարտությամբ մեծացնելով երեք զավակներին, Հասմիկը՝ 20 տարի անց Ազատ, Անկախ Արցախում իր ընդհատված հարսանիքը կազմակերպելով, Թելման Հարությունյանի որդին՝ ընտանիք կազմելով:
Այս պատմությունը արցախյան է, ներկայացումը՝ ինքնակենսագրական: Դահլիճում նստածները վերապրեցին իրենց կյանքը՝ ժպտացին, սիրեցին, լացեցին ու պարեցին…
Լուսինե Թեւոսյան
Լուսանկարները՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից: