Հայ դատը իմ կյանքի ճանապարհն է
Գլխավոր » Լրահոս » Հայ դատը իմ կյանքի ճանապարհն է

Հայ դատը իմ կյանքի ճանապարհն է

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի քաղաքական թեմաներով մեկնաբանություններն ու հարցազրույցները հրապարակվում են գրեթե ամեն օր, համարյա բոլոր կայքերում: «Ապառաժ»-ը եւս բազմիցս առիթ է ունեցել զրուցելու Հայ ազգի, Հայ Դատի եւ հայրենիքի Նվիրյալ Գասպար Կարապետյանի հետ: Այս անգամ, սակայն, զրույցի թեման քաղաքական չէ. նյութն ամբողջությամբ նվիրված է Գասպար Կարապետյան անհատին:

– Հիմնական ի՞նչ սկզբունքներով են դաստիարակել ձեզ Ձեր ծնողները:

– Դաստիարակությունս, անշուշտ, ազգային էր։ Մայրական կողմի պապիկս ունեցել էր ազգային, կուսակցական անցյալ եւ եղել է Մուստաֆա Քեմալի ուժերի կողմից փնտրվող անձերից մեկը Իզմիրում: Ծնողներս եւս կրելով ազգային դաստիարակությունը՝ նույն սկզբունքներով են դաստիարակել ինձ՝ նախ ուսում տալով հայկական նախակրթարանում, ապա անդամագրելով ինձ նոր հիմնված ՀՅԴ պատանեկան, երիտասարդական եւ սկաուտական միություններին: Հիմնական դերակատարություն ունեցավ նաեւ Բեյրութի Նշան Փալանջյանի անունը կրող գիշերօթիկ վեցամյա ճեմարանը, որտեղ ուսում ստացա Սիմոն Վրացյանի տնօրինության եւ Մուշեղ Իշխանի, Գառնիկ Փանյանի, Հրաչ Տասնապետյանի, Կարո Սասունի, Կոմսի, Արշավիր Շիրակյանի եւ Միսաք Թոռլաքյանի շնչով։

– Որո՞նք են սփյուռքում ապրելու լավ եւ վատ կողմերը:

– Սփյուռքում ապրելու վատ կողմը նախ եւ առաջ ձուլվելու վտանգն է, ինչը հասկանալի է եւ անխուսափելի։ Մեր կառույցներն ու նախ եւ առաջ ընտանիքները պետք է կարողանան դիմադրել այդ վտանգին: Մենք ամեն երկրում չէ, որ ունենք հայկական դպրոցներ, ակումբներ, միություններ եւ եկեղեցիներ, որոնք պետք է հայկականության ճանապարհը ցույց տան երիտասարդությանը։ Բայց, այնուամենայնիվ այսօրվա դրությամբ մենք հաջողում ենք այս հարցում:

Լավ կողմն այն է, որ բազմաթիվ երկրներում ունենալով հսկա սփյուռք, կարելիություն ունենք ազդելու, ճնշում գործադրելու եւ այնպիսի գործունեություն ծավալելու, որը բխում է Մայր հայրենիքի շահերից:

– Ինչպե՞ս որոշեցիք թոշակի անցնելուց հետո ուսում ստանալ Հունաստանի Ազատ համալսարանի «Եվրոպական պատմության եւ մշակույթի» բաժնում:

– 2007 թվականին, 59 տարեկան հասակում որոշեցի, որ պետք է լուրջ գործով զբաղվեմ: Հունաստանի Ազատ համալսարանը երկրորդ մասնագիտություն ունենալու հնարավորություն էր ընձեռնում տարիքով մեծ կամ ուսումը կիսատ թողած անձանց։ Բախտ ունեցա ընդունվել եւ երեք տարի հեռակա ուսում ստանալ «Եվրոպական պատմության եւ մշակույթի» բաժնում:

Թեեւ երկար տարիներ փորձառություն ունեի քաղաքական կյանքում, բայց պետք է ասել, որ այդ համալսարանն ինձ բավականին օգնեց հասկանալու եւ ճիշտ գնահատելու որոշ հարցեր:

– Անդամակցել եք Համազգայինի թատերական խմբին: Հետաքրքիր է՝ որպես դերասա՞ն:

– Այո, որպես դերասան: Դա շատ երիտասարդ տարիքում էր/ժպտում է․-հեղ․/։ Համազգային հայ կրթական միության շրջանակներում Հունաստանում գործում էր թատերական խմբակ, եւ ես, որպես ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ, օգնեցի մի քանի ներկայացումների բեմականացմանը:

Հիշում եմ՝ խաղացել եմ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպի գլխավոր հերոս Աբիսողոմ աղայի դերը։ Նաեւ մի քանի անգամ տեր հոր եւ ֆիդայիների դերեր։

Թատրոնի նկատմամբ սերս առաջացել էր վաղ տարիքից եւ մինչեւ այսօր հաճախ եմ լինում ներկայացումների:

– 1991 թվականից առ այսօր աշխատում եւ ղեկավարում եք ՀՅԴ Հայ Դատի տարբեր գրասենյակներ: Ի՞նչ է Ձեզ համար Հայ Դատը. արդյո՞ք ապրելակերպ:

– Մինչեւ Բրյուսելում հաստատվելս եւ Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահությունը ստանձնելը երկար տարիներ աշխատել եմ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբում ե՛ւ որպես հանձնախմբի անդամ, ե՛ւ որպես նախագահ:

Հայ Դատը իմ կյանքի ճանապարհն է։ Դեռեւս երկար ճանապարհ ունենք անցնելու՝ Արցախի ճանաչումը, Ցեղասպանության հատուցումը, Հայաստանի բարգավաճումը, ջավախքահայության եւ սիրիահայության հարցերը մեր առջեւ են։ Դա մեր առաքելությունն է եւ պարտավորությունը:

– Հայ Դատի նպատակներին հասնելու ո՞ր փուլում ենք այսօր:

– Փուլ չի կարող լինել, որովհետեւ կյանքը մնայուն ընթացքի մեջ է։ Արցախը ազատագրվեց, բայց Արցախի հարցը չլուծվեց դրանով։ Հայաստանն այսօր անկախ է, բայց Հայաստանն ահագին մարտահրավերներ ունի իր առջեւ։ Բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, բայց Թուրքիայի կոցմից ճանաչումը եւ հատուցումը դեռեւս իրողություն չէ:

Նույնիսկ եթե վաղը Արցախի հարցը լուծվի, դրանից հետո պետք է աշխատենք Արցախի բարգավաճման եւ ավելի լայն շրջանակի, միջազգային ընտանիքի մեջ ընդգրկվելու ուղղությամբ։ Հայաստանը բարգավաճեցնելուց հետո պետք է ջանք թափենք որպեսզի Հայաստանը կանգնի Սփյուռքի թիկունքին եւ բարգավաճեցնի սփյուռքի հայկական համայնքները։ Որքան մենք՝ հայերս գոյություն ունենանք, պետք է պայքարենք: Այդ պայքարի մի բաժինը իր վրա են վերցրել ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները։

– Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը բոլորովին վերջերս նախաձեռնել է երիտասարդների վերապատրաստման ծրագիր: Կպատմե՞ք ծրագրի մասին. ի՞նչ նպատակ է հետապնդում այն:

– Կարծում եմ, որ նոր սերնդին պետք է փորձառություն ձեռք բերելու հնարավորություն տալ եւ Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը ներկա դրությամբ իրականացնում է երիտասարդական երկու ծրագիր:

Արցախի երիտասարդների վերապատրաստման ծրագրի շրջանակներում 3-4 ամիսների ընթացքում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակում, այնուհետեւ Եվրոպական խորհրդարանում վերապատրաստում է անցել արդեն 3 երիտասարդ:

Հայաստանի երիտասարդների համար նախատեսված «Վահան Հովհաննիսյան» վերապատրաստման ծրագրում ընգրկվել է արդեն 4 երիտասարդ: Այս ծրագրի տեւողությունը 5-5.5 ամիս է:

Ծրագրի շրջանակներում երիտասարդներին հնարավորություն է ընձեռնվում մոտիկից ծանոթանալու Եվրոպային, Եվրոպական խորհրդարանին, աշխատելու խորհրդարանի պատգամավորների հետ:

– Ձեր թիմի գերակշիռ մասը կազմում են երիտասարդները: Որքանո՞վ է կարեւոր երիտասարդների ներգրավվածությունը եւ ի՞նչ գնահատական կտաք նոր սերնդին:

– Իմ առաքելությունը երիտասարդներ վերապատրաստելն է եւ փորձառությունս փոխանցելը։ Ամբողջ կյանքի ընթացքում ինձ բախտ է վիճակվել աշխատել երիտասարդների հետ, եւ միշտ հավատ եմ ունեցել նոր սերնդի նկատմամբ:

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների եւ հանձնախմբերի գերակշիռ մասը կազմում են երիտասարդները, որոնք հետեւում ունենալով մի քանի փորձառու մարդկանց, կկարողանան դիմագրավել եւ լուծումներ տալ բոլոր հարցերին:

Այն գնահատականները, որոնց արժանանում է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը, հիմնականում պետք է վերագրվեն երիտասարդների, որովհետեւ, եթե երիտասարդները չլինեին, ես ոչինչ չէի կարողանա անել: Իրենք կարեւոր դերակատարություն եւ մասնակցություն ունեն այդ աշխատանքներում։

– Մի շարք պետական պարգեւների եւ մեդալների եք արժանացել ինչպե՛ս Արցախի, այնպե՛ս էլ Հայաստանի իշխանությունների կողմից: Ի՞նչ զգացողություն եք ունենում պարգեւատրման պահին:

– Անշուշտ, երբ ինչ-որ մեկը պարգեւատրվում է իր կատարած աշխատանքերի համար, հուզիչ է: Պարգեւները հավելյալ պարտավորություն են, որովհետեւ դրանք արտահայտում են քեզ պարգեւատրողների հավատը քո գործի եւ քո առաքինության նկատմամբ: Դա ինձ համար նոր մարտահրավերներ դիմագրավելու եւ նոր թափով պայքարելու պարտավորություն է։

Զրուցեց Լուսինե Թեւոսյանը

1