Հայրենիքից հեռու՝ հայրենիքի սիրով լեցուն
Գլխավոր » Հասարակական » Հայրենիքից հեռու՝ հայրենիքի սիրով լեցուն

Հայրենիքից հեռու՝ հայրենիքի սիրով լեցուն

Երազիկ Հարությունյանը ճակատագրի բերումով ապրում է Ռուսաաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում, սակայն ծնունդով Արցախից է, ծնվել ու մեծացել է Աշան գյուղում: Երազիկն Արցախում  հայտնի բանահավաք, բանաստեղծ, վաստակավոր ուսուցիչ Լեւոն Հարությունյանի դուստրն է:

 

Դուստրը հորից ժառանգել է ոչ միայն ստեղծագործելու բնատուր ձիրքը, այլեւ այն անկեղծ ու մեծ սերը, որն ուներ հայրն առ հայրենիք: Այդ սերը Երազիկն իր մեծագույն հարստությունն է համարում, որը, ի տարբերություն շատերի, թեեւ հայրենիքից հեռու,  արտահայտում է իր գործով ու ապրելակերպով:

 

Երազիկի ջանքերով Կրասնոդարում 2007 թվականին հիմնադրվել ու մինչ օրս գործում է Հայոց Թեմի <<Արմատ>> դպրոցը, որի ստեղծմանն աջակցել են Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Մովսես Մովսեսյանը, բարերարներ Անդրեյ Ամոսովն ու Կարեն Գրիգորյանը։ Դպրոցի առօրյան հագեցված է լիարժեք դասերով, ճանաչողական եւ հայրենասիրական միջոցառումներով, հետաքրքիր նախաձեռնություններով։  Աշակերտները մասնակցում են համահայկական բոլոր միջոցառումներին, աշխատում   հաղորդակից դառնալ հայրենիքի կյանքին և հոգսերին:

 

Հարգելի Երազիկ, գիտենք, որ ղեկավարում եք  Հարավային Ռուսաստանի  Հայոց Թեմի <<Արմատ>> դպրոցը. ի՞նչ դեր ու նշանակություն ունի դպրոցը  հայապահպանության գործում:

 

— Անառարկելի ճշմարտություն է, որ Սփյուռքում հայապահպանությունը կարեւորագույն խնդիր է բոլոր շահագրգիռ կառույցների եւ մարդկանց համար։ Եվ դա ինքնանպատակ չէ, հոգեկերտվածքով, լեզվով եւ կենցաղավարման կերպով հայ մնալով` մարդը պետք է կարողանա հոգեւոր կամ նյութական աջակցություն ցույց տալ հայրենիքին եւ չբացառել երբեք վերադարձի հնարավորությունը, այլապես նա կորած է հայկական աշխարհի համար։

 

Չեմ կարող ասել, որ իրավիճակը բավարարում է, քանի որ Կրասնոդարում ապրող հարյուր հազար հայերի առկայության փաստի եւ երկու կիրակնօրյա դպրոց ու երեք պետական մանկական ստեղծագործական կենտրոններում հայոց լեզվի եւ հայրենագիտության խմբակներ ունենալու պարագայում՝ մոտավոր հաշիվներով՝ 5-40 տարեկան 300 աշակերտ են ընդամենը մասնակցում պարապմունքներին։ Սա, իհարկե, շատ քիչ է, հետաքրքրվողների աճի միտումը կարող է հուսադրող լինել, եթե այն չլիներ Հայաստանից շարունակվող գաղթի հաշվին։

 

Կրասնոդարում ընդհանրապես հայկական ճարտարապետական եւ մշակութային հետքեր պահպանվել են դեռեւս նախանցյալ դարից, նախասովետական շրջանում այստեղ հայկական դպրոցներ, թերթեր եւ եկեղեցիներ էին գործում։ Երբ ես 1999թ. հաստատվեցի այս քաղաքում, այստեղ արդեն կային Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին, <<Երկրամաս>> եւ <<ՍԱՐ>> թերթերը, <<Սադրուժեստվո>> մանկական ստեղծագործական կենտրոնի խմբակները եւ Պաշկովկա թաղամասի փոքրիկ դպրոցը։

 

Մեր՝ նախկինում <<Խաչքար>>, (նույն անվանումով նաև ամսագիր հրատարակվեց 2007-2012թթ.) այժմ՝ <<Արմատ>> դպրոցը բավականին հիմնավոր կառույց է, 180-200 աշակերտներով, եռամյա կրթությամբ, սեփական ծրագրերով եւ դասագրքերով։ Դպրոցը թեեւ կոչվում է կիրակնօրյա, բայց աշխատում է շաբաթվա մեջ հինգ օր, այստեղ դասավանդում են երեք ուսուցիչներ, աշակերտները  խմբավորվում են ըստ տարիքային եւ լեզվի իմացության մակարդակների։

 

Ըստ Ձեզ՝ ի՞նչ խնդիրներ ու մարտահրավերներ ունի այսօր Ռուսաստանում ապրող հայությունը։

 

— Նախ, Ռուսաստանի հայությունը բազմաշերտ է, առանձնապես Հյուսիսային Կովկասյան տարածաշրջանի։ Ոչ ոքի համար նորություն չէ, որ հայերն այստեղ ապրում են 15-րդ դարից սկսած եւ ներգաղթը շարունակվում է առայսօր։ Արդեն սկսել եմ մտածել, որ դժվարություններից խուսանավելն ու օտարասիրությունը մեր ազգային բնավորության գիծ է. երեւի Հայկ Նահապետից սկսվեց։

 

Այստեղ արմատավորված եւ արդեն 4-7 սերունդ Հայաստանից դուրս ապրողների համար Ռուսաստանը դարձել է հայրենիք, իսկ Հայաստանը լավագույն դեպքում՝ նախնիների երկիր։ Բացառություններ կան, հատկապես Ցեղասպանության հետեւանքով Արևմտյան Հայաստանից գաղթածների շրջանում կան ընտանիքներ, գերդաստաններ, որոնք մի ամբողջ դար ապրելով օտար հողում՝ պահպանում են իրենց ինքնությունը։ Նախորդ դարավերջից այս կողմ գաղթած նոր հայերը, որոնց հոսքը դժբախտաբար դեռ շարունակվում է, նորից տարաբնույթ հայացքներ ունեն։ Մի մասը փորձում է արագ ինատեգրվել եւ մոռանալ այն ամենը, ինչը խանգարում է լինել նոր երկրի կյանքի լիիրավ մասնիկը, մյուսները ջանում են նոր պայմաններին հարմարվելով հանդերձ՝ պահպանել ազգային կերպը։ 

 

Տարբեր են նաեւ մեր դպրոց ընդունվողների շարժառիթները, սակայն միասնական եւ միագիծ է մե՛ր նպատակը, գերխնդիրը՝ արթնացնել կամ առույգ պահել հայկական ոգին, հայի տեսակը եւ հոգեկերտվածքը։ Մնացած ամեն ինչ դրանով պայմանավորված դետալներ են։ Սփյուռքում հայերենի ուսուցիչ լինելը մեծ, անմնացորդ նվիրում է։ Կայացած ուսուցիչը իսկական գաղափարի մարտիկ է, առաջնորդ։

 

Մարտահրավերները բազմաթիվ են, առաջին հերթին աշխարհաքաղաքացիության շատ հրապուրիչ, թեթեւ եւ առաջին հայացքից միանգամայն ընդունելի գաղափարը, երկրի տնտեսական անկայունությունը, որ մարդկանց ողջ հետաքրքրություններն ու ուշադրությունը սեւեռում է հանապազօրյա հացի հայթաթման շուրջ, ժամանակակից մշակույթի նահանջն իր բուն՝ կրթական եւ դաստիարակչական գործառույթից,  նյութական արժեքների հոգեւորին գերադասելու միտումը, աղանդների պառակտիչ ազդեցությունը եւ վերջապես, հորս խոսքերով ասած՝ մեր անբուժելի ռուսասիրությունը, որը մեզ հեշտությամբ ձուլում է ամենաշատը հենց այս ազգին։

 

Որքանո՞վ է դպրոցը մասնակցում հայ համայնքի կյանքին:

 

—   Կրասնոդարում պարզապես ոչ մի հայկական միջոցառում չի կայանում առանց մեր մասնակցության։ <<Արմատ>> դպրոցն ունի բավական մեծ ճանաչում, համբավ եւ վստահություն։ Դրան նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ մենք գործում ենք Առաջնորդանիստ եկեղեցու եւ Թեմի առաջնորդարանի հարեւանությամբ, այժմ արդեն բարերար Վարդան Վարդանովի կառուցած չորսհարկանի հոյակերտ շենքում։

 

Հայկական ժողովրդական եւ եկեղեցական բոլոր տոները տոնվում են այս տարածքում, ինչ էլ որ կազմակերպվում է երկրորդ՝ Պաշկովկայի հայկական եկեղեցում, դպրոցում, Ազգային մշակույթի կենտրոնում կամ այլուր, մեր աշակերտներն ու ուսուցիչները միշտ ցանկալի հյուր են կամ մասնակից։ Համարյա ամենօրյա աշխատանքային կապերով կապված ենք ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Կրթության ու գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի հետ, մասնակցում ենք բոլոր ծրագրերին եւ նախագծերին։

 

Գիտենք, որ դուք արժանի արցախցի Լեւոն Հարությունյանի դուստրն եք: Ի՞նչ ազդեցություն ունեցավ այս հանգամանքը  ձեր  ստեղծագործական կյանքում եւ ընդհանրապես ձեր կյանքում:

 

—   Ես պարզապես կկրկնեմ Թումանյանի խոսքերը, որ իմ ամենամեծ հարստությունը իմ հայրն էր։ Ծնողներին չեն ընտրում, սակայն եթե ընտրության հնարավորություն ունենայի, ես ինձ հայր կընտրեի միայն Լևոն Հարությունյանին, որովհետեւ իմ հիսունամյա ոչ նստակյաց  կյանքում  չեմ հանդիպել ավելի հայրենասեր, ավելի ազնիվ, ավելի բարի, ավելի մարդասեր, ավելի աշխատասեր  եւ իմաստուն մեկին։ Իսկ թվարկածս հատկությունները ինձ համար բացարձակ արժեքներ են։ Նրա խորհուրդներով եւ համոզմունքներով եմ առաջնորդվել միշտ, մասնագիտություն ընտրելուց մինչև հիմա։

 

Ուղղակի կյանքս այնպես է դասավորվել, որ բանասիրության բոլոր բնագավառներով հետաքրքրվել եմ եւ զուգահեռաբար զբաղվել եմ եւ բանագիտությամբ, եւ լրագրությամբ, եւ մանկավարժությամբ։ Դա մի կողմից խանգարել է, որ որևէ մի ոլորտում մնայուն արժեքներ կարողանամ ստեղծել, մյուս կողմից նպաստել է դասավանդման գործում։ Ստացվել է այնպես, որ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում «Հայ ժողովրդական սգո երգերը» թեմայով գիտական թեզ պաշտպանելուց հետո հեռացել եմ երկրից, եւ Կրասնոդարում նախ սկսել եմ վարել հայոց լեզվի դասընթացները Կուբանի պետական համալսարանում, ապա, հինգ տարի գրել եմ <<Խաչքար>> ամսագրի հայկական էջերը։

 

Այնուհետեւ ի մի բերելով տարիների գրառումներս՝ բանաստեղծությունների մի ժողովածու եմ հրատարակել, սակայն երբեք մասնագիտորեն չեմ զբաղվել գրականությամբ։ Եվ վերջապես հանգրվանելով դպրոցում՝ սկսել եմ  զբաղվել  ռուսախոս միջավայրում հայոց լեզվի ուսուցման մեթոդիկայով, երկու դասագիրք եմ ստղեծել՝ <<Փոքր Մհեր>> եւ <<Մեծ Մհեր>>։ Երբեմն մտածում եմ, որ պետք էր զբաղվել մի բանով եւ այն հասցնել բարձր վարպետության մակարդակի։ Դե եղածը եղած է, մենք չենք ապրում այնպես, ինչպես ուզում ենք, այլ՝ ինչպես կարողանում ենք։

 

Չնայած երբեք չի ասել, բայց գիտեմ, որ հայրս փափագում էր իմ վերադարձը հայրենիք։ Եվ ինչքան էլ կարեւոր լինի այն գործը, որ հիմա անում եմ, ես ինձ մեղավոր եմ զգում հայրենիքում չլինելու համար, հույս ունեմ, կկարողանամ ուղղել ակամա սխալս։ Եվ ուզում էր, որ շարունակեմ զբաղվել Արցախի բանահյուսությամբ, առայժմ չեմ հասցնում, չնայած դա իմ հիմնական մասնագիտությունն է։ Բայց կարծում եմ կվերադառնամ երիտասարդական նախասիրությանս եւ հորս կյանքի գործին, եթե իհարկե առողջությունս ների, եթե Աստված ժամանակ տա։

 

Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է այսօր երիտասարդությունը հետաքրքրված տպագիր հրատարակությամբ:

 

— Ես դասավանդում եմ մեր դպրոցի ավագ խմբերին: Դրանք հիմնականում ուսանողներից են կազմված եւ տեղյակ եմ նրանց հետաքրքրություններին։ Բնականաբար ավելի քիչ է հետաքրքրված, քան քսան տարի առաջ. համոզիչ պատճառներ կան դրա համար։ Տեղեկատվություն ստանալու շատ ավելի հրապուրիչ միջոցներ են հայտնվել՝ արագ, ճշգրիտ եւ ծավալուն։ Մասշտաբային գրադարանները հավաքվել են մի փոքրիկ, գույնզգույն տուփի մեջ, որը հեշտությամբ կատարում է քո հրամանները։ Իմ սերունդը դեռեւս նոստալգիա ունի թղթի հոտի եւ գեղարվեստական գրքի նկատմամբ, բայց երիտասարդները դրա կարիքը չունեն։ Սակայն չէի ասի, որ երիտասարդները չեն ընթերցում, ուղղակի ձեւերն են փոխվել եւ ընթերցվող նյութի որակը, ցավոք սրտի։

 

Ո՞րն է ձեր ներշնչանքի աղբյուրը:

 

— Հայաստան աշխարհը, ես չեմ տարբերակում Հայաստանն ու Արցախը, իմ հայրենիքը Հայաստանն է, նրա մեջ մտնում է նաև Արցախը։ Չեմ ուզում խոսքերով նսեմացնել, այն ինչ կյանքի իմաստ է ինձ համար։ Հայրենիքից բարձր և կարևոր ոչինչ չի կարող լինել։ Եվ երբ որ նրա երկնքում ամպեր են կուտակվում, ես տառապում եմ, ուր էլ որ լինեմ, հիվանդանում եմ հոգով եւ մարմնով։ Իսկ երբ հուսադրող մի շող է հայտնվում, պատրաստ եմ սարեր շրջել…   ՈՒ  նաեւ իմ երեխաները եւ իմ աշակերտները, որոնց մեջ ես շարունակվում եմ։

 

Ձեր ամանորյա բարեմաղթանքը:

 

— Եթե կարելի է՝ չափածո, որ գրել եմ իմ  <<Փոքր Մհեր>> դասագրքի համար։

 

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՂՈԹՔ

Արի՛, բարի իմ Նոր տարի՛,

Աշխարհին բեր շունչ մի բարի,

Նոր երազանք եւ նոր խոստում,

Հին երազներ, նոր արթնացում,

Անմար, անափ, անհատակ սեր

Ու կրակվող անշեղ հույսեր։

 

Հայրենիքին մեր հնամյա

Եվ հավատին մեր նորօրյա

Նոր ու հզոր լույս պարգեւիր։

Արարատի վրա լուսեղ,

Հայաստանի վրա գունեղ

Բարիք շաղի՛ր, այնքա՜ն բարիք,

Որքան հայը ունի տարիք։

 

Եվ Արցախից մինչեւ Սասուն

Կանաչ լույսով ուղի բացի՛ր,

Արեւ՜ վառիր նոր ու հզոր…

Ու հիացի՛ր քո արածով,

Բարի՜, բարի իմ Նոր տարի։

Հարցազրույցը՝ ՀԵՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ

 

1