Կանխվել է հերթական դիվերսիան. հակառակորդը ունի կորուստներ
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը, ժամը 05:15-ի սահմաններում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ:
ՊԲ առաջապահ ուժերը ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը՝ անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ:
Շուրջ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, hատուկ դիպուկահար հրացանի (“Վինտարեզի”) 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը:
Ըստ հավաստի տեղեկությունների՝ ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ:
ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել:
Այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից: