Լսողական խնդիր ունեցողներին հուզող հարցերը` քննարկման առարկա
Արցախում բավական անելիքներ կան առողջական խնդիրներ եւ սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց հասարակության մեջ լիարժեք ինտեգրելու առումով: Խնդիր է մեր երկրի հասարակական, քաղաքական, մշակութային, երիտասարդական, կրթական և այլ ծրագրերին նրանց մասնակից դարձնելը: Ամբողջ հասարակությունն իր վրա պատասխանատվություն պետք է վերցնի, որպեսզի այդ խոցելի սոցիալական խմբին թույլ չտա ինքնամեկուսանալ: Դրա համար պետք է ստեղծել ամենատարբեր հարթակներ, որտեղ նրանք կկարողանան իրենց ձայնը բարձրացնել, իրենց գաղափարները տալ, իրենց հուզող խնդիրների վրա ուշադրություն կենտրոնացնել:
Հենց այս մտայնությամբ է ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միությունը «Ապառաժ» ՀԿ-ի հետ նախաձեռնել և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ իրականություն դարձրել Արցախի խուլերի միության անդամներին հուզող խնդիրներին, նրանց ձայնը հասարակության մեջ բարձրացնելուն միտված ծրագիրը: «Ինչու՞ հենց նրանք» հարցին պատասխանում է ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական Վարչության ներկայացուցիչ Բենո Միրզոյանը. «Ի տարբերություն հաշմանդամություն ունեցող այլ խմբերի, ովքեր հնարավորություն, ունեն թեկուզ դժվարությամբ, իրենց ձայնն ինչ-որ չափով հասանելի դարձնել հասարակությանը, այդ խնդիրն ավելի մեծ է խուլ մարդկանց մոտ: Հասկանալի պատճառներով նրանք զրկված են իրենց ձայնը լսելի դարձնելուց, հասարակության հետ բավարար շփվելուց: Սակայն դա անդառնալի չէ, և մենք բոլորս կարող ենք փոխել այս վիճակը հնարավորինս դեպի լավը: Պետք է այնպես անել, որ նրանք չմեկուսանան ընդհանուրից, ապրեն սովորական կյանքով, ապրեն հասարակության մեջ ու անմասն չմնան հասարակական խմորումներից ու անցուդարձից»:
Վերոհիշյալ խնդիրն ինչ-որ չափով մեղմելու համար փետրվարի 14-ին Շուշիի Կերպարվեստի թանգարանում հրավիրվել է քննարկում, որին բացի Արցախի խուլերի միության անդամներից մասնակցում էին տարբեր ոլորտների պատասխանատուներ և լիազորված անձինք: Մինչ քննարկման մեկնարկը` Արցախի խուլերի միության անդամները շրջայց են կատարել պատկերասրահի բոլոր սրահներով, ծանոթացել ներկայացված նմուշներին:
Այնուհետև քննարկման մասնակիցները ներկայացրել են տարբեր ոլորտներում լսողության խնդիրներ ունեցող անձնանց հասարակությանն ինտեգրելու հարցը:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ սահմանափակ կարողություն ունեցող մարդկանց խնդիրները պետք է լինեն բոլորի ուշադրության կենտրոնում և, որպես հասարակության լիարժեք անդամներ, պետք է նրանց բոլոր իրավունքները պաշտպանվեն: «Մենք տարբեր ծրագրեր ենք իրականացնում` հատկապես սահմանափակ կարողություններ ունեցող երիտասարդների շրջանում: Մեր երիտասարդական քաղաքականության շրջանակներում ամեն տարի համապատասխան գումար է հատկացվում և աշխատանք է տարվում սահմանափակ կարողություններ ունեցող երիտասարդներին հասարակությանը ինտեգրելու համար»,- ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը:
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության Ընտանիքի կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության պետ Սամվել Իսրայելյանը նշել է, որ լսողության խնդիրներ ունեցողները գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում. «Իրականացնում ենք այնպիսի ծրագրեր, որոնք միտված են նրանց ինտեգրմանը: Մասնավորապես, լսողական սարքերի, բջջային հեռախոսների տրամադրում և այլն»:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը կարևորել նման ձևաչափի միջոցառման կազմակերպումը` և խնդիրների բարձրաձայնման, և հնարավոր լուծումների քննարկման առումով: Նա նշել է, որ բոլոր խնդիրները դեռևս ուսումնասիրված չեն և նախատեսում են առաջիկայում հետազոտություն կատարել հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ, ունենալ ախտորոշում: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդիր է տեսնում նաև հենց հաշմանդամություն ունեցող անձանց իրավագիտակցությունը, իրազեկվածությունը և հմտությունների գիտելիքների մակարդակը բարձրացնելու գործում, որի արդյունքում հաշմանդամություն ունեցող, այդ թվում լսողության խնդիր ունեցող անձիք, ավելի ինտեգրված կլինեն հասարակությանը և իրենց սոցիալական հարցերի մեծ մասը միանգամից կլուծվեն:
Քննարկման ընթացքում բավականին արծարծվել է հեռուստատեսային հաղորդումները լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հասանելի դարձնելու հարցը:
«Հեռուստատեսությունն այն լրատվամիջոցներից է, որը հնարավույթուն ունի սոցիալական այս խմբին օգնելու լրատվություն ստանալու»,- ասել է Արցախի հանրային հեռուսատեսության գլխավոր խմբագիր Խաչատուր Մելքումյանը: Նա ավելացրել է, որ սուրդոթարգմանությունը տարատեսակներ ունի և միջազգայնորեն ընդունելի չափանիշներով մասնագետի առկայության դեպքում հեռուստատեսության համար տեխնիկապես դժվար չէ իրականացնել սուրդոթարգմանություն` գոնե լրատվության ժամերին ինֆորմացիա ստանալու համար:
Բանախոսները պատրաստակամություն են հայտնել աջակցել համապատասխան մասնագետին վերապատրաստելու, աջակցելու գործում:
Քննարկմանը ներկա երկու տասնյակից ավելի լսողության խնդիրներ ունեցողներ մի քանի կարևոր հարցեր են բարձրաձայնել` աշխատանքով ապահովում, տարբեր սպորտաձևերով զբաղվելու հնարավորություն, հատուկ կենտրոնի անհրաժեշտություն, շրջաններում բնակվող միության անդամներին այցելություն և այլն: Բարձրացված հարցերի մի մասն էլ օրենսդրական բարեփոխումների կարիք ունեն:
Արցախի խուլերի միության նախագահ Բելլա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և նշել, որ նման ձևաչափով հանդիպում առաջին անգամ է կազմակերպվում է և ուրախ է իրենց հարցերը բարձրացնելու հնարավորության համար:
ՀՅԴ ԱԵՄ-ի ԿՎ ներկայացուցիչ Բենո Միրզոյանի տեղեկացմամբ, այս քննարկմամբ չի եզրափակվելու Արցախի խուլերի միության հետ համագործակցությունը, փորձելու են նրանց ներգրավել Արցախի մշակութային-հասարակական կյանքում: Իսկ որպես Արցախի Ազգային Ժողովում ներկայացված միակ սոցիալիստական կուսակցություն` առաջիկայում նախատեսում են հանդիպում կազմակերպել նաև Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հետ: