Կայացել է Արցախի խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին նիստը
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, բացելով նիստը, անդրադարձել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ԱԺ աշխատանքներին և օտարերկրյա պատվիրակությունների այցերին: Նիստի և նստաշրջանի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է օրենսդրական աշխատանքին:
«Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը կից օրինագծերի փաթեթով ԱԺ քննարկմանն է ներկայացրել Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Նախարարը նշել է, որ օրենքի ընդունմամբ անհրաժեշտ իրավական կառուցակարգեր կստեղծվեն ԱՀ Սահմանադրության 53-րդ հոդվածով նախատեսված՝ հանրագիր ներկայացնելու իրավունքի գործնական իրացումն ապահովելու համար:
Օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Արդարադատության նախարարը այնուհետև ներկայացրել է ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրություն» բառերով, պետական կառավարման մարմինների անվանումները համապատասխանացնել Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով սահմանված անվանումներին:
Գլխադասային՝ պետական-իրավական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ խորհրդարանն ընդունել է օրենքը:
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»» օրենքի նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը: Նախագծով առաջարկվում է առաջին խմբի հաշմանդամություն ունեցողների աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հավելումը սահմանել հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով, երկրորդ խմբինը՝ 20 տոկոսի չափով:
«Օրենքը ընդունվելու դեպքում հավելումները կվերաբերվեն 255 թոշակառուի, որոնք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն»,- նշել է նախարարը:
ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը ընդունել է օրենքը:
Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Ռամելա Դադայանը, Ռիտա Մնացականյանը և Հայկ Խանումյանը:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատգամավորները նախարարներին են առաջադրել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, գյուղերի զարգացման ծրագրերին, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, բնակարանաշինությանը, էկոլոգիական անվտանգությանը և այլ խնդիրների վերաբերող հարցեր: