Հայ զինվորի համար առաջնագծում ծառայելը պատիվ է, ոչ թե պատիժ
Վերջերս Մեղրիի զորամասերից մեկում միջադեպ էր տեղի ունեցել. որոշ ժամկետային զինծառայողներ չէին ենթարկվել հրամատարներին ու ինքնակամ լքել էին զորամասը: Ըստ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի` զորամասի վերադաս հրամանատարությունն անցկացրել է համապատասխան ծառայողական քննություն եւ որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Արդյունքում`մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:
Թեմայի շուրջ Yerkir.am-ը խոսել է Շուշիի ազատագրման մասնակից, ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանի հետ:
— Պարո’ն Մխիթարյան, ինչպե՞ս կգնահատեք վերջերս Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպը:
— Կարող եմ ասել, որ դա անցյալ տարվա` 2018 թվականի ապրիլին խաղաղապահ բրիգադի զինծառողների` ծառայության վայրը թողնելու, ցուցարարներին միանալու և անպատիժ մնալու հետևանքն է: Այն ժամանակ կարգազանցները չպատժվեցին, հանցագործությունը ներվեց, իսկ զորամասի հրամանատարն առաջխաղացման կարգով տեղափոխվեց այլ ծառայության: Հենց սա պատճառ դարձավ, որ արդեն Մեղրիի պարագայում զինվորներն ինքնակամ լքեն զորամասի տարածքը` տարբեր կարգախոսներով, օրինակ`«Մահ ոստիկաններին», «Կյանք գողերին»: Նրանց կարգազանցությունն այսքանով չի սահմանափակվում: Հայտնի է, որ նրանք բավականին արտոնյալ կարգավիճակում են իրենց զգացել` հագել են այն համազգեստը, որն իրենք են ցանկացել, չեն սափրվել`պատճառաբանելով, թե վարչապետն էլ է մորուքով: Այս ամենն ընդամենը հետևանք է բանակի նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականության: Ամեն անգամ նմանատիպ ձևերով հեղինակազրկելով բանակը` կարող է կրկնվել 1920 թվականի այն սցենարը, երբ բոլշևիկները կազմալուծեցին հայկական բանակը, որը համարվում էր տարածաշրջանի ամենամարտունակն ու հաղթանակածը: Բայց ի՞նչ ստացվեց, փաստորեն, Կարսը հանձնվեց առանց կրակոցի: Հենց Կարսի տարբերակն է կրկնվում Մեղրիում: Այն ժամանակ բոլշևիկներն էին բանակը կազմալուծելուն ուղղված քարոզչություն տանում, հիմա` Սորոսի լակոտները: Ստացվում է` 100 տարի հետո կրկնվում է Կարսի հանձնման գործընթացը` արդեն Մեղրիում, ու դա ոչ թե վերաբերում է միայն Մեղրիին, այլև ընդհանուր բանակին:
— Արդյո՞ք ճիշտ էր իշխանությունների` կարգազանցներին առաջնագիծ տեղափոխելու որոշումը:
— Երբևիցե առաջնագիծը պատիժ չի կարող համարվել: Նախ` դատախազությունն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցված այդ զինծառայողների նկատմամբ: Նախաքննության ավարտից հետո ինչ-որ դատական պրոցես կընթանա, բայց ես համոզված չեմ, որ նրանք կպատժվեն: Եթե ներվեց խաղաղապահ բրիգադի հանցագործությունը, ապա ժամկետային զինծառայողները, թերևս իմ կարծիքով, շատ թեթև պատիժներով գլուխները կազատեն: Կրկնում եմ` հայ զինվորի համար պատիվ է առաջնագծում ծառայելը, հայ զինվորի համար իր ընտանիքի անվտանգությունն ապահովելը նախևառաջ առաքելություն է, ու ինչ-որ տհասների առաջնագիծ կամ առաջնագծի զորամաս ուղարկելը պատիժ համարելը ընդամենը նրանց տհասության արդյունքն է:
Չնայած իշխանությունների` բանակի հեղինակազրկմանն ուղղված այս քաղաքականությանը` համոզված եմ, որ ոչինչ չի ստացվելու, որովհետև բոլորը շատ լավ հասկանում են` մեր միակ փրկությունը մեր միասնականության ու բանակի հզորության մեջ է: Եթե ուզում ենք կանխարգելել պատերազմը, պիտի պատրաստ լինենք դրան և մեր պատրաստականությամբ էլ ստիպենք, որ հակառակորդը երբևէ չմտածի հարձակվելու մասին:
Զրուցեց Մայա Ավետիսյանը