Լիբանանի հայկական համն ու հոտը

Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքը հիմնականում բնակեցված է հայերով, այստեղ գործում են հայկական մշակութային, կրթական և քաղաքական կառույցներ: Այս հաստատություններն ապահովում են հայկական շունչն ու ոգին: Սակայն այս ամենը թերի կլիներ, եթե դրա հետ մեկտեղ չլինեին հայկական համադամ կերակուրներ հրամցնող սննդի տարատեսակ կետերը: Այսպես էր մտածում նաև 1954թ. Բուրջ Համուդում հաստատված Ղազար Ղազարյանը, ով 1960թ. փուռ է բացել և սկսել թաինով հաց ու մսաշոթ (լահմաջո) պատրաստել:
«Փուռ Ղազար» անունով հայտնի ռեստորանը տեղակայված է Բուրջ Համուդի Արաքս թաղամասի մոտ, բայց տեղացիները՝ ի՞նչ թաղ է կոչվում հարցին պատասխանում են`Փուռ Ղազարի թաղը կամ Փուռ Ղազարից աջ ու ձախ: Այն տարիների ընթացքում ձևափոխվել, նորացել, ընդարձակվել է այնքան, որ արդեն դժվար է փուռ անվանել, բայց անփոփոխ են մնացել ուտեստների պատրաստման եղանակներն ու հայկական շունչը:
Ղազարյանների երրորդ սերունդը ներկայացնող Ժակ Ղազարյանը մեծ հպարտությամբ է շարունակում իր նախնիների գործը, որն ընտանեկան բիզնեսի է վերածվել: «Ժամանակին այստեղ աշխատել են մեծ հորեղբայրներս, հորքուրս, բայց սերնդեսերունդ շատ բան է փոխվել: 100 տարվա շենքը վերջին 15 տարիների ընթացքում նորոգել, թարմացրել եմ»,- նշում է նա: «Շատերն են առաջարկել ճաշարանն այլ տեղ տեղափոխել, բայց չեմ համաձայնել: Ուրախ եմ, որ չեմ փոխել անունը, այլ նպաստել եմ, որ ավելի տարածվի»,- ավելացնում է Ժակը: Այս տարիների ընթացքում փուռը նոր շունչ է տվել թաղին:
Փուռ Ղազարին շատ են անդրադարձել տեղական, հայկական ու միջազգային լրատվամիջոցները, նույնիսկ հաղորդումներ պատրաստել այստեղ: Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ են այցելում այստեղ, որոնց թվում` բազմաթիվ օտարերկրացիներ: «Երբ կարողանում ես օտարին քո մոտ բերել և հայկական պատառ հյուրասիրել, արդեն մեծ գործ ես անում»,- գտնում է Ժակը, որին անձամբ ճանաչում են բոլոր հաճախորդները: Իմ այցելության ժամանակ հազիվ ժամանակ գտավ հարցազրույցի համար, քանի որ բոլոր տեղացի և օտարազգի հաճախորդներն անպայման ուզում էին հետը խոսք փոխանակել:
Հետաքրքական է, որ դրսից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից Բեյրութ եկած հայերը անպայման գալիս են այստեղ: Եթե չգան, չհանդիպեն, կհամարեն, որ Լիբանանում ինչ-որ բան կիսատ են թողել: Մեկ ու կես տարի առաջ բացված ռեստորանն էլ լավ անուն ունի. օտարազգի շատ հաճախորդներ, դեսպաններ, լիբանանյան պաշտոնյաներ են լինում այստեղ:
«Ունենք երկու տեսակի ուտելիքներ՝ հայկական և լիբանանյան: Հաճախորդներն են մեզ հայկական գծի վրա դրել. միմիայն հայկականն են նախընտրում: Զարմանում ես, երբ ֆրանսիացին, գերմանացին հայկական ուտեստների անուններ է տալիս և պատվիրում»,- ավելացնում է Ժակը: Ճաշարանում բոլոր կերակուրները Ժակի մայրն է պատրաստում, որի շնորհիվ էլ ուտելիքները տնական ճաշի են նմանվում: 32 աշխատող ունեցող հաստատությունում մեծամասնությունը հայեր են, իսկ խոհանցում բացառապես հայեր են աշխատում: Տարբեր ուտելիքներ են այստեղ պատրաստվում, բայց հիմնականը լահմաջոն ու թաինով հացն են, որում Փուռ Ղազարը լավագույնն է:
Ըստ Ժակի` ժողովուրդը 3 բանի վրա է հիմնականում կենտրոնանում՝ պետք է համեղ լինի, գինը հարմար լինի և շատ մաքուր լինի: «Եթե այս 3-ը մեկ կետի վրա կենտրոնացնես, հաջողության կհասնես: Վերջերս հայկական խոհանոցի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, մարդիկ ձանձրացել են լիբանանյան ճաշերից և այստեղից հենց հայկականն են ուզում: Հետաքրքրական է, որ լիբանանյան ճաշ սեղանին հիմնականում չի լինում»,-ասում է Ժակը: Ժակի ծնողները Մարաշից են և ժամանակին Մարաշի տներում համտեսված ուտելիքներն այժմ օտարներն են մեծ սիրով ճաշակում:
«Ժամանակին թուրքերի և հայերի միջև վեճ կար, թե ումն է լահմաջոն: Հետաքրքրական է, որ Թուրքիայում 7 ճաշարան ունեցող մի կին ինստագրամի իր էջում գրել է՝ երբ գնաք Լիբանան և Փուռ Ղազարում լահմաջո ուտեք, կհասկանաք, որ լահմաջոն հայկական ուտեստ է»,- պատմում է Ժակը և ավելացնում, որ շատ կարևոր է, որ քո գործով դիմացինին ստիպում ես ճանաչել քո իրավունքները:
Ռեստորանում ուշադրությունդ գրավում են նաև պատերին արված գծագրությունները: Դրանց թվում Ժակի դուստրերը գծագրել են Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» կամ «Տատիկ-պապիկ» հուշակոթողը: Ամեն ինչի մեջ պարզությունն ու անկեղծությունը գնահատող ռեստորանի տերը նշում է, որ հուշակոթողը մեր պատմությունն է, իսկ դրա մոտ գծագրված շենքերը մատնանշում են, որ հայերն ունեն իրենց ուրույն պատմությունը և, հաստատվելով այստեղ, կառուցել, շենացրել են երկիրը:
«Մենք մշտապես մեր արմատներին ենք ապավինում, նեղություն ենք զգում, որ հայը այլազգու հետ է ամուսնանում: Ես ուրախ եմ, որ հայ եմ, հայ կին ունեմ և զավակներս էլ հայկական դպրոց են հաճախում, հայկական կազմակերպություններին անդամակցում»,- նշում է նա: Երկու աղջիկ, մեկ տղա ունի Ժակը, որոնց մեծ սիրով կփոխանցի ընտանեկան գործը, եթե վերջիններս այդպիսի ցանկություն ունենան:
Երբևէ հայրենիք չայցելած Ժակը մտածում է այնտեղ մասնաճյուղ բացելու մասին. «Նախկինում Հայաստանից համագործակցության առաջարկեր շատ են եղել, սակայն մերժել եմ: Բայց վերջերս մտափոխվել եմ: Առաջիկայում գնալու եմ Հայաստան: Աղջիկներս Հայստանից նոր են վերադարձել: Շատ տպավորված են, ուզում են այնտեղ ապրել. օր մը պիտի երթանք… Երազում եմ, որ Հայաստանի հողի վրա մեծ հորիցս մնացած ժառանգությունը շարունակեմ»:
Տաթևիկ Աղաջանյան