Իրավիճակի լուծումները տևական ժամանակ են պահանջելու
Գլխավոր » Լրահոս » Իրավիճակի լուծումները տևական ժամանակ են պահանջելու

Իրավիճակի լուծումները տևական ժամանակ են պահանջելու

Իրանահայ պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ Իրանի քաղաքականությունն ու մոտեցումները ԱՄՆ-ի նկատմամբ հայտնի են և արտահայտվել են ամենատարբեր և ամենաբարձր պաշտոնյաների կողմից:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրանական կողմը իրավիճակը վերլուծում է հետևյալ կերպ․ Միացյալ Նահանգները՝ իր մեծապետական նկրտումներով և քաղաքականությամբ ձգտում է իր կամքը թելադրել Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ աշխարհում առաջացել է մի ուժ, որը չի ենթարկվում Արևմտյան մեծապետական իմպերիալիստական ցանկություններին և քաղաքականությանը:

«Հետևաբար բոլոր միջոցներով նրանք ձգտում են դժվարություններ ստեղծել Իրանի համար, մեղմացնել Իրանին»,- ասաց նա՝ նկատելով, որ ԱՄՆ-ի ձգտումները արմատական հակադրություն են, և իրավիճակի լուծումները հեշտ չեն կարող լինել՝ տևական ժամանակ են պահանջելու:

Ժորժիկ Աբրահամյանի նկատառմամբ՝ ԱՄՆ-ը ենթադրում է, որ կիրառվող պատժամիջոցներով կարելի է Իրանին ստիպել, որ բանակցի: «Իրանը երբեք բանակցություններին դեմ չէ: Իրանը, շատ լավ բանակցող է և բանակցելու է այնպիսի պայմաններում, որ բանակցող կողմը արժանի լինի բանակցության: Եթե բանակցող կողմերը համաձայնության են գալիս, բայց կողմերից մեկը դրժում է, բանակցությունները իմաստազրկվում են»,-ասաց նա՝ նշելով, որ Իրանը պարզապես չի վստահում ԱՄՆ-ին՝ հաշվի առնելով, որ վերջինս ոչ վաղ անցյալում միակողմանիորեն դուրս եկավ Միջուկային համաձայնագրից:

Հարցին՝ բանակցությունների և զիջումների բացակայության պայմաններում հնարավո՞ր է, որ ռազմական գործողություններ սկսվեն ԱՄՆ-ի և Իրանի միջև, հայազգի պատգամավորը նշեց, որ դա բացառվում է: «Ցանկացած ռազմական գործողություն սանձարձակ տեմպերով մեծանալու է, և ոչ միայն տարածաշրջանը, այլ դեռ ավելին՝ հեռուն կվերածվի քաոսը: Հետևաբար, տուժողները շատ կլինեն»,- ասաց նա:

Իրանը, ըստ նրա, ունի իր աշխարհայացքը և պատրաստ է ցանկացած սցենարի: «Իրանը ցույց է տվել, որ ցանկացած դեպքում պատրաստ է պաշտպանվելու: Հետևաբար, ինչպես բազմաթիվ անգամ ասվել է, և վերջերս էլ երկրի առաջնորդի կողմից էլ շեշտվեց՝ ոչ թե Ամերիկան չի ցանկանում հարվածել Իրանին, այլ՝ կարողությունը չունի նման բան անելու»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների արդյունքում Իրանը չկարողանա դիմադրել ԱՄՆ-ին, Ժորժիկ Աբրահամյանը պատասխանեց․ «Ես բացառում եմ նման երևույթ: Իհարկե, պատժամիջոցներն ազդեցություն ունեն, սակայն այն մեթոդները, որ Իրանն է օգտագործում, ազդեցությունները նվազեցնում են: Այս պարագայում շատ կարևոր է նաև ժողովրդի դիմադրությունը, իսկ ժողովուրդն ընդունակ է դիմադրել, որոշ խնդիրներին գիտակցաբար մոտենալ»: Նա նշեց, որ պետք է նաև նկատել, որ մինչ հիմա այդ պատժամիջոցները Միացյալ Նահանգների ցանկությունը չեն իրագործել:

Իսկ ԱՄՆ-ի ցանկությունը՝ Իրանում վարչակազմ փոխել, ըստ Ժորժիկ Աբրահամյանի, կարելի է բնորոշել որպես երազանք: «Դա իրականությունից շատ հեռու է: Իրանի վարչակազմը գիտի, թե ինչ է ցանկանում և ինչպես է պատասխանելու իր թշնամիներին»,- ասաց նա:

Անդրադառնալով Իրան-ԱՄՆ լարվածության ֆոնին իրանահայ համայնքում առկա տրամադրություններին՝ իրանահայ պատգամավորը նշեց․ «Խուճապ չկա: Իսկ համայնքում նկատվող արտագաղթը տևական երևույթ է: Բոլորս էլ գիտեն, որ ինչ-որ տնտեսական բարդություններ են առաջանում, և այդ պարագայում նաև մեր համայնքում կան տարրեր, որոնք ցանկանում են իրենց բախտը փորձել այլ ափերում: Այդ արտահոսքը շատ երկրներում կա. Իրանում, կարծում եմ, համեմատության մեջ մեծ տոկոս չի կազմում»,- ասաց նա:

Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան

1