Լապշինը լքել է Ադրբեջանն ու մեկնել Իսրայել
Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Բլոգերը մոր՝ Բելա Լապշինայի հետ Բաքու-Թել Ավիվ չվերթով մեկնել է Իսրայել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին: Հրամանգիրն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից:
Ուշագրավ է, որ Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրվել այն նույն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Իսրայել:
Նախքան ներում ստանալը՝ սեպտեմբերի 10-ին, բլոգերը բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել:
Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: