Թուրքիայի խոցելիությունը մենք պետք է հնարավորինս օգտագործենք. Զարմիկ Պողիկյան
Հերթական անգամ ոտնահարելով պետությունների եւ ժողովուրդների միջազգայնորեն ամրագրված իրավունքները, Թուրքիան բացահայտ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Սիրիայի հյուսիս-արեւելքում: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ռազմական հարձակում է ձեռնարկել Սիրիայի հյուսիս-արեւելքում: «Խաղաղության ակունք» անունը ստացած գործողությունը նպատակ էր հետապնդում «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին եւ «Իսլամական պետության» ջոկատները, ստեղծել անվտանգության գոտի եւ ապահովել սիրիացի փախստականների համար վերադարձի պայմաններ»։
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել է 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:
Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության եւ Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած՝ 150 ժամվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո՝ նոյեմբերի 1-ից Սիրիայի հյուսիս-արեւելքում կիրականացվի ռուս-թուրքական համատեղ պարեկություն:
Թուրքիայի ռազմական գործողությունների հետեւանքով 300 հազար մարդ լքել է իր տունը, 250 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ, մահացել է, եւս 300 մարդ համարվում է անհետ կորած:
Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակից Թուրքիայի ձեռամբ Սիրիայում տեղի ունեցած ռազմական գործողությունների, Սիրիայի հայկական համայնքի եւ Թուրքիայի հանդեպ առաջացած միջազգային դժգոհությունը ի նպաստ հայկական հարցերի լուծմանն օգտագործելու շուրջ «Ապառաժ»-ի թղթակիցը զրուցել է Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանի հետ:
—Սիրիայի հյուսիս-արեւելքը ենթարկվել է թուրքական հարձակման: Որքանո՞վ է տուժել Սիրիայի տվյալ շրջանի հայությունը եւ ի՞նչ իրավիճակ է արձանագրվում Սիրիայում Ռուսաստանի հետ Թուրքիայի կնքած համաձայնագրից հետո:
-Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակը դեռեւս լարված է, բայց կարող եմ ասել, որ այսօր հայությանը որպես այդպիսին վտանգ չի սպառնում: Սիրիայի հյուսիս-արեւելքում ապրող հայերը տարհանվել են դեռեւս Սիրիայի պատերազմի սկզբնական շրջանում, երբ Իսլամական պետության զինյալ խմբավորումները գրավեցին Սիրիայի հյուսիսային շրջանի գյուղերը: Թուրքիայի հարձակման ժամանակ այդ շրջանում մնացել էին սակավաթիվ թվով հայ ընտանիքներ, հիմնականում՝ աշխատանքի բերումով: Թուրքական թափանցման արդյունքում Սիրիայի այդ հատվածն ապահով չէր հայերի համար, այդ իսկ պատճառով այդ շրջանում մնացած հայերը միացել են նախապես Հալեպ, Հաղփմա եւ Հասաքե ու Ղամշլի տեղափոխված ընտանիքներին:
Սիրիայի ազգային մարմինները, Ջեզիրեի առաջնորդական փոխանորդությունը, բարեսիրական մարմինները հանդիպել են իրենց շրջանները լքած հայերի հետ, ծանոթացել են իրենց դժվարություններին եւ պատրաստակամ են ցուցաբերել հնարավոր օժանդակություն՝ միաժամանակ խրախուսելով Սիրիան լքելու ցանկություն հայտնած հայ ընտանիքներին՝ տեղափոխվել Հայաստան եւ Արցախ:
Պատմության ընթացքից մենք ծանոթ ենք Թուրքիայի քաղաքականությանը, որ եթե առիթ տրվի, հարձակվում, գրավում եւ գրավված տեղից չի նահանջում՝ տարածելով իր ծավալապաշտ քաղաքականությունը: Եվ քանի դեռ Թուրքիան ներկայություն ունի Սիրիայի հյուսիսում, այնտեղ չի կարելի վերադառնալ: Սիրիահայերի հանգրվանն այսօր Թուրքական հարձակումից զերծ մնացած Սիրիայի մյուս շրջաններն են, որտեղ հայերի անվտանգությունը որոշ չափով երաշխավորում է քրդական խմբավորումների հետ Սիրիական բանակի համաձայնությունը եւ վերահսկողությունը հյուսիս-արեւլյան շրջաններում:
-Ի՞նչ աշխատանքներ է տարել «Գանձասար» թերթն այս օրերին:
-«Գանձասար»-ը հնարավորության չափ փորձել է փոխանցել Սիրիայում տիրող ճշմարիտ պատկերը, որովհետեւ երբեմն քաղաքական ուղղվածություն ունեցող որոշ լրատվամիջոցներ ներկայացնում էին՝ Սիրիայում տիրող խուճապահար իրավիճակ, տեղահանման, փոխադրման կազմակերպման հրատապություն, ինչը, սակայն, ճշմարտությանը չէր համապատասխանում: Ճիշտ է, Սիրիայում կային դժվարություններ եւ վտանգը երկրում դեռեւս առկա է, բայց Սիրիայի հայությունը շարունակում է գործել իր կառույցներով, ազգային մարմիններով, դպրոցներով եւ եկեղեցիներով: Եվ անկախ տարածաշրջանի քաղաքական տարբեր տեսակետների՝ «Գանձասար»-ը փորձում է ներկայացնել ճշմարտությունը առանց չափազանցության եւ առաջն առնել այն խուճապի, որ ստեղծվում է հայության շրջանակներում լրատվամիջոցների ոչ իրավացի տեղեկությունների հետեւանքով:
—Ի՞նչ եք կարծում՝ Թուրքիան ինչ որ հետեւություննե՞ր է արել Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքելով, թե՞ համաձայնագրի կնքումը բխում էր հենց Թուրքիայի շահերից եւ ի նպաստ Թուրքիայի նպատակների:
-Ես կարծում եմ, որ Թուրքիան, հավատարիմ մնալով իր ծավալապաշտական նպատակներին, ձգտում է ապահովական գոտի ստեղծելու պատրվակով իրեն միացնել Սիրիայի հյուսիսային շրջանը՝ իրականացնելով Օսմանյան կայսրության օրերից ունեցած ցանկությունը:
Սիրիայի իշխանությունները շատ լավ են գիտակցում Թուրքիայի նկրտումները: Սիրիայի նախագահը Ռեջեփ Էրդողանին որակել է որպես ավազակ, մատնանշել է Հալեպի գործարանները թալանելու, Սիրիական քարյուղը, պետրոլը ապօրինի միջոցներով դուրս բերելու եւ Սիրիական տարածքները գրավելու Թուրքիայի քայլերը: Իրականության մեջ միջազգային ընտանիքն էլ գիտի, որ Թուրքիան այս խաղաքարտերն օգտագործում է իր նպատակների համար՝ ժողովրդագրական պատկեր փոփոխելու միջոցով մեծացնում է իր գերիշխանությունը եւ հաստատում իր վերահսկողությունը տվյալ շրջանում:
Միջազգային հանրությունը պետք է մշտապես շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի ապահովական գոտի ստեղծելու դեպքում անգամ Թուրքիան ներկայություն չունենա Սիրիայում: Թուրքիայի անմիջական ներկայութունը Սիրիայում անընդունելի է:
-Սիրիայի հյուսիսն այս հոկտեմբերին գերտերություների շահերի բախման մրցասպարեզ էր: Ի՞նչ հետեւություններ պետք է անել Սիրիայում տեղի ունեցած դեպքերից եւ ինչպե՞ս կարող է հայությունն օգտագործել Թուրքիայի նկատմամբ առաջացած համաշխարհային դժգոհությունը՝ ի նպաստ հայկական հարցերի:
-Սիրիայի կառավարությունը միշտ էլ հայտարարել է, որ իրենց համար սկզբունքային է երկրի տարածքային ամբողջականության պահպանումը, եւ որ նրանք դատապարտում են երկրի քուրդ քաղաքացիների նկատմամբ Թուրքիայի ջարդերը: Սիրիայի իշխանությունները հավատում են, որ Սիրիայի ներքին ուժերի միացումով է հնարավոր պայքարել Սիրիայի արտաքին ուժերի դեմ: Իսկ Սիրիայի ներքին ուժերից մեկն էլ հայ համայնքն է:
Ճիշտ է, այսօր Սիրիայի հայկական համայնքն ուղղակիորեն վտանգված թիրախ չէ, բայց Թուրքիան սահմանի վրա է եւ հայությունը վտանգի տակ է: Հայկական համայնքի համար ներկա գերխնդիրը ապահովության երաշխիքի ամրագրումն է, իսկ ապահովության երաշխիքների ամրագրման համար պետք է վարել հավասարակշռված քաղաքականություն: Հայաստանը, Արցախը, Սփյուռքը եւ մասնավորապես սիրիահայությունը պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ կարելի եղածին չափով այս տարածաշրջանի վրա թուրքական ախորժակը զսպելու համար: Իսկ Սիրիայի հայկական համայնքի կազմակերպումը հնարավորություն կստեղծի վերստին ներգործոն դեր ունենալ Սիրիայում:
Համագործակցաբար տարված աշխատանքի եւ լոբբիի ճշգրիտ ուղղորդումով կարելի է որոշ չափով սանձել Թուրքիային: Ներկայումս Թուրքիան շատ խոցելի է, եւ Թուրքիայի խոցելիությունը մենք պետք է հնարավորինս օգտագործենք:
Զարմիկ Պողիկյանի հետ զրուցել է Լուսինե Թեւոսյանը