Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ
Հայ և հրեա ժողովրդների հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական համագործակցության զարգացման համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Երևան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ հանդիպմանը:
Նախարար Նալբանդյանը կարևորել է Իսրայելի նախարարի այցը Հայաստան:
Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Հանեգբին նշել է, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և դա իր այցելության հիմնական ուղերձն է։
Հանդիպմանը զրուցակցիները հանգամանալից անդրադարձել են երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, քննարկել են հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների։
Նախարարները գոհունակությամբ արձանագրել էր հասարակական մակարդակով հայ-իսրայելական շփումների ակտիվացումը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։
Էդվարդ Նալաբանդյանը և Ցախի Հանեգբին կարևորել են իրավապայմանագրային դաշտիընդլայնմնումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացումը, միջխորհրդարանական փոխանակումների ակտիվացումը։
Բանակցությունների օրակարգում էին առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված քայլերը, երկուստեք կարևորվել է զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը։
Զրույցի ընթացքում քննարկվել են մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Նախարար Ցախի Հանեգբին ներկայացրել է Իսրայելի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների շուրջ: Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերին:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որի ժամանակ Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագիրը և «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան։
Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Ցախի Հանեգբին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտներում 2017-2020թթ. համագործակցության մասին» ծրագիրը։