Կառուցենք երազանքների մայրաքաղաք. Գրիգորի Սահակյան
«Ահա եւ մեր ապագա քաղաքապետը»,- հարեւանուհու այս արտահայտությանն ի պատասխան՝ հաջորդում է Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանի համառոտ պատասխանը. «Եթե հաջողվի ընտրվել, կիրագործենք»:
Իսկ «կիրագործենք»-ը 12 կետից բաղկացած ծրագրում է ամփոփված, ծրագրված գուցե ամբողջ մի կյանք: Կյանքն էլ իր հերթին է բազմաշերտ՝ հետախուզություն, Արցախյան ազատամարտ, մարտկոցի, միավորման հրետանու, զորամասի հրամանատարություն, 2016-ին էլ՝ կենտրոնական ուղղության դիրքերը չզիջելու համառություն:
27-ամյա ռազմուղին հանգստով չընդմիջող Սահակյանն այս օրերին «Երազանքների քաղաք» կառուցելու հայտով է դիմում Ստեփանակերտի քաղաքացիներին՝ վստահեցնելով, որ № 4-ը ունակ է կառուցելու երազանքների մայրաքաղաք:
—Ձեր տանը զրուցելու առաջարկն անմիջապես եք ընդունել: Երեւում է` Ձեր տան դռները միշտ բաց են եկվորի առաջ:
-Մեր տան դռները ոչ թե բաց են, այլ երբեք չեն փակվում: Իմ ընտանիքը մեծ հաճույքով է ընդունում հյուրերի եւ միշտ պատրաստ է կիսվել ջերմությամբ:
—Զինվորական երկարատեւ գործունեությունն ավարտելուն պես քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու որոշում եք կայացրել: Որքանո՞վ Ձեր հրամանատարական գիտելիքներն ու կարողությունները կարող են ծառայել մայրաքաղաքին:
-Զինվորական գործունեությունս կյանքիս կարեւորագույն ժամանակահատվածն եմ համարում, եւ պետք է ասեմ, որ մեծ սիրով եմ պաշտպանել իմ ընտանիքն ու երկիրը, եւ թոշակի անցնելով՝ չէի պատրաստվում հրաժարվել սիրածս պարտականություններից:
Արցախում, մասնավորապես Ստեփանակերտում տեղի ունեցող զարգացումներին եւ դրան ուղղված աշխատանքներին ես պետք է մասնակից լինեմ իմ ղեկավարման եւ փոխգործակցության փորձով, իմ տեսակետով, տեսլականով, պատկերացումներով եւ հստակ ծրագրով:
—Դուք պարբերաբար խոսում եք քաղաքապետ—քաղաքացի փոխհարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին: Ի՞նչ մեխանիզմներով եք պատրաստվում երկխոսության մեջ լինել քաղաքացիների հետ:
-Ես կարծում եմ, որ իշխանությունների եւ քաղաքացիների միջեւ ձեւավորվել է անվստահության մի պատ, որը քանդելու համար խիստ անհրաժեշտ է ձեռք բերել քաղաքացիների վստահությունը: Իսկ վստահությունը կարող ենք ձեռք բերել հանրամատչելի գործունեության արդյունքում: Այդ իսկ պատճառով ես նպատակ ունեմ իրագործել «Մեկ պատուհան» ծրագիրը, որը մի քանի անգամ կբարձրացնի մեր քաղաքապետարանի եւ ֆունկցիոնալ պարտականություն կատարող անձանց պարտականությունները՝ վերջնականապես լուծում տալով քաղաքացիների հետ հարաբերվելու հարցին: Մուտք գործելով քաղաքապետարան՝ քաղաքացին բարեհամբույր կընդունվի քաղաքապետարանի ամեն մի բաժնի, ամեն մի աշխատողի կողմից, իսկ նրա բարձրացրած հարցերը եւ խնդիրները լուծում կստանան:
«Ակտիվ քաղաքացի» ծրագրի շրջանակներում արդիականացնելու ենք քաղաքապետարանի կայքը, ընդունելու ենք քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները: Դրան զուգահեռ՝ հստակեցնելու ենք քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատողի գործառույթները եւ պարտականությունները:
Ավագանու նիստերի օնլայն թողարկումը եւս իմ նախընտրական ծրագրի կարեւորագույն դրույթներից է: Ոչ պակաս կարեւոր են նաեւ երկու ամիսը մեկ հանրային քննարկումների նախաձեռնումը, որոնց, ըստ հայտերի, հնարավորություն կունենան մասնակցելու նաեւ մեր քաղաքացիները: Կառավարման ոլորտում նոր մշակույթի ձեւավորման արդյունքում ապահովվելու է քաղաքային իշխանությունների եւ քաղաքացիների միջեւ երկխոսությունը: Քաղաքապետարանը հաշվետու է լինելու կատարած կամ չկատարած աշխատանքի համար:
—Քաղաքի կառավարման գործում ինչպե՞ս եք գնահատում ավագանու դերը եւ ինչպե՞ս եք պատրաստվում կառուցել քաղաքապետ—ավագանի համագործակցությունը:
-Ավագանու ինստիտուտը քաղաքապետարանի գործունեության մեջ մեծ կարեւորություն ունի: Հանդիսանալով ժողովրդի ներկայացուցիչներ, ավագանին պետք է քաղաքացու կամքն արտահայտող, խնդիրները ձեւակերպող, բարձրացնող, մշակող եւ լուծում պահանջող օղակը լինի: Սակայն, մինչ այսօր ավագանին ոչ բոլոր դեպքերում է գործառույթներ իրականացրել ի օգուտ համայնքի: Շատ դեպքերում ավագանու գործունեությունը բխել է անձնական, մասնավոր շահերից: Լիակատար չիրականացված աշխատանքի արդյունքում այդ ինստիտուտը սպառել է իրեն եւ անհրաժեշտություն ունի լուրջ բարեփոխումների:
Պետք է հստակեցվեն ավագանու գործառույթները եւ մանրամասնվեն պարտականությունները: Քաղաքապետարանն իր գործունեությունը պետք է իրականացնի օրենսդրությանը համապատասխան. համայնքի ավագանին պետք է ընդունի ժողովրդի շահերը պաշտպանող որոշումներ, որոնք պետք է հաստատվեն քաղաքապետի կողմից: Այս գործելաոճը իմ ղեկավարման դեպքում պահվելու է խստությամբ՝ ավագանին որոշողն է, քաղաքապետը՝ հաստատողը:
-«Երազանքների քաղաք» կառուցելու հայտով եք դիմում Ստեփանակերտի քաղաքացիներին: Ինչպիսի՞ն է այդ երազանքների քաղաքը Ձեր պատկերացումներում:
-Ես նպատակ ունեմ իրագործելու տարբեր տարիքի մարդկանց երազանքները: Եվ այդ իսկ առումով անհրաժեշտություն եմ համարում մայրաքաղաքի ճարտարապետական տեսքն ամբողջացնող սիմվոլների՝ Մայր թատրոնի եւ 3 աղբյուր պատմամշակութային արժեքների վերականգնումը: Այդ երկու կառույցների վերաշինումը կապահովի ավագ եւ միջին սերնդի քաղաքացիների հիշողությունները եւ նրանց մոտ դարձյալ կարթնանա սերը իրենց քաղաքի հանդեպ:
Հաջորդ հերթին մենք մտածում ենք Ստեփանակերտը հարմարավետության կենտրոն դարձնելու մասին: Այդ գործընթացները պետք է սկսվեն բակերից. քաղաքացին նախ եւ առաջ պետք է հիանա եւ բավարարված լինի իր բակով, այնուհետեւ հնարավորություն ունենա իր ամենօրյա ժամանցը քաղաքի տարբեր հատվածներում կառուցված պուրակներում, զբոսայգիներում եւ բուսաբանական այգիներում անցկացնելու: Այդպիսով՝ «Երազանքների քաղաք» ծրագիրը կիրագործի նաեւ երիտասարդ սերնդի երազանքները:
Ես տրամադրված եմ պարզ լուծումներով խթանել մարդկանց սերը դեպի իրենց քաղաքը: Մայրաքաղաքում քաղաքացին պետք է հետ մղի իր հոգսերը, հիանա իր քաղաքով, հույսով ներշնչվի, հասկանա, որ եթե հնարավորություն է ընձեռնվել Ստեփանակերտը դարձնել իր երազած մայրաքաղաքը, ապա անհանգստություն պատճառող հոգսն էլ շուտով լուծում կստանա:
—Դաշնակցության Արցախի կառույցը որոշում է կայացրել պաշտպանել Ձեր թեկնածությունը: Ինչպե՞ս եք գնահատում Դաշնակցության աջակցությունը Ձեր ընտրարշավին:
—Ես համոզված եմ Դաշնակցության սկզբունքայնության վրա: Պատիվ եմ համարում այդպիսի հեղինակավոր կուսակցության աջակցությունն իմ թեկնածությանը եւ նախընտրական ծրագրին: Ես ակնկալում եմ, որ Դաշնակցությունը հետագայում եւս իր ներկայությամբ եւ ներուժով կօգնի իրագործել նախընտրական ծրագրի բոլոր դրույթները: Համատեղ ջանքերով մենք կկարողանանք շատ եւ շատ հարցերի դրական լուծումներ տալ՝ ի նպաստ մեր քաղաքի, ի նպաստ մեր ժողովրդի:
Լուսինե Թեւոսյան