Կուսակցություններն ու քաղաքական պատասխանատվությունը
Արցախում 2020 թվականին կայանալիք ընտրությունների նախաշեմին քաղաքական ասպարեզում ականատես ենք լինում նոր քաղաքական կուսակցությունների կազմավորմանը: Կարելի է բնական համարել այս երեւույթը: Ըստ Արցախի գործող օրենքի, Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով: Յուրաքանչյուր անձ, եթե ուզում է հայտնվել խորհրդարանում, պետք է ներգրավված լինի կուսակցական ցանկում: Սակայն կուսակցության գոյությունը հասարակական դաշտում միայն Ազգային ժողովի աթոռի ապահովման համար չէ:
Նախ, յուրաքանչյուր կուսակցություն պետք է ունենա քաղաքական կողմնորոշում: Իսկ քաղաքական կողմնորոշման խորքում գաղափարական հենքն է: Կուսակցություններն ստեղծվում են համախմբելու համար հանրության մեջ գոյություն ունեցող միեւնույն գաղափարական համոզմունքներն ունեցող անձանց, եւ այդ գաղափարական համոզմունքների հիման վրա ներկայացնում են իրենց ծրագրերը: Փաստորեն, ելնելով իրենց սկզբունքներից ու տեսլականներից կուսակցությունները նպատակաուղղված են առաջնորդելու հանրությանը, պետական համակարգը եւ, վերջապես, երկիրը՝ ելնելով իրենց սկզբունքներից ու տեսլականներից:
Վերը նշված բոլոր նախադրյալները կուսակցության ստեղծման եւ գործունեության համար ոչ միայն անհրաժեշտ են, այլ նաեւ կուսակցության գոյատեւման հիմնաքարերն են: Միաժամանակ գաղափարական հենքի վրա ծրագրային առաջադրանքներով հանրության մեջ գործող կուսակցություններն իրենց վրա պարտավոր են կրել պատասխանատվություն: Պատասխանատվություն՝ նախ եւ առաջ իրենց արածի, իշխանության ժամանակ եղած ժամանակաշրջանում խոստումների ու ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ քաղաքական յուրաքանչյուր իրադրության համար, որին այսպես թե այնպես մասնակցություն են ունեցել: Քաղաքական կուսակցությունը կոչված է առաջնորդելու հանրությանը, իսկ առաջնորդ լինելը շատ ավելի պատասխանատու առաքելություն է, քան լոկ իշխանավոր լինելը: Առաջնորդի դերի ստանձնումը, իհարկե, ծանր է, քանի որ առաջնորդողը պետք է ունենա այն ունակությունը, որ յուրացնելով հանրության իղձերն ու տեսլականները՝ կարողանան դրանք փոխանցել նաեւ հաջորդ սերունդներին:
Վերադառնանք մեր իրողությանը:
Արցախում ձեւավորվող մանր ու խոշոր կուսակցություններն արդյո՞ք հավակնում են դառնալ առաջնորդ: Հաճախ ենք հանդիպում այն երեւույթին, որ Դաշնակցության ներկայացուցիչներին հանրության զանազան խավեր հարց են տալիս՝ «այդ մասին ի՞նչ է մտածում Դաշնակցությունը», կամ «ո՞րն է Դաշնակցության դիրքորոշումը հարցի կապակցությամբ»: Եվ այդ հարցերը հնչում են մինչեւ անգամ այն շրջանակներում, որտեղ ընտրությունների ընթացքում Դաշնակցությունը չի կարողացել ապահովել ակնկալած ձայները: Այդ հարցերը հնչում են նաեւ Դաշնակցության կողմ չքվեարկածների կողմից: Դաշնակցությունն իր կեցվածքով ու քաղաքական կենսագրությամբ՝ անկախ այն բանից, որ իշխանություն է, թե ոչ, ապացուցել է, որ ունակ է ստանձնելու պատասխանատվություն: Հենց այդ պատճառով էլ հանրության համար միշտ առկա է Դաշնակցության տեսակետի ընկալման կարեւորությունը:
Հպանցիկ դիտարկումը թույլ է տալիս ասել, որ մեր իրականության մեջ չափազանց շատ են մարդ-կուսակցություններն ու մասնավոր կամ սեփական կուսակցությունները: Մի բան պարզ է՝ դա երկիրը թուլացնելու լավագույն միջոցներից մեկն է, արդյո՞ք նմանօրինակ կուսակցությունների հետեւում կանգնաց մարդիք գիտակցո՞ւմ են այդ իրողությունը:
Անձնական նկրտումներից դրդված կուսակցությունների ստեղծումը կամ մի ամբողջ կուսակցական կառույցն անձնական շահերին ծառայեցնելու երեւույթները դատապարտված են կարճ կյանք ունենալու: Իսկ ինչ-որ ժամանակով իշխանության աթոռին բազմելու համար հանրության զգացմունքների հետ խաղալը, մեղմ ասած՝ պատվաբեր չէ:
«Ապառաժ»-ի խմբագրական, 2 հոկտոմբորի, 2019թ.