Լեռնիկ Հովհաննիսյանը հյուրընկալել էր Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին եւ Կիպրոսի խորհրդարանի անդամներին
Գլխավոր » Լրահոս » Լեռնիկ Հովհաննիսյանը հյուրընկալել էր Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին եւ Կիպրոսի խորհրդարանի անդամներին

Լեռնիկ Հովհաննիսյանը հյուրընկալել էր Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին եւ Կիպրոսի խորհրդարանի անդամներին

ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հյուրընկալել էր Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին, նրա հետ Արցախ ժամանած Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսին, Միկայիս Գիորգալասին և  Կիպրոսից ՀՅԴ ներկայացուցիչ Նաիրի Մուրադյանին: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Նախարարը ողջունեց պատվավոր հյուրերին և հույս հայտնեց , որ բարեկամական հարաբերություններից զատ կհաջողվի հաստատել նաև գործնական հարաբերություններ, որոնք կնպաստեն Եվրոպայում Արցախի ու նրա մշակույթի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

<<Մեր երկրների ճակատագրերը շատ նման են իրար՝ կորուսյալ հայրենիք, չլուծված քաղաքական խնդիրներ, բայց հին ու հարուստ մշակույթ: Ուզում եմ հավատալ, որ մի օր մե՛նք էլ, դու՛ք էլ կունենանք միացյալ հայրենիք,և դրանում մեզ կօգնի նաև մեր մշակույթը >>,- ընդգծեց նախարարը:

<<Ես հիանում եմ ձեր մշակույթով, ընթերցում եմ հայ գրողներին, հատկապես սիրում եմ Գ. Էմինին, Ս. Կապուտիկյանի պոեզիան, հիանում եմ Մ. Սարյանի կտավներով, սիրում եմ ձեր երաժշտությունը>>,- խոստովանեց Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին՝ հույս հայտնելով, որ ԱՀ մշակույթի գերատեսչության հետ համագործակցության արդյունքում հայկական և արցախյան մշակույթը առավել լավ ներկայացված կլինեն Եվրոպայում:

Քննարկվեցին համագործակցության ուղղություններ՝ մշակույթ, զբոսաշրջություն, ինչպես նաև արցախցի երիտասարդների մասնակցությունը միջազգային տարբեր նախագծերի: Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության մեկնարկը տալ 2019 թվականին:

1