Հայտարարություն
Գլխավոր » Լրահոս » Հայտարարություն

Հայտարարություն

Սիրո և համերաշխության կարգախոսի քողի տակ հանրության զգոնությունը թուլացնող և ամբոխավարության մղումներով ազգային պետական արժեքները ոտնահարող ուժերն անցել են թույլատրելի բոլոր սահմանները:

Վերջին օրերին ականատեսը եղանք ՀՀ-ում ստեղծված արհեստածին պայթունավտանգ իրավիճակի, որը փորձ է արվում տեղափոխել Արցախի քաղաքական դաշտ:  Այդ ամենը  միտված են  զոհողություններով և արյամբ ձեռք բերված  հայկական պետական համակարգը խաթարելու և  հաղթանակների գրավական՝  համազգային  համերաշխությունը սասանելու:

ՀՅ Դաշնակցության դեմ վայրահաչոցներն ու  ՀՅԴ Բյուրոյի բազմամյա ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի օրերին առանցքային դեր ունեցող մարտական պատասխանատու Հրանտ Մարգարյանի և իր մանկահասակ թոռների նկատմամբ թույլ տրված տմարդի ոտնձգությունը՝  ստոր գործընթացների հետևանք են:

Դաշնակցությունն անխոնջ պահակն է ազգային արժեքների:  Հայ ժողովիդի դարավոր իղձերի իրականացման ուղղությամբ  համախմբման ռահվիրա  կուսակցությունը  ունակ է իր ավանդական մոտեցումներով ստանձնելու պատասխանատվություն, միասնություն ու հարգանք պարտադրելով  բոլորին: Թող որ դա կասկածի առարկա չդառնա:

Իսկ ինչ մնում է Մայր հայրենքի իշխանություններին՝ կոչ ենք անում սթափվել եւ իրական պատասխանատվություն կրել: Անխոհեմ քայլերը վտանգում  են բոլորիս անվտանգությունը: Հատվածական օրախնդիր մոտեցումերը,  փորձերը, որով ցանկանում եք քողարկել անհաջողություններն ու ամբոխահաճո խոստումների ձախողումները՝ վաղ թե ուշ դատապարտված են բացահայտման: Իսկ պատմության եւ ժողովրդի առաջ պատասխանատվությունից խուսափելը՝ անհնարին է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վստահ ենք, որ ամբոխավարության վրա  հիմնված պատեհապաշտների հոխորտանքներն ու չկշռադատված  քայլերը՝  չեն կարող սասանել մեր միասնականությունն ու շեղել սերունդների նկատմամբ պարտավորեցնող  պատասխանատվությունից:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

20.05.2019թ.

1