Կրթական համակարգը արմատական բարեփոխումների պահանջ ունի
Ինչքան էլ որ դպրոցը պետության հիմքն է, մանկավարժական ասպարեզը, դատելով ընդունելության տվյալներից, գնալով կորցնում է իր գրավչությունը, դիմորդների քանակը տարեցտարի նվազում է, դրան զուգահեռ նաև կրթական մակարդակի շեմը: Այս և նման հարցերի շուրջ «Արցախթայմսը» զրուցել է ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
— Ինչու՞ է մանկավարժական ասպարեզը զիջում դիրքերը, որո՞նք են նրա դերի բարձրացման ուղիները:
Խնդիրները բնագավառում շատ են և դրանք լուծելու համար պետք է համալիր որոշումներ կայացնել: Բացառվում է մի ուղղությամբ ինչ որ քայլեր ձեռնարկել ու հաջողություն գրանցել: Առաջին հերթին պետք է փոխվի մանկավարժի սոցիալական վիճակը, որի բարձրացումը ինքնըստինքյան բերելու է նաև տվյալ կադրերի պոտենցյալի մեծացման: Բնագավառը գրավիչ է դառնալու շատերի համար: Երկրորդ` մենք պետք է փորձենք փոխել պետություն և ԲՈՒՀ հարաբերությունը, որովհետև, եթե ԲՈՒՀ են ընդունվում բոլոր ցանկացողները, նույնիսկ ցածր գիտելիքներով, ապա չեմ գտնում, որ դա վերաբերվում է զուտ մանկավարժականին, այլ դա համատարած մի երևույթ է: Ուստի կրթությունը պետք է դառնա մրցութային, որպեսզի ամեն մեկը ԲՈՒՀ ընդունվել չկարողանա: Եթե պետպատվեր կա, ապա պետք է կարողանալ պետպատվերով ավարտած ուսանողին համապատասխան աշխատանքով ապահովել, հետևաբար, անհրաժեշտ է ճիշտ հաշվարկել աշխատատեղերն ու պետպատվերի քանակը, ասել է թե, առաջարկը համապատասխանի պահանջարկին, որպեսզի այդ պետպատվերը պետության համար զուր ծախս չդառնա: Երբեմն ճիշտ չեն կառուցվում պետություն – ԲՈՒՀ հարաբերությունները: Ես կողմնակից եմ և ճիշտ եմ համարում ուսումնարանների գործունեության խթանումը, որն օգնել է ինչ որ չափով խնդրի կարգավորմանը: Սակայն այստեղ ևս բաց ունենք, որը շտկելու կարիք ունի: Պետք է հստակեցվեն այն աշխատատեղերը, որտեղ կարող է աշխատել ուսումնարանի շրջանավարտը և այդ պաշտոնների անձնագրերում անպայման նշված լինի: Անընդունելի է, որ մագիստրոսական աստիճան ունեցող շրջանավարտը, որպես առաջին կարգի մասնագետ է աշխատում, մենք ինքներս պետք է պետպատվերի հարգն իմանանք:
Բացի այդ մանկավարժական ասպարեզում գոյություն ունի նաև տղաներ – աղջիկներ հարաբերակցության խնդիրը, գնալով նվազում է տղաների թիվը, որը բնականաբար, բերում է որոշակի թերությունների:
Խոսքը ոչ միայն մանկավարժական կրթությանն է վերաբերում, այլ առհասարակ, կրթական համակարգին, որտեղ արմատական բարեփոխումներ են պահանջվում: Տարիներ շարունակ չենք փորձել հետևել, թե շրջանավարտը ինչո՞ւ չի պահանջվող գիտելիքներով ԲՈՒՀ-ն ավարտել: Արտասահմանյան ԲՈՒՀ-երն իրենց ծրագրի մեջ հատուկ գլուխ ունեն, որը պահանջում է ուսումնասիրել իրենց շրջանավարտների աշխատանքի տեղավորման ընթացքը և արդյունքները, որովհետև այդ արդյունքների հիման վրա իրենք համապատասխան եզրահանգումներ են անում: Ասել է թե ԲՈՒՀ-երն իրենց շրջանավարտների ոչ միայն ապագա այլ ապագայում նրանց դրսևորման մակարդակն են ուսումնասիրում, վեր հանելով առկա թերացումները: Մենք այս ասպարեզում շատ թույլ ենք և լուրջ անելիքներ ունենք: Երկրորդ, ԲՈՒՀ-երը պետք է շրջանավարտների վերաբերյալ որոշակի դիրքորոշում ունենան: Երրորդ` պետք է արմատապես փոխել ատեստացիայի ձևը, այն ատեստացիան, որն այսօր գոյություն ունի, իմ խորին համոզմամբ, ձևական է ու խնդիրը այն է, որ այդ ատեստացիան չի բերում ռեալ պատկերի ուսումնասիրման: Պետք է այնպես անել, որ ատեստացիան ճիշտ պատկերը տա, որ կարողանաս շտկել թերացումները: Ատեստացիայի խնդիրը չպետք է նմանվի դատավարական գործընթացի, այլ պետք է կարողանաս ճիշտ ու պարբերական աշխատանք տանել: Այս առումով շատ հետաքրքիր է Իտալիայի փորձը, որը բերում է մանկավարժի շարունակական կատարելագործմանը:
— Ի՞նչ կասեիք ուսուցիչ-աշակերտ իրավահարաբերությունների մասին
— Դպրոցը դա ուսուցիչների և աշակերտների միասնությունն է և չի կարելի դպրոցը վերածել ուսուցիչների մոնոպոլիայի ու հակառակը, չի կարելի ժողովրդավարության անվան տակ ուսուցիչներին խոցելի դարձնել: Բնական է, որ ուսուցիչը պետք է ղեկավարման իր սիստեմն ունենա, բայց անհրաժեշտ են մանկավարժական չափանիշներ, որոնց պետք է հետևի մանկավարժը, իսկ այդ չափանիշների մեջ արտահայտված են երեխաների իրավունքները: Մանկավարժական մեթոդիկայի առումով մենք դեռ շատ բան ունենք ուսումնասիրելու արտասահմանյան պրակտիկայում, որտեղ կրթությունը և կյանքը իրար համալրում են: Աշակերտի և ուսուցչի իրավունքները կարող են պահպանվել այն դեպքում, եթե արդյունքը կյանքում կիրառվում է: Աշակերտի լավ սովորելը չպետք է կախված լինի միայն ուսուցչի ջանքերից: Մենք մոռանում ենք մի կարևոր հանգամանք՝ այնպես անել, որ աշակերտը ոչ միայն ուսոցչի ջանքերով սովորի, այլ կյանքին նայելով հասկանա լավ սովորելու կարևորությունը, ինչը արտասահմանում շատ լավ կարգավորված է: Կյանքը պետք է ստիպի աշակերտին սովորել: Ահա այստեղ պետք է փոփոխություն կատարել, բայց մենք անընհատ շեշտը դնում ենք հոգեբանականի վրա: Անշուշտ հոգեբանականը մեծ նշանակություն ունի, բայց կրթական համակարգը պետք է իր շարունակությունը գտնի կյանքում: Եթե այս մեխանիզմը չգործի, լինելու են անհատականացված խնդիրներ, որտեղ սխալներ միշտ էլ լինում են: