Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը` ԱՄՆ Կոնգրեսում
Գլխավոր » Լրահոս » Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը` ԱՄՆ Կոնգրեսում

Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը` ԱՄՆ Կոնգրեսում

Այսօր ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում վերջին 35 տարվա մեջ առաջին անգամ քվեարկության պետք է դրվի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:

Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովը հաստատել է բանաձեւը եւ այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը:

Ամերիկայի Հայ Դատի hանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ մինչ նախագահ Դոնալդ Թրամփը տեղի է տալիս Անկարայի ճնշումներին, Կոնգրեսի պարտականությունն է պաշտպանել Ամերիկայի շահերը՝ ցույց տալով, որ չի կարելի արտոնություններ տալ բռնակալներին, իսկ ամերիկյան արժեքները ծախու չեն:

Բանաձեւը հեղինակել են դեմոկրատական ու հանրապետական մի խումբ կոնգրեսականներ, մասնավորապես՝ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Փիթեր Քինգն ու Ջեքի Սփիերը: Սպիտակ տունը որեւէ կերպ չի արձագանքել սպասվող քվեարկությանը: Իսկ Պետքարտուղարության խոսնակը The Wall Street Journal-ին ասել է՝ ԱՄՆ-ն ճանաչում է Մեծ Եղեռնը որպես 20-րդ դարի ամենամեծ վայրագություններից մեկը ու ողջունում են իրենց ցավալի պատմության հետ հաշվի նստելու հայերի ու թուրքերի ջանքերը: Անկարան այս անգամ էլ կոչ է արել Կոնգրեսին զերծ մնալ բանաձեւի ընդունումից ու հարցը թողնել պատմաբաններին:

Մինչ այս Ներկայացուցիչների տունը երկու անգամ՝ 1975-ին եւ 1984-ին, բանաձեւեր է ընդունել Հայոց ցեղասպանության մասին, հետագայում, սակայն, այդ փաստաթղթերը հավանություն չեն գտել Սենատում: 2007 եւ 2010թթ., երբ ամերիկացի օրենսդիրները փորձել էին այս հարցը կրկին դնել քննարկման, Թուրքիան ետ էր կանչել Նահանգներից իր դեսպանին, ու փաստաթղթերն անգամ Ներկայացուցիչների տան լիագումար նիստի օրակարգ չէին մտել:

1