Թուրքիայում վերացվել է երկու տարի գործող արտակարգ դրության ռեժիմը
Թուրքիայում հուլիսի 19-ից դադարեցվել է երկու տարի առաջ հաստատված արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Երկրում արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ հուլիսի 21-ին: Այնուհետև այն 7 անգամ երկարացվել էր:
Թուրքիայի իշխանություններն արտակարգ դրության հաստատումը մեկնաբանում էին գյուլենականների, ինչպես նաև Քրդական բանվորական կուսակցության (PKK), «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:
Իրականում, սակայն, արտակարգ դրությունն օգտագործվեց այս տարիներին այլախոհներին ու ընդդիմադիրներին լռեցնելու նպատակով: Մասնավորապես, փակվեցին մի քանի տասնյակ թերթեր, ամսագրեր, ռադիոկայաններ, հրատարակչատներ ու հեռուստաընկերություններ, ձերբակալվել, կալանավորվել կամ աշխատանքից հեռացվել են մի քանի հարյուր հազար մարդ:
Արտակարգ դրության պայմաններում նաեւ անցկացվեցին Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները։