Լեռնիկ Հովհաննիսյանն ամփոփել է 2018թ. աշխատանքները
Գլխավոր » Լրահոս » Լեռնիկ Հովհաննիսյանն ամփոփել է 2018թ. աշխատանքները

Լեռնիկ Հովհաննիսյանն ամփոփել է 2018թ. աշխատանքները

Այսօր՝ փետրվարի 12-ին, կայացավ ԱՀ ՄԵՀԶ նախաարար Լեռնիկ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Նախարարն ամփոփեց նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու ներկայացրեց սպսվող ծրագրերը:
«Մենք շարունակելու ենք մշակութային քաղաքականության գիտականացման ուղղությունը, ինչն օգնելու է առավել արդյունավետ իրականացնել մշակութային քաղաքականությունն ու հիմնահարցերին լուծումներ տալ»,- ընդգծեց նախարարն ու անդրադարձավ իր ղեկավարած գերատեսչության շրջանակում ընդգրկված ոլորտներից յուրաքանչյուրին:

Մշակույթի ոլորտում աշխատանքներ են իրականացվել ազգային մշակույթի պահպանման, հանրապետությունում մշակութային կյանքի աշխուժացման, գեղարվեստական կրթության զարգացման, ՀՀ և արտերկրի հետ կապերի զարգացման ու ամրապնդման, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման, մշակույթի ոլորտի կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման  ուղղությամբ։

Ապահովվել է Արցախի թատերահամերգային կոլեկտիվների ու անհատ կատարողների մասնակցությունը ՀՀ-ում և արտերկրում անցկացված մրցույթների ու փառատոների։

Ստորագրվել է համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր նախարարության, «ԻԿՕՄ֊ի հայկական թանգարանների ազգային կոմիտե» և «Թանգարանների աշխատողների ու բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների միջև։ Կազմակերպվել են միջոցառումներ  «ԻԿՈՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե» ՀԿ, Հայաստանի ազգային արխիվի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության, «Ժամանակակից արվեստի ինստիտուտ» հիմնադրամի հետ։

Տարվա ընթացքում մեթոդական աջակցություն է ցուցաբերվել նախարարության ենթակայութամբ գործող ՊՈԱԿ-ներին մշակութային միջոցառումների կազմակերպման, տոների ու հիշատակի օրերին նվիրված միջոցառումների, ֆիլմերի ցուցադրությունների, սեմինարների ու վերապատրաստման դասընթացների անցկացման հարցում։ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի հավաքածուն համալրելու նպատակով ձեռք են բերվել գորգեր և XIX դարի վերջ — XX դարի սկիզբն ընդգրկող 17 ցուցանմուշներ։ Շարունակվել են բրոտագործության զարգացմանն ուղղված միջոցառումները, «Նարեկացի» արվեստի միավորում ՀԿ հետ համատեղ Շուշիում կազմակերպվել է «BrutArt» կավագործության միջազգային սիմպոզիումը։

Հրատարակվել են Դավիթ Միքայելյանի «Սիրուց և ցավից ծնված երգեր» երգարանը (250 օրինակ), Ջամալ Թադևոսյանի «Հովհաննես Շիրազը և Ղարաբաղը» հուշագրությունը (250 օրինակ), Նարինե Հովհաննիսյանի «Հայրենիքի գաղափարաբանությունը և ցեղասպանությունը խորհրդահայ գրականության մեջ» գիրքը (500 օրինակ),  Սլավա Սարգսյանի «Արցախի բնակավայրերը» գիրքը (300 օրինակ)։

ԱՀ շրջաններում մշակույթի զարգացման ծրագրերի շրջանակներում անց է կացվել ԼՂՀ համայնքների միջև «Մշակութային խաչմերուկ» հանրապետական հինգերորդ մրցույթ-փառատոնը։

Աջակցություն է ցուցաբերվել «Ժամանակակից արվեստի ինստիտուտ» հիմնադրամին` հոկտեմբերի 5-7-ը Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում և հարակից տարածքում Արցախի, Հայաստանի և արտերկրի  շուրջ 30 արվեստագետների մասնակցությամբ ARTsakh Fest ժամանակակից արվեստի փառատոնի կազմակերպման ուղղությամբ։

Նախարարության գրքային ֆոնդից շուրջ 2800 կտոր գրականություն է նվիրաբերվել նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններին,  գյուղական համայնքների գրադարաններին, Լիբանանի հայ համայնքին։ Շրջաններում մշակութային կյանքի աշխուժացման նպատակով տարվա ընթացքում կազմակերպվել են համույթների հյուրախաղերը շրջկենտրոններում և համայքներում։ Մշակութային երկխոսության և համագործակցության խորացման նպատակով աշխատանքներ են տարվելՀՀ և արտերկրի հետ մշակութային համագործակցության խորացման ուղղությամբ։

Երիտասարդության հարցերի ոլորտում շարունակվել է ազգային և համամարդկային արժեքներին հաղորդակից,  հայրենիքի և սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվության խորը գիտակցում ունեցող երիտասարդ սերնդի համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար պայմաններ ու երաշխիքներ ստեղծելու քաղաքականությունը: Նախարարությունը երիտասարդական քաղաքականության բնագավառում շարունակել է իրականացնել  վերլուծական, գաղափարական, համակարգող գործառույթներ` ապահովելով միջգերատեսչական և երիտասարդական հասարակական կառույցների փոխգործակցությունը, աջակցել է այլ պետական և հասարակական կառույցների կողմից երիտասարդությանն առնչվող ծրագրերի իրականացմանն ու սոցիալական նշանակության միջոցառումներին։ Շարունակվել է երիտասարդական միջոցառումների ապակենտրոնացման քաղաքականությունը։ Իրականացվել  են ծրագրեր՝ ուղղված երիտասարդության շրջանում հոգևոր, ընտանեկան և ավանդական արժեքների, առողջ ապրելակերպի քարոզչությանը, երիտասարդների քաղաքացիական և հայրենասիրական դաստիարակմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, երիտասարդների ազատ ժամանցի կազմակերպման։ Այս ուղղությամբ նախարարությունը համագործակցել է տարբեր պետական և ոչ պետական կառույցների հետ, խրախուսել է ակտիվ, նախաձեռնող երիտասարդներին: Ապահովվել է Արցախի երիտասարդների մասնակցությունը ՀՀ-ում և արտերկրում  կազմակերպված երիտասարդական հավաքներին, համաժողովներին, դասընթացներին, ինտելեկտուալ խաղերին։

Կրոնի և ազգային փոքրամասնությունների ոլորտում տարվա ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ ԱՀ շրջանների հոգևոր պատասխանատուների հետ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,  դասախոսություններ «Հոգևոր անվտանգություն» թեմայով։ Տրվել է փորձագիտական եզրակացություն մեծ թվով կրոնական գրականության։

Զբոսաշրջության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվել են ծրագրային և արտածրագրային համալիր միջոցառումներ՝ ուղղված երկրում զբոսաշրջության զարգացմանը, Արցախի՝ որպես զբոսաշրջային բարենպաստ ուղղության նկարագրի ամրապնդմանը: 2018 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը հիմնականում մարքեթինգային քաղաքականության իրականացմանն էր ուղղված: Մայրաքաղաքում և Շուշիում գործող չորս տեղեկատվական կենտրոնները 2018 թվականի ընթացքում շարունակել են Արցախ այցելած զբոսաշրջիկներին անվճար սպասարկումը` վերջիններիս հավաստի և անվճար տեղեկություններ տրամադրելու միջոցով: Նշված ժամանակահատվածում Ստեփանակերտի և Շուշիի տեղեկատվական կենտրոններ են այցելել ավելի քան 800 զբոսաշրջիկներ 52 երկրներից: Շարունակվել են karabakh.travel և artsakh.travel դոմեյններով Արցախի զբոսաշրջային պաշտոնական կայքի միջոցով երկրի զբոսաշրջային արդյունքի հանրահռչակման աշխատանքները։ Տարվա ընթացքում` հաշվառվել են ևս 18 նորաբաց հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Ներկայում Արցախի Հանրապետության տարածքում գործում է 64 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1532 մահճակալով:2018 թվականին Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 28.588, որը 23 տոկոսով ավել է 2017 թվականի համեմատ:

Պատմամշակութային հուշարձանների պահպանության, պատմական միջավայրի պաշտպանության և ուսումնասիրման աշխատանքները  իրականացվել են «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, որն իր ստորաբաժանումներն ունի Հադրութի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Քաշաթաղի շրջաններում: Պետական բյուջեի միջոցներով  շարունակվել են պեղման-ուսումնասիրման աշխատանքները Տիգրանակերտում և Նոր Կարմիրավան գյուղում: Հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել նաև Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ և Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղերի տարածքներում: Իրականացվել են նաև հուշարձանների մաքրման  աշխատանքներ՝ «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցի և Մարտունու շրջանի «Բովուրխան» վանական համալիրի, Ասկերանի շրջանի Խնապատ, Ավետարանոց, Մարտակերտի շրջանի Շահմասուր, Գառնաքար գյուղերի տարածքներում գտնվող պատմական  գերեզմանոցներում, Ասկերանի շրջանի Ուլուբաբի  «Պտկեսբերք» վանքում և  Մարտակերտի շրջանի Վանք գյուղից արևմուտք  գտնվող  «Վահանբեյ» կոչվող կամրջի մերձակայքում։ Տեղում ստուգվել և հետազոտվել են Ասկերանի շրջանի Ղլիջբաղ, Խրամորթ, Փառուխ և Ծաղկաշատ գյուղերի տարածքների  հուշարձանները:

Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին ու սերտ  համագործակցելու պատրաստակամություն հայտնեց:

1