Հայաստանի համար ԼՂ անկախության ճանաչման հարցը հրատապ է. Պետո Դեմիրճյան
Հող հանձնելու շուրջ խոսակցությունները պետք է դադարեն: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Ըստ նրա՝ Հայաստանը չի կարող տարածք հանձնել անգամ Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան սահմանների բացման դիմաց: Խոսելով Մոսկվայում տեղի ունենալիք վաղվա հանդիպումից, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկելու են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը՝ Պետո Դեմիրճյանն ասաց, որ պետք է պարտադրվի Ադրբեջանին հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակի հետ համակերպվել:
— Օրերս Մոսկվայում տեղի կունենա ԼՂ հարցի շուրջ քննարկում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի այսչափ հետաքրքրվածությունը հիմնահարցի վերաբերյալ:
— Նախ և առաջ, պետք է նկատի ունենալ, որ առաջին անգամը չէ, որ Մոսկվայի կամ ընդհանրապես Ռուսաստանի տարածքում տեղի կունենան Արցախ-Ադրբեջան հարցին առնչվող քննարկումներ: Իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող երկիր, Ռուսաստանը միշտ ներգրավված է եղել հակամարտության բոլոր ոլորտների մեջ: Ուստի, այս առումով, նորություն չէ Ռուսաստանի հետաքրքրվածությունը։
— ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ քննարկվելու են հրատապ հարցեր: Ձեր կարծիքով՝ ի՞նչ «հրատապ» հարցերի մասին է խոսքը:
— Հավանաբար, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, համանախագահների հետ քննարկելու են Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռքբերված համաձայնությունները, որոնք առաջին քայլ կարող են համարվել շփման գծի երկայնքով լարվածության նվազման ուղղությամբ: «Հրատապ» հարցը, իմ դիտարկմամբ, կարող է լինել Ադրբեջանին ուղված պարտադրանքը՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
— Իսկ Ձեր կարծիքով «հրատապ» հարցերի շարքին չի՞ դասվում հողերի հանձման միջոցով ԼՂ հակամարտությունը լուծելու տարբերակը:
— «Հրատապ» հարցը մեզ համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի անկախության ճանաչման հարցն է, ազատ ապրելու ժողովրդի կամքը հարգելը և ինքն իր կամքով իր ապագան կերտելու իրավունքը: Հող հանձնելու մասին խոսակցությունները պետք է դադարեն, պետք է խոսենք այդ հողում բնակվողներին ամրացնելու ու շատացնելու գործիքների մշակման մասին:
— Ռուսական քաղաքագիտական շրջանակներից հայտարարում են, որ եթե Հայաստանը հինգ շրջանները հանձնի Ադրբեջանին, ապա կբացվեն փակ սահմանները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Այս սցենարը որքանո՞վ եք իրագործելի համարում:
— Այդ Ռուսաստանի քաղաքագիտական շրջանակնե՞րը պիտի բացեն Հայաստան- Թուրքիա ու Հայաստան- Ադրբեջան սահմանները, թե՞ այդ երկու երկիրները: Ի՞նչ երաշխիքներ կան, որ տեսականորեն այդտեղ հասնելու պարագայում, Թուրքիան ու Ադրբեջանը նոր պահանջներ չեն ներկայացնի: Նման խոսակցություններն անհիմն եմ համարում. այնքան միամիտ չենք: Տեսաք՝ ինչ պատահեց, երբ Հայաստան- Թուրքիա արձանագրություններից հետո Թուրքիան նոր պահանջներ ներկայացրեց: Հավանական է, որ վերջին շրջանում Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման շրջանակներում են այս հայտարարությունները: