ԼՂՀ և ՀՀ ավելի քան 520 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են Եվրոպական խորհրդարանին
Ինչպես տեղեկացրին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունից, ներկայացված ծավալուն փաստաթուղթը Եվրախորհրդարանի պատգամավորների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաների ու պարտավորությունների կոպտագույն խախտումների վրա` հատուկ ընդգծելով ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի կանխամտածված և հարձակողական բնույթը, ուղղված քաղաքացիական բնակչության դեմ` ներառյալ երեխաների և ծերերի:
«Անհնար է պատկերացնել որևիցե հիմնավորում, որը կարող է արդարացնել խաղաղ բնակչության նկատմամբ նման վայրենի վերաբերմունքը»,- ասված է փաստաթղթում, որում նաև նշված է ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի, և ևս երկու վիրավորված դպրոցականներ մասին։
Նշվում է նաև Արցախի Թալիշ գյուղում ադրբեջանցի զինվորների կողմից խոշտանգված, խեղված և սպանված Խալափյան ընտանիքի երեք անդամների դեպքը:
«Ի դեմս այլ վայրագությունների՝ ԼՂՀ Պաշտպանական բանակի զինվորներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քյարամ Սլոյանը գլխատվեցին և ենթարկվեցին ԴԱԻՇ-ին արժանի սահմռկեցուցիչ կտտանքների: Ադրբեջանական բանակի գործողությունները կոպտորեն խախտում են մարդասիրական կոնվենցիաները, հակասում պատերազմի օրենքներին և սովորույթներին, ինչպես նաև դուրս են ամեն տեսակ քաղաքակրթական նորմերից»,- վկայակոչում է փաստթուղթը:
Համատեղ կոչով հանդես եկած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն, այդ թվում նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմը, որը ներկայացված է տարբեր հասարակական-քաղաքական ճամբարներից 215 ՀԿ-ներով, ցուցաբերել են աննախադեպ միասնականություն իրենց դիրքորոշման հարցում, հայտարարելով իրենց անվերապահ աջակցության մասին: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և վերջինիս բնակչության իրականացրած վայրագությունները և պատերազմական հանցագործությունները, նրանց Եվրոպական խորհրդարանից պահանջել են.
- «խստորեն դատապարտել Ադրբեջանի՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և վերջինիս բնակչության իրականացրած վայրագությունները և պատերազմական հանցագործությունները,
- խստորեն դատապարտել Թուրքիայի և Իսլամական համագործակցություն կազմակերպության կոչերը ուղղված Ադրբեջանին, որով նրանք հորդորում են վերջինիս շարունակել ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության,
- վերահաստատել, որ հակամարտության կարգավորման միակ ընդունելի ճանապարհը խաղաղ բանակցություններն են և
- կոչ անել ԵԱՀԿ Մինսկի խմբին վերականգնել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կարգավիճակը որպես բանակցությունների լիիրավ կողմ»:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ЕuFoA) միջազգային կազմակերպությունը հպարտ է այս նախաձեռնության մասը լինելու համար և պատիվ ունի փոխանցելու այս կոչը Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ ապրիլի 12-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին լսումներին ընդառաջ»։
Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և ազգային փոքրամասնությունների համատեղ կոչն՝ ուղղված Եվրոպական խորհրդարանին» փաստաթուղթը՝ ամբողջական տեքստով և ստորագրած կազմակերպությունների ցանկով հասանելի է այստեղ: