Կազմակերպվել է հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների ճանաչողական այցն Արցախ
2017 թվականի հուլիսի 22-ից 24-ը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քոերկիրը» արշավի շրջանակներում ԱՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպվել է հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների ճանաչողական այցն Արցախ:
Այցի շրջանակներում կազմակերպվել են էքսկուրսիաներ դեպի Արցախի հիմնական զբոսաշրջավայրեր՝ դրանց մասին տեղեկատվություն ստանալու, հավաքագրելու և պոտենցիալ զբոսաշրջիկներին ներկայացնելու նպատակով:
Թվով 5 մեդիաընկերությունների 8 ներկայացուցիչներին տեղեկատվություն է փոխանցվել արցախյան զբոսաշրջային ներուժի, Արցախում գործող թանգարանների, պետական պատմամշակութային ու բնապատմական արգելոցների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջության բնագավառին առչնվող այլ ուղղությունների մասին:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը նախագծվել է՝ հաշվի առնելով Արցախի զբոսաշրջային արդյունքի զարգացած ու զարգացման ներուժ ունեցող ուղղությունները ու դրանց յուրահատկությունները: Այսպես, ակտիվ տուրիզմ նախընտրողների համար կազմակերպվել է քայլարշավ Հունոտի կիրճ բնապատմական արգելոցում, գաստրոնոմ տուրիզմի հնարավորությունների ներկայացման նպատակով կազմակերպվել է արցախյան խոհանոցի և գինու համտես, իսկ ճանաչողական տուրիզմի հնարավորությունների ներկայացման համար՝ քաղաքային տուր Շուշիում, էքսկուրսիաներ դեպի Տիգրանակերտի և Տողի Մելիքական արգելոցներ, Նիկոլ Դումանի տուն-թանգարան, Գանձասար և Դադիվանք վանական համալիրներ:Այցի մասնակիցները ականատես ու մասնակից եղան նաև Տիգրանակերտում կազմակերպված Վարդավառի տոնակատարությանը և ծանոթացան Արցախում իրադարձային տուրիզմի հնարավորություններին:
ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի և ԱՀ էկոնոմիկայի նախարարության համագործակության շրջանակներում նախաձեռնած ճանաչողական այցը դեպի Արցախ առաջինն էր Կոմիտեի՝ «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակներում:
ԱՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտե