Հայոց համազգային խիզախում՝ Եռագույնի ներքո
Գլխավոր » Լրահոս » Հայոց համազգային խիզախում՝ Եռագույնի ներքո

Հայոց համազգային խիզախում՝ Եռագույնի ներքո

Ուղիղ մեկ դար է անցել այն պատմական ժամանակաշրջանից, երբ հայ ժողովուրդը պատմության քառուղիներում երկարատեւ անիշխան դեգերումներից հետո հերթական անգամ վերականգնեց իր ազգային անկախ պետականությունը։

20-րդ դարասկիզբը, քան երբեւէ հեռավոր անցյալում էր, քանիցս ավելի աննպաստ էր նման համարձակ ու հանդուգն քայլի դիմելու համար։ Օգտվելով դեռեւս մոլեգնող Առաջին աշխարհամարտի առիթից, Օսմանյան Թուրքիան՝ ի դեմս երիտթուրքերի ոճրագործ կառավարության, կայսրության ողջ տարածքում, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանի իր վիլայեթներում, դեռեւս անպատիժ շարունակում էր 1915թ. ապրիլի 24-ին սանձազերծած ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Ի լրումն՝ օգտագործելով Ռուսաստանում իշխանությունը զավթած բոլշեւիկյան պարագլուխների հրահանգով ռազմաճակատից ռուսական զորքերի, բառիս բուն իմաստով, դավաճանական տունդարձի իրողությունը, թուրքական զորաբանակներն անհապաղ ձեռնամուխ եղան հայոց նախճիրի իրականացմանը նաեւ Արեւելյան Հայաստանում, Անդրկովկասի այլ հայաշատ վայրերում։ Իր բազմադարյա պատմության մեջ երեւի թե առաջին անգամ հայ ժողովրդի առջեւ անհամեմատ սուր ու կտրական ծառացած՝ ահազանգում էր հայրենի բնօրրանում ազգային հավաքականություն լինել-չլինելու ճակատագրական հարցը։

Եվ ահա բազում անլուծելի հարցականներով հագեցած այդ բախտորոշ ժամանակ էր, երբ 1918թ. մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերից հետո,  Թիֆլիսում ձեւավորված Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը՝ ազդարարելով հայոց պատմական բնօրրանում ազգային անկախ, ինքնիշխան  պետականության վերակերտման պատմական գործընթացի սկիզբը։ Կիլիկյան հայկական թագավորության անկումից 543 տարի անց հայ ժողովուրդը խիզախեց վերականգնել իր կորուսյալ պետականությունը՝ ի լուր և ի տես մնացյալ աշխարհի հայրենի երկրում հպարտ ծածանելով Հայաստան երկրի պետական դրոշը` հայոց Եռագույնը։

Երկու օր առաջ՝ մայիսի 26-ին, Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն էր հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը:

Հայոց ազգային խորհուրդը Երեւան ժամանեց 1918-ի հուլիսի 19-ին։ Մինչ այդ իշխանությունը Հայաստանում իրականացնում էր Երեւանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Անմիջապես առաջատար քաղաքական կուսակցությունների եւ Թիֆլիսի ու Երեւանի ազգային խորհուրդների համաձայնությամբ կազմվեց բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ Հայաստանի խորհուրդը, հետագայում` խորհրդարանը։ Իսկ հուլիսի 24-ին հրապարակվեց գործադիր իշխանության՝ կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, արտգործնախարար՝ Ալեքսանդր Խատիսյան: Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի խորհուրդը Երեւանում գումարեց իր առաջին նիստը։ Խորհրդի նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը: Նիստը որոշում ընդունեց քայլեր ձեռնարկել երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու համար:

Այդ շրջանում Հայաստանը դիվանագիտական, ռազմական ու տնտեսական մեկուսացման մեջ էր: Վիճակը փոքրիշատե բարելավվեց, երբ Առաջին աշխարհամարտում  Թուրքիան պարտություն կրեց ու սկսեց հեռանալ Անդրկովկասի իր զավթած շրջաններից, այդ թվում՝ Լոռուց եւ Ախալքալաքից: Սակայն այդ տարածքների պատկանելության շուրջ հակամարտություն ծագեց Հայաստանի եւ Վրաստանի միջեւ՝ վերածվելով հայ-վրացական պատերազմի: Հարեւան երկրներից միայն Իրանի հետ հաստատվեցին բարիդրացիական հարաբերություններ: Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ի սկզբանե կոշտ ու թշնամական էր: Ադրբեջանը տարածքային հավակնություն ուներ Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի նկատմամբ:

1919թ. փետրվարին Երեւանում տեղի ունեցավ Արեւմտահայության 2-րդ համագումարը, որն ընդունեց որոշում Անկախ եւ Միացյալ Հայաստանի հռչակման մասին։ Հատկանշական է, որ Անկախության առաջին տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, կառավարությունը Հայաստանը հռչակեց Անկախ եւ Միացյալ Հանրապետություն: Փաստորեն Հայաստանի կառավարությունն իրեն համարում էր նաեւ Արեւմտյան Հայաստանի տերը:

1919թ. հունիսին Հայաստանում տեղի ունեցան առաջին եւ միակ խորհրդարանական ընտրությունները: Առհասարակ, Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական սկզբունքով կառավարվող երկիր էր: Խորհրդարանը միապալատ էր, ուներ մշտական հանձնաժողովներ եւ ավագների խորհուրդ: Հանրապետության կառավարությունը հաշվետու էր օրենսդիր մարմնին` խորհրդարանին: Ժողովրդավարական սկզբունքներով կազմավորված խորհրդարանում գործում էին չորս քաղաքական կուսակցություններ` Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, սոցիալ-հեղափոխականները եւ Հայ ժողովրդական կուսակցությունը, որոնք կազմում էին խորհրդարանական խմբակցություններ: ՀՅԴ-ն կառավարող կուսակցություն էր, ուներ խորհրդարանական մեծամասնություն, իսկ մյուսներն ընդդիմադիր էին: Հայաստանի խորհրդարանն իր գոյության ընթացքում հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդունեց 1000-ից ավելի օրենքներ եւ օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր: Ուշագրավ են հայերենը պետական լեզու հռչակելու, պետական համալսարան, դպրոցներ, գրադարաններ, թանգարաններ հիմնելու, գաղթականության, բանվորների աշխատավարձերը, թոշակներն ավելացնելու, ազատագրական կռիվներում զոհվածների երեխաների ուսուցումը կազմակերպելու, հայ գրողներին, գիտնականներին նյութական օգնություն, արտասահմանում սովորող երիտասարդությանը նպաստներ հատկացնելու եւ բազմաթիվ մեծ ու փոքր, սակայն էական խնդիրների վերաբերյալ կատարված օրենսդրական քայլերը:

Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում էր մնալ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում. քայքայվել էր տնտեսությունը, չէին աշխատում պղնձի հանքերն ու գործարանները: 1918թ. վերջին եւ 1919-ի սկզբին սովյալների թիվը Հայաստանում անցնում էր կես միլիոնը: Սովից ու համաճարակներից մահացել էր 180 հազար մարդ, հիմնականում՝ արեւմտահայ գաղթականներ:

Արտասահմանում օգնություն կազմակերպելու համար Եվրոպա եւ Ամերիկա մեկնեց պատվիրակություն՝ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Ամերիկյան առաջին օգնությունը Հայաստան է հասել 1919-ի մայիսին: Հանրապետության տարբեր վայրերում ստեղծվեց մանկատների ցանց: Ամերիկյան կոմիտեն՝ Ամերկոմը, մեծ օժանդակություն էր ցուցաբերում երկրի չքավոր ու գաղթական բնակչությանը: Բացի այդ, սփյուռքահայ մի շարք բարերար մեծահարուստներ միջոցներ հատկացրին ու կտակներ փոխադրեցին Հայաստան:

Կյանքը Հայաստանում հետզհետե կարծես կայուն հուն էր ուզում մտնել։ Սակայն կայունացման այդ գործընթացին սպառնում էին թուրք-թաթարական ներքին խռովությունները, որոնք ճնշելու համար իշխանությունները ստիպված էին դիմելու զինված ուժերին: Ճնշվեց թուրք-թաթարական խռովությունը: Միեւնույն ժամանակ, իրավիճակը սրվեց բոլշեւիկների 1920թ. մայիսյան ապստամբությամբ: Մայիսի 5-ին կազմվեց նոր կառավարություն, որն ընդունեց օրենք արտակարգ դրություն մտցնելու մասին: Մայիսի կեսերին կառավարական ուժերին հաջողվեց ճնշել ապստամբությունը, որը, սակայն, երկրի համար ծանր հետեւանքներ  ունեցավ:

1920թ. սկսվեց Հայաստանի միջազգային ճանաչման նոր շրջանը: Դեռեւս 1918-ի վերջին Հայաստանի խորհրդարանը կազմել էր հատուկ պատվիրակություն՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, եւ ուղարկել Եվրոպա՝ 1919թ. հունվարին Փարիզի Խաղաղության խորհրդաժողովում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Փարիզ էր ժամանել նաեւ արեւմտահայության շահերը ներկայացնող ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ։ Փարիզի խորհրդաժողովում Անտանտի երկրները որոշեցին փաստացի (դե ֆակտո) ճանաչել Հայաստանի անկախությունը: 1920-ի ապրիլի 24-ին Հայաստանը ճանաչեց նաեւ ԱՄՆ-ն: Հայաստանում ներկայացուցչություններ ստեղծեցին Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, միջազգային տարբեր ընկերություններ:

Թուրքիայի հետ հաշտության նախագծի մշակման համար 1920-ի ապրիլին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում կայացած խորհրդաժողովում մեծ տերությունների ղեկավարները հատուկ ուշադրություն հրավիրեցին Հայկական հարցին՝ լուծումը համարելով Հայաստանի երկու հատվածների միավորումը: Այդ նպատակով անհրաժեշտ էր, որպեսզի որեւէ մեծ տերություն ստանձներ Հայաստանի հովանավորությունը: ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը համաձայնեց ստանձնել այդ մանդատը, սակայն Միացյալ Նահանգների Սենատը մերժեց այն։

1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սեւր արվարձանում Անտանտի երկրները եւ Թուրքիան ստորագրեցին հայանպաստ պայմանագիր: Սակայն ստեղծված միջազգային նոր իրադրության պայմաններում այն կյանքի չկոչվեց: Ավելին, շուտով Թուրքիայում իրավիճակի տեր դարձան քեմալականները, որոնք չճանաչեցին ո՜չ Սեւրի պայմանագիրը, ո՜չ Հայաստանի Հանրապետությունը:

Միեւնույն ժամանակ, կառավարությունը փորձում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Այդ նպատակով խորհրդարանի փոխնախագահ Լեւոն Շանթի գլխավորությամբ հատուկ պատվիրակություն ուղարկվեց Մոսկվա: Սակայն քեմալականներն ու Խորհրդային Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտեցին հայ-ռուսական պայմանագրի ստորագրումը:

1920թ. մայիսին ռուսական Կարմիր բանակը մտավ Լեռնային Ղարաբաղ, հունիսին՝ Զանգեզուր, օգոստոսին՝ Նախիջեւան՝ առանց հայկական զինված ուժերի դիմակայության: Օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքվեց հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը հավանություն էր տալիս այդ գավառների՝ իբրեւ հայ-ադրբեջանական վիճելի տարածքների՝ ռուսական ուժերի ժամանակավոր գրավմանը:

Օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրվեց ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը, որով Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Ըստ էության՝ այդ համաձայնագիրը Հայաստանի դեմ էր:

Սեպտեմբերի 28-ին քեմալական բանակը, Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Հայաստանի վրա: Կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Բոլոր կուսակցությունները, բացի բոլշեւիկյանից, հանդես եկան հայրենիքի պաշտպանության կոչով:

Սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավեցին Սարիղամիշը, ապա՝ Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսի բերդը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը: Նոյեմբերի 18-ին հայկական կողմը հարկադրված էր ընդունել թուրքերի առաջարկած զինադադարը: Նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանից մտավ Իջեւան։

Դեկտեմբերի 2-ին Երեւանում, Հայաստանի եւ Ռուսաստանի ստորագրած համաձայնագրով, Հայաստանը հռչակվեց խորհրդային հանրապետություն, իսկ իշխանությունը ժամանակավորապես, մինչեւ հեղկոմի ժամանումը Երեւան, հանձնվեց զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ: Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած կառավարության պատվիրակությունն Ալեքսանդրապոլում կնքեց հայ-թուրքական նվաստացուցիչ պայմանագիրը, որով ավարտվեց հայ-թուրքական պատերազմը:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյություն է ունեցել ընդամենը երկուսուկես տարի, երբ  ռուս-թուրքական համատեղ ագրեսիայի  արդյունքում հանրապետության արեւմտյան եւ հարավ-արեւմտյան գավառներն անցան քեմալական Թուրքիային, իսկ արեւելյան գավառները խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայկական ԽՍՀ, Նախիջեւանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ ԱդրԽՍՀ կազմում եւ այլն։ Հայտնվելով միջազգային հակասությունների բարդ ու խառնակ հանգուցակետում, մշտապես ենթարկվելով Խորհրդային Ռուսաստանի ճնշմանը, լքված Արեւմուտքի օգնությունից` հայոց առաջին հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց: Նրան հաջորդեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյություն է ունեցել ընդամենը երկուսուկես տարի։ Սակայն, չնայած կարճատեւ կյանքին, անգնահատելի է նրա դերը հայոց անկախ պետականությունը վերագտնելու, վերակերտելու խնդրում, ինչը հայ ժողովրդի հաջորդ սերունդների համախումբ, միացյալ ջանքերով վերջնականապես կյանքի կոչվեց 20-րդ դարավերջին, հայոց զուգապետության՝ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակմամբ ու կայացմամբ։

Միքայել Հաջյան

1