Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, արվ. գ. դ., ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ Արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկկոյը, պաշտոնատար այլ անձիք:
Ցուցահանդեսում ներկայացված է 52 գեղանկար, 26 գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։
Ցուցահանդեսը գործելու է մինչև 2018 թ. հունվարի 15-ը:
Նշենք նաև, սեպտեմբերի 15-16-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կգումարվի «Ծովանկարչության սահմանները» միջազգային գիտաժողով` նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:
Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի ցանկում:
panorama.am