Կոմիտասի երգերի մեջ մեր հարատևության գաղտնիքն է ավանդված. Գևորգ Հաճյան
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ, կկայանա լիբանանահայ հայրենադարձ երգիչ Գևորգ Հաճյանի համերգը, որը նվիրված է մեծ երգահան Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Համազգայինի Արցախի գրասենյակից մեր թղթակցին տեղեկացրին, որ համերգից հետո երգիչը յոթ օր մնալու է Կովսականում եւ տեղի երիտասարդներին ու դպրոցականներին ուսուցանելու է կոմիտասյան երգեր:
Ներկայացնում ենք «Ապառաժ»-ի զրույցը Լիբանանի Այնճար քաղաքում ծնված, այնուհետև հայրենիքում հաստատված երգչի հետ՝ Կոմիտասի, համերգի և ընդհանրապես հայկական երգի շուրջ:
— Այս տարի հայ մեծանուն երգահան, երգիչ, վարդապետ Կոմիտասի 150-ամյակն է: Որպես նրա երգերի մեկնաբան, կարող եք կիսվել՝ ո՞րն է, ըստ Ձեզ, նրա թողած կարեւորագույն պատգամը:
— Նախ եւ առաջ, շնորհակալ եմ ՀՅԴ Արցախի ԿԿ «Ապառաժ» թերթին, որ դարձյալ առիթ է ընձեռում հայ մամուլի միջոցով խորհրդածություններս կիսելու։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ Արցախի Համազգայինի գրասենյակին, որ կրկին այսպիսի առիթ ստեղծեց, որպեսզի հայ հանդիսատեսի հետ կարողանամ Կոմիտաս եւ ռազմահայրենասիրական երգերս կատարել։
Այո, մանկության օրերից Կոմիտասի ստեղծագործությունները ինձ համար եղել են հայ երգին սիրահարվածությանս բանալին։ Կոմիտասի կարևորագույն պատգամի մասին խոսելիս՝ անմիջապէս մտածում եմ հայ մնալու եւ հայորեն ապրելու մասին։ Նահատակությամբ կտակված պատգամ է այն։ Այլ խոսքով՝ Կոմիտաս Վարդապետի ժառանգության մեջ մեր ժողովրդի հարատևության գաղտնիքն է ավանդված, ազգային մեր ինքնուրույն դիմագիծն ու պայքարը։
— Բացի հսկայական բանահավաք աշխատանքներից Կոմիտասը հայ երգը ներկայացրել է բազմաթիվ օտար բեմերում և նպատակ ուներ ապացուցելու, որ հայն ունի ինքնուրույն երաժշտական մշակույթ: Այսօր, 150 տարվա հեռավորությունից նայելով, արդյո՞ք երգահանը հասել է իր նպատակին:
— Ձեր այս հարցը առաջին հարցի տրամաբանական շարունակությունն է. Կոմիտասը իր հանճարեղ մաքրագործմամբ օտարածին ելևեջներից դասականացրեց հայ երգը՝ հայ երգի կատարողական արվեստը դնելով միջազգային մրցունակ երգի կողքին։ Առ այդ, այսօր երբ հայ երգիչ-երգչուհիները Հայաստանից դուրս են Կոմիտաս մատուցում, օտար հանդիսատեսը մեծ աչալրջությամբ եւ գրավվածությամբ է ըմբոշխնում այն, որովհետեւ այնտեղ ներկայացվածը հայի մաքրամաքուր եւ ջինջ հոգուց բխած ոգին է, որ սավառնում է դահլիճներից ներս։ Այս առումով նաեւ չենք կարող բավարարվել միայն ասելով, որ, այո, նա հասել է իր նպատակին, այլ այդ միտքն ու գաղափարը մեր ամենօրյա ճիգի մեջ պետք է մնա՝ որպես կոմիտասավանդ հայորդիք։
— Ինչքանո՞վ եք արժևորում երգի դերը ազգային դաստիարակության գործում և արդյո՞ք երգի նկատմամբ սերը դերակատարություն է ունեցել Ձեր հայրենադարձության գործում:
— Անշուշտ, հայ երգը առանցքային դերակատարություն ունի յուրաքանչյուր հայի հոգեմտավոր կերտվածքում։ Այնտեղ են հայի ոգին, հայի երազանքները, ուրախությունը, վիշտը, խինդը, աշխատանքային եռանդը, սիրո մասնիկը, բնության հանդեպ սերը, մարդասիրությունը, ավանդությունների պահպանումը, հոգեւոր ապրումները, աստվածավախությունն ու հավատքը, ազգային նիստ ու կացը, հայրենասիրությունը, ռազմատենչ առնականությունը, պարերգությունը եւ այսպես շատ ու շատ անթիվ — անհամար ապրելաձեւն ու տեսիլները…
Այո, շատ կարեւոր է նաեւ կոմիտասյան երգի մեջ տեսնել ու ապրել հայրենադարձությունը։ Կոմիտասն ինքը նաեւ երգահավաք էր։ Այսօր իր երգերը դարձել են հայահավաքի ինքնուրույն բանալիներից մեկը։ Բոլոր մենահամերգների ժամանակ, հատկապես Հայաստանից դուրս, անպայման այս գաղափարն եմ բարձրաձայնում հանդիսատեսի հետ, եւ ծափողջույններով է դիմավորվում այս գաղափարը, որը խորքային իմաստ ունի եւ նաեւ ազդեցիկ է։
— Դուք հաճախ եք ելույթներ ունենում Արցախի տարբեր շրջաններում, իսկ մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում է կայանալու հերթական համերգը: Ինչպե՞ս եք գնահատում այդպիսի համերգների դերը ազգային-հայրենասիրական երգերի մեկնաբանության ու տարածման գործում:
— Այս հարցումը շատ կարեւոր է: Իր բովանդակության մեջ Կոմիտասը ապրել ու ապրեցնել է նշանակում։ Այո՛, արցախահայության հետ, ե՛ւ ժողովրդի մոտ, ե՛ւ Պաշտպանության բանակում իմ մենահամերգները կյանքիս անկյունադարձային պահերն են, կարող եմ շատ մեծ հպարտությամբ նշել, որ Արցախում Կոմիտաս երգելը մեծ դերակատարություն ունի՝ իմ պահանջատիրության ոգին միշտ վառ պահելու իմաստով։ Նախ անդրադառնում եմ, որ Արցախն ազատագրված է եւ իրավատիրոջ արժանի հայաշխարհն է, Արցախի մարդկային մաքրագործումը ինձ համար նույնն է, ինչ որ Կոմիտասն արեց հայ երգի պարագայում։ Այսօր Արցախը հպարտ է իր հայեցի դիմագծի վերստին ձեռքբերումով, այսօր մենք ունենք ազատագրված տարածքներ, որոնցից Կովսականը օրեցօր ծաղկում է, եւ այս ընթացքում այնտեղ գտնվել ու երգել Կոմիտաս, ազգային — հայրենասիրական երգեր, նշանակում է՝ ամուր պահել հայի ոգին ու կամքը. այն հայի, ով իր ազատ կամքով եկել եւ վերաբնակեցնելով հայրենի հողը, ամեն տեսակի դժվարություններ հաղթահարելով, հայ օջախ է հաստատում սահմանին կից եւ պայքարում է սահմանն ամուր պահելու համար։ Այստեղ, ահավասիկ, Կոմիտասն ու հայ մարդը նույնանում են հայ զինվորին կողքին և հանդիսանում են հայապահպանման, ազգային անվտանգության հարցի վառ օրինակ։
Եւ այս անգամ ոչ թե միայն որպես երգիչ եմ այցելում, այլ իմ կամքով տեղի պատանիներին, երիտասարդներին մեկ շաբաթ հայ երգը պիտի ուսուցանեմ, եւ վերջին օրը հանդիսատեսի առջեւ ելույթ պիտի ունենան արդեն սաներս՝ մատուցելով Կոմիտաս եւ ազգային հայրենասիրական երգեր։ Եւ կցանկանայի, որ այս նախաձեռնությունը լիներ մշտական, եւ մեր բոլոր հեռու-մոտիկ գյուղերն արժանանային այսպիսի հոգատար մշակութային ծրագրերի։
Բացի դրանից, իմ ծննդավայր Այնճարը Կովսականի հետ քույր քաղաք է, և այնտեղ ելույթ ունենալը առանձնահատուկ նշանակություն ունի ինձ համար:
Շնորհակալ եմ Արցախի Համազգայինի գրասենյակին, որ այսպիսի ձեռնարկների միջոցով մեծարում ենք մեր ազգի պարծանք հանդիսացող Կոմիտասին ու իր արժանի ժամանակակիցներին, որոնք այսօր էլ նույնն են հորդորում՝ ապրել ու շենացնել հայի հողն ու տունը։
— Երկար տարիներ բնակվել եք օտար երկրում և բնականաբար բախվել սեփական մշակույթը պահպանելու խնդրին, հայրենիքում այդ առումով խնդիրներ տեսնո՞ւմ եք արդյոք:
— Բոլոր ժամանակներում եւ աշխարհի ամեն անկյունում հայը գերխնդիր է ունեցել եւ ունի՝ պահելու ազգային իր տեսակը, իր լեզուն, իր մշակույթը։ Այսօրվա գերզարգացող աշխարհում, որպես փոքրիկ, սակայն հնագույն ազգ, ունենք մեր դժվարությունները, սակայն այստեղ ամենակարեւորը ճկուն լինելն է, եւ յուրաքանչյուր ժամանակ պետք է որոնել ու գտնել հայ պատանու մտքին ու սրտին հասնելու մատչելի եւ հաղորդակից ճանապարհներ, նրա կրթության, դաստիարակության ընթացքում տալ ազգի հարատևման գաղտնագրությունը, հայ երգի, Կոմիտասի, Խրիմյան հայրիկի պատգամը…
Հայոց փրկության կարգախոսը ե՛ւ հայ զինվորի զենքով, ե՛ւ կոմիտասյան երգով է այսօր տարածուն, եւ արժանի տեղը պետք է ունենա հայ մարդու մեջ, որովհետեւ երկուսի ճիշտ կիրառմամբ է ազգային մեր անկախությունն ու անվտանգությունը կայուն։ Հետեւաբար, մենք ամենօրյա հացի նման դրանց կարիքն ունենք, որպեսզի միշտ ամուր պահենք հոգեմարմնական մեր մարտունակ դիրքերը։
Հարցազրույցը՝ Տաթեւիկ Աղաջանյանի