Հայերի ժամադրավայրը հայրենիքն է
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության գրասենյակը շուտով կգործի նաեւ Արցախում։ Հենց այդ առաքելությամբ են այս օրերին Արցախում Համազգային միության ներկայացուցիչները։ «Ապառաժ»-ը Արցախում իրականացվելիք առաջիկա ծրագրերի, միության գործունեության եւ ռազմավարության շուրջ զրուցել է Համազգային հայ կրթական և մշակութային միության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանի հետ։
— Ինչպե՞ս հասունացավ Արցախում Համազգայինի գրասենյակ հիմնելու գաղափարը։
— Համազգային միության յուրաքանչյուր պատգամավորական ժողովի օրակարգային կետերից մեկը Արցախում գործունեություն իրականացնելու հարցն էր։ Ծրագրեր չէինք իրականացնում ուրիշ կազմակերպությունների փորձից ելնելով։ Պետական մարմինները չէին օժանդակում արտասահմանից եկած միությունների աշխատանքներին, արդյունքում՝ միությունների աշխատանքները չեն հաջողել։ Իսկ մենք համբերատար մարդիկ ենք։ Սպասեցինք այն օրվան, երբ մեզ կասեն՝ համեցեք։ Օրը եկավ եւ մենք այստեղ ենք։
— Արցախում ի՞նչ ռազմավարությամբ են իրականացվելու ծրագրերը։
— Արցախում ծավալվող աշխատանքները տարբերվելու են արտասահմանում իրականցվող ծրագրերից։ Այստեղ կրթական եւ մշակութային մակարդակի վրա աշխատելու խնդիր չունենք։ Սակայն մեր առջեւ ավելի բարդ խնդիր է։ Հայաստանի Համազգային գրասենյակի նվիրված եւ քրտնաջան աշխատանքի արդյունքում հաջողել է Հայաստան-Սփյուռք մշակութային կամուրջը։ Արցախն այսօր պետք է Արցախ-Հայաստան-Սփյուռք մշակութային կամրջի դերակատարությունը ստանձնի։
Սփյուռքի համայնքների միջեւ կապը եւ այդ համայնքների ու հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի միջեւ կապը պետք է լինի հաստատուն եւ տեւական։ Հայրենիքում ապրող եւ աշխարհով մեկ սփռված հայերի ամեն մի համայնք տարբերվում է իր մտածելակերպով եւ տեսակով։ Ամերիկահայերը, ֆրանսահայերը, լիբանանահայերը, բոլորը տարբեր են, սակայն բոլորի ժամադրավայրը հայրենիքն է։
Այստեղ է, որ հայերը պետք է հավաքվեն ամեն առիթով։ Բոլորին հնարավոր չէ բերել, սակայն պրոցեսը շարունակական է։ Այս տարի ես եմ եկել սփյուռքից, հաջորդ տարի մյուսը, եւ այդպես շարունակ։ Հայրենիքում երկու շաբաթ, մի ամիս կանցկացնեն, կպատմեն իրենց սփյուռքի ընկերներին եւ ժամանակի ընթացքում կստանանք միատեսակ հայ։ Միատեսակ՝ ոչ թե ձանձրալի, այլ՝ թեկուզ տարբեր ձեւով մտածող, սակայն հայկական մտայնությունը եւ մշակույթը կրող հայ։ Հայության համար դա շատ կարեւոր է։
Ասեմ նաեւ, որ սեպտեմբերին Հայաստանի համազգային գրասենյակի նախաձեռնությամբ Շուշիում լուսանկարչական ցուցահանդես է կազմակերպվելու։ Համազգայինը Արցախ է մտնում մեծ դռներից, եթե կարելի է այդպես ասել։
— Մայիսի 28-ին ՀՀԿՄՄ-ն տոնեց հիմնադրման հերթական ամյակը։ Որպես հաշվետվություն՝ ինչպե՞ս եք գնահատում 89-ամյա միության գործունեությունը։
— Համազգային միությունը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը՝ Մայիսի 28-ին։ Այսօր մենք մի քիչ դժվարություն ունենք, որովհետեւ հաջորդ տարի Համազգային միության 90-ամյակն է եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրության 100-ամյակը։ Բնական է, որ Համազգայինը միշտ ստվերում էր եւ շարունակելու է ստվերում մնալ։ Սակայն մենք ոչ միայն բարդույթ չունենք, այլ ուրախ ենք, որ այդպես է։ Ուրախ ենք, որ Համազգայինը հենց այդ օրն է հիմնադրվել։ Այդ խորհուրդը մեծ է եւ բարձրացնում է միության դերը։ Առաջին Հանրապետությունը հիմնադրած մարդկանց ստվերում գործունեություն ծավալելը պատիվ է։ Մենք այդ խորհրդի կրողն ենք։ Եվ այն բարոյական մեծ նշանակություն ունի մեզ համար։ Կարծում եմ՝ Համազգային միությունը այդ մարդկանց չի հուսախափել։
Չենք սիրում մեզ գովել եւ շիկնում ենք, երբ մեզ են գովում։ Սակայն մարդիկ հետեւյալ կերպ են պատասխանում այդ հարցին․ Համազգային միությունը 89 տարվա ընթացքում իր սուղ միջողցներով արել է անկարելին, որպեսզի երեխաները ստանան հաստատուն կրթություն եւ հայ մշակույթը վառ մնա Սփյուռքի հայկական համայնքներում։
— Ի՞նչ ծրագրեր է իրականացնում Համազգային միությունը։
— Ձեռնարկել ենք համացանցային հարթակ, որպեսզի սփյուռքում ապրող հայ երիտասարդության տրամադրության տակ դրվի հայկական բարձր մշակույթի տվյալները, որպեսզի նրանք չհեռանան հայությունից։ Սա մեր ամենակարեւոր ձեռնարկներից մեկն է։
Արհեստագիտական, տեխնոլոգիական իմաստով որոշ հարցեր ունի, եւ ժամանակատար է, բայց մի օր հասարակությանը կհասնի այդ ծրագիրը։
2-3 տարի առաջ Փարիզի Թարգմանչաց վարժարանի կողմից դիմում ենք ստացել՝ այդ վարժարանով զբաղվելու առաջարկությամբ։ Եվ, չնայած այն մեր վարժարանը չէ, սակայն ընդունեցինք առաջարկը եւ զբաղվեցինք այդ վարժարանի՝ մանավանդ կրթական եւ հայագիտական բաժնի մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Անցած երեք տարվա ընթացքում մենք նոր մասնաճյուղ ունեցանք Քուվեյթում։ Ժամանակին տեղական ուժերը հարմար չէին գտնում, որ Համազգայինը գրասենյակ ունենա այնտեղ, քանի որ մյուս միություններն արդեն կլանած էին ամբողջ գաղութը։ Հիմա, իրենց դիմումի հիման վրա այդ մասնաճյուղը կազմվեց եւ մեծ գործ է արվում։
Լուսինե Թեւոսյան