Կենտրոնը փորձում է մշակույթի միջոցով լրացնել երեխայի դաստիարակությունը
Գլխավոր » Հասարակական » Կենտրոնը փորձում է մշակույթի միջոցով լրացնել երեխայի դաստիարակությունը

Կենտրոնը փորձում է մշակույթի միջոցով լրացնել երեխայի դաստիարակությունը

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն Պետական ոչ առևտրային կազմակերպությունն ստեղծվել է 2006 թվականին: Այստեղ գործում են շուրջ 11 ՊՈԱԿ-ներ, որոնք աշխատում են կողք-կողքի, միևնույն տարածքում: Կենտրոնում գործում են «Մռակած», «Արցախ», «Ջազ», «Արցախ էստրադային» պետական համույթները, «Մենք ենք մեր սարերը»  պարի պետական-ազգագրական համույթը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, Արցախի պետական կամերային նվագախումբը, Պարի պետական համույթը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Արցախի մասնաճյուղը, Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը և Ստեփանակերտի պարարվեստի քոլեջը: Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից գործում է նաև «Արցախի բալիկներ» պետական մանկապատանեկան համույթը, որը ստեղծվել էր Սերգեյ Հարությունյանի նախաձեռնությամբ:

Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մասին զրուցեցինք տնօրեն Արմեն Հովսեփյանի հետ: Նրա խոսքով`  այստեղ հաճախում է 164 աշակերտ: Ապրիլյան պատերազմից հետո կենտրոնի և ԼՂՀ ՄԵՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ  միջոցառում, որի նպատակն էր` երեխաներին հանել սթրեսից` հոգեկան ճնշվածությունից: Միջոցառման ընթացքում Լուսինե Չալումյանը փորձեց նկարչության, կավագործության միջոցով երեխաներին հանել հոգեկան ճնշվածությունից: Մշակույթի կենտրոնը նախատեսված է 5-17 տարեկան երեխաների համար: Արմեն Հովսեփյանը նշեց, որ միջոցառումները լինում են տարաբնույթ՝ հանդիպումներ ժամանակակից բանաստեղծների հետ, հաշվետու համերգներ, տոներին նվիրված միջոցառումներ, այցեր ԱՀ ՊԲ զորամասեր: Ապա ընդգծեց, որ միջոցառումների ընթացքում ներկայացնում են բազմաժանր երգեր, ազգային պարեր: Կենտրոն հաճախող երեխաները վճարում են ամսական 1000 դրամ: Այստեղ մասնագետները համալրված են, սակայն, ըստ տնօրենի,  տեխնիկական հագեցվածության առումով այդքան էլ բավարարված չեն: «Կենտրոնը փորձում է մշակույթի միջոցով լրացնել երեխայի դաստիարակությունը, ներկայացնել մշակույթի ճյուղերը, զարգացնել մշակույթը և տարածել այն Արցախում»,- նշեց Արմեն Հովսեփյանը:

Կենտրոնի տնօրենի խոսքով` «Արցախի բալիկներ» պետական համույթի սաներից են շոուբիզնեսի հայտնի մի շարք ներկայացուցիչներ՝ Անդրեն, Ռազմիկ Ամյանը, Վարդան Բադալյանը և ուրիշներ:

Սոնյա Սարուխանյանն «Արցախի բալիկներ»-ի  սաներից մեկն է: 26-ամյա Սոնյան  այսօր կենտրոնում դասավանդում է պարի ուսուցում: Իր խոսքով` 7 տարեկանից հաճախել է մանկապատանեկան համույթ և ժամանակի ընթացքում սովորել նաև պարի ուսուցում: Այսօր երիտասարդ պարուսույցն իր փորձով կիսվում է երեխաների հետ: «Որպես մասնագիտություն` նախընտրեցի պարը, քանի որ այն միշտ առաջնահերթ է եղել ինձ համար: Այսօր ես  «կանգնած եմ»  այնտեղ, որտեղից սկսել եմ իմ կողմնորոշումը»,- հավելեց Սոնյան և, եզրափակելով իր խոսքը, նշեց, որ ամեն օր կենտրոն է գալիս Ասկերանի շրջանի Այգեստան գյուղից:

Անի Ավանեսյան

1