Իրավունք չունենք ապավինելու անհայտությանը
ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Փաշինյանի հայտարարությունը Արցախի խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի գրաված նոր դիրքի մասին և այդ դիրքորոշումը ևս հեղափոխություն անվանելը, մեղմ ասած, մտածելու տեղիք է տալիս: Արցախցիները երբեք էլ ՀՀ նախագահ կամ վարչապետ չեն ընտրել, երբեք չեն մասնակցել Հայաստանում որևէ համապետական ընտրության, բայց դա երբեք պատճառ չի դարձել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես բանակցող կողմ հանդես եկող Հայաստանը հրաժարվեր Արցախի իրավունքների պաշտպանությունից: Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը չի կարող բանակցել արցախյան հարցով, քանի որ արցախցիները հայաստանյան ընտրություններին չեն մասնակցում, կարող է վտանգել ինչպես բանակցությունների հետագա ընթացքը, այնպես էլ Արցախի անկախությունն ընդհանրապես: Ի վերջո բոլորովին վերջերս մենք ականատես եղանք քրդերի, բասկերի, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության հանրաքվեներին, որոնք չընդունվեցին միջազգային հանրության կողմից, իսկ քրդերին ու բասկերին ուղղակի ասացին` «հանգիստ նստեք տեղներդ»:
Այսինքն, մեր կարծիքով, Արցախի ճակատագիրը թողնելով նման հարցերը բացառապես պետությունների տարածքային ամբողջականության պրիզմայով քննող միջազգային հանրության դատին (այլ խոսքով` Մինսկի խմբին)` Փաշինյանը ռիսկի է ենթարկում Արցախի անկախությունը, էլ չենք խոսում ազատագրված տարածքների մասին, որոնք այսօր անվտանգության գոտի են նաև Հայաստանի համար: Ըստ էության` Փաշինյանը բացում է Ալիևի ճանապարհը դեպի Ստեփանակերտ: Իսկ ո՞վ է խանգարելու Ալիևին Ադրբեջանի մեջլիսի ընտրությունների ժամանակ ընտրատեղամասեր բացել նաև Արցախում և արցախցիներին սիրով հրավիրել` մասնակցելու այդ ընտրություններին: Արցախցիները, բնականաբար, կմերժեն, բայց ի՞նչ կանեն նրանք, եթե Ադրբեջանի կառավարությունը նույն «հոգատարությամբ» բյուջեում տող հատկացնի նաև Արցախին և համապատասխան ֆինանսավորում տրամադրի, որը կնպաստի թե ժողովուրդների հաշտեցմանը և թե Արցախի տնտեսության «հեղափոխական» զարգացմանը:
Փաշինյանը չի՞ կարծում, արդյոք, որ անկախ բանակցային սեղանի վրա գոյություն ունեցող փաստաթղթերից, Արցախի անկախության 30-ամյակի շեմին ենք հասել նաև Հայաստանի իշխանությունների ու Հայաստանի ղեկավարների` այդ բանակցային պրոցեսում ներգրավվածության շնորհիվ: Ճիշտ է, այսուհետ էլ Հայաստանը չի կատարի քայլեր, որոնք կվնասեն Արցախին, բայց, ներողություն, կարգավորման գործընթացին դիտորդի հայացքով հետևելն էլ մի բան չէ: Ի վերջո բանակցություններում այն գործառույթը, որ մինչ այս կատարել է Հայաստանը` ներկայացնելով Արցախի շահը, չի կարող անել ոչ ԱՄՆ-ը, ոչ Ռուսաստանը, ոչ Ֆրանսիան և ոչ էլ նույնիսկ Արցախը, եթե նույնիսկ վերջինս դառնա բանակցող կողմ: Սրա օրինակն էլ մեր աչքի առջև է` Դոնբասի հարցով բանակցությունները, որոնց մասնակցում են Ուկրաինայի Արևելքում ստեղծված երկու չճանաչված պետություններ: Ի՞նչ վիճակում կհայտնվեն նրանք, եթե այդ բանակցություններից Ռուսաստանը դուրս գա` հայտարարելով, որ դոնբասցիները Պուտինին չեն ընտրում:
Միջազգային հարթակում Արցախի հետ համառորեն բանակցել չցանկացող Ադրբեջանը, չի բացառվում, որ կփորձի ղարաբաղյան խնդիրը դարձնել ներքին հարց: Դրա համար ամենևին էլ պարտադիր չէ, որ Ալիևն, իր կնոջն առած, ժամանի Ստեփանակերտ: Սկզբում Աղդամի շրջանում կբանակցեն մանր-մունր պաշտոնյաներ, հետո, կամաց-կամաց չինովնիկների ռանգը կբարձրանա, հեռուստաեթերը կողողվի հայ-ադրբեջանական դարավոր բարեկամության մասին պատմող սյուժեներով, նոր քիրվաներ ի հայտ կգան ու… ցտեսություն անկախություն: Սա՞ է ուզում Փաշինյանը:
Կա նաև հարցի մյուս կողմը: Մինսկի խմբում մինչ օրս հաշվի են նստել Հայաստանի դիրքորոշումների հետ: Ավելին, շատ դեպքերում Հայաստանի դիրքորոշումը պատճառ է դարձել Ադրբեջանի նկրտումների կասեցման համար` հենց ՄԽ համանախագահ երկրների ջանքերով: Եվ, ուրեմն, ի՞նչ կարող է ստացվել, երբ Հայաստանը դադարի դիրքորոշում հայտնել և պահանջներ դնել այդ հարթակում: Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանից բացի, ոչ մեկն այնտեղ պարտավոր չէ հանուն Արցախի ելնել Ադրբեջանի դեմ: Հայաստանի բացակայությամբ Արցախի հարցը կվերածվի Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ հաստատելու միջոցի, ինչը չեն հապաղի օգտագործել օտարները: Մենք, որ մինչ օրս պայքարել ենք ղարաբաղյան խնդիրը ԵԱՀԿ սահմաններից դուրս տանելու դեմ, այսօր, կարծես, համաձայնում ենք հարցի ցանկացած, ավելի ընդարձակ, ընդհուպ մինչև ՄԱԿ քննարկմանը, ընդ որում մեր բացակայությամբ:
Փաշինյան, ըստ երևույթին, կարծում է, որ Ալիևն էլ, քանի որ նրան արցախցիները չեն ընտրում, կհետևի իր օրինակին և կհրաժարվի Արցախի հարցով բանակցություններից: Ալիևի մասին այդքան մեծ կարծիք ունենալը, մեղմ ասած, միամտություն է, մանավանդ, որ ՄԽ-ում չի ճարվի մի համանախագահող երկիր, որ Ալիևին կակնարկի այդ մասին: Դա նույնիսկ ծիծաղելի կթվա, որովհետև միջազգային հանրության պատկերացումներով` ոչ մի պետություն չի կարող մի կողմ քաշվել, երբ քննարկվող հարցը վերաբերում է իր տարածքային ամբողջականությանը: Իսկ արցախյան հիմնախնդիրը, որքան մեզ հայտնի է, հենց Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման համատեքստում է քննարկվում և հետո միայն արցախահայության իրավունքների:
Այսօր պնդումներ կան, որ, Փաշինյանն Արցախի հարցում իր հեղափոխական «նոու-հաու»-ով խուսափում է Ադրբեջանի հետ նոր պատերազմից: Այդ պնդումների հեղինակներն առաջնորդվում են այն պարզունակ մտայնությամբ, որ Բաքուն այլևս չի իմանալու, թե ում ուղղի իր սպառնալիքները, եթե Երևանը մի գեղեցիկ օր դուրս գա բանակցություններից: Հո չե՞ն կարող Ստեփանակերտին սպառնալ` գյուտ արածի պես հայտարարում են Փաշինյանի կողմնակիցները: Բայց մի հարց էլ մենք տանք` իսկ կարո՞ղ է Ալիևը հայտարարել իր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու մասին և օրենքի տառին համապատասխան` «ներխուժել» ազտագրված արածքներ: Ո՞վ պետք է Ալիևին խանգարի սահմանադրությամբ ամրագրված նորմը իրականացնելու հարցում, կամ ինչպե՞ս պետք է խանգարեն:
Բանակցություններից դուռը շրխկացնելով դուրս գալը, կարծում ենք, Հայաստանին կզրկ է այդ գործընթացին երբևէ նորից ներգարավվելու հնարավորությունից, եթե լինի այդպիսի անհրաժեշտություն: Իսկ այդպիսի անհրաժեշտություն լինելու է անկասկած, քանզի տեսնում ենք, որ միջազգային հանրությունն առանձնապես ոգևորված չէ Արցախի անկախության ճանաչման հեռանկարով, որն, անշուշտ, անկախությունների նոր շքերթի սկիզբ կարող է դառնալ: Աշխարհը պատրաստ չէ դրան, իսկ մենք այնպիսի գին ենք վճարել Արցախի անկախության համար, որ պարզապես իրավունք չունենք ապավինելու անհայտությանը: