Երկիրը ապահով ձեռքերում է․Ալբերտ Արզումանյան
Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի թիկնապահ, ոստիկանության նախկին կապիտան, դաշնակցական Ալբերտ Արզումանյանի կերպարը կարելի է ամբողջացնել վեց գլխում.
Ընտանիք
28 տարեկանում եմ ամուսնացել, ունեմ երեք զավակ՝ երկու աղջիկ եւ մեկ տղա։ Տղայիս եւ աղջիկներիս դաստիարակության մոտեցումները տարբեր են։ Երկար տարիներ աշխատել եմ ոստիկանությունում եւ շատ լավ գիտեմ քաղաքում տեղի ունեցող անչափահաս եւ ավելի մեծ տարիքի երեխաների սանձարձակությունների մասին։ Ցավում եմ, որ նման երեւույթներ են գրանցվում մեր քաղաքում: Այդ իսկ պատճառով աղջիկներիս հորդորում եմ համեստ լինել։ Տղայիս էլ հորդորում եմ ցանկացած հարցում տղամարդուն հարիր պահվածք ցուցաբերել։
Դաստիարակության հարցում ուզում եմ առանձնացնել եւս մի քանի սկզբունք ՝ սիրիր այն տեղը, որտեղ ծնվել ես, մի մոռացիր արմատներդ եւ հարգանք ունեցիր քեզանից տարիքով մարդկանց նկատմամբ։
Խոհարարություն
Փոքրուց ճաշ պատրաստելու պրոցեսը հետաքրքրասիրություն էր առաջացնում ինձ մոտ։ Մի քանի անգամ օգնեցի մայրիկիս, ինքս փորձեցի ինչ-որ բաներ պատրաստել, ստացվեց։ Համաձայնեք, որ տղամարդ խոհարարները կանանց գերազանցում են։ Այդպես, համար 8 ռուսական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի տեխնիկական քոլեջի խոհարարական բաժին։ 4-րդ կարգի խոհարարի կրթություն ունեմ։
Բանակից հետո աշխատել եմ Գարուն, Քիրս ռեստորաններում։ Թեեւ այսօր խոհարարական գաղտնիքներից շատերը չեմ հիշում, սակայն անմասն չեմ մնում տանը ճաշ պատրաստելուց։ Այսօր, օրինակ, փրթուշ եմ պատրաստել/ժպտում է/։
Աշխատանք
1993 թվականին եմ մտել ոստիկանություն որպես շարքային ոստիկան եւ թոշակի անցել որպես ոստիկանության կապիտան։ Ոստիկանությունում 20 տարիներից 17-ը փողոցներում էի գիշեր-ցերեկ։ Ծանր աշխատանք էր, բայց նաեւ՝ սիրելի։ Կարծում եմ՝ հենց այդ սերն է ստիպել ինձ՝ թոշակի անցնելուց հետո աշխատանքի անցնել Եվրոպա հյուրանոցի անվտանգության ծառայությունում, իսկ հետո՝ Կարմիր խաչ միջազգային կազմակերպությունում։
Արկադի Կարապետյան
22 տարեկան էի, երբ ընկերներիս հետ անդամակցեցի Արկադի Կարապետյանի ջոկատին։ Նա հանգիստ մարդ էր, չափավոր, պանիկայի մեջ չէր ընկնում, կշռադատված եւ մտածված որոշումներ եւ հրամաններ էր տալիս։ Եթե հեռուստացույցով նրան են ցույց տալիս, կողքիս ով լինում է՝ ընտանիքի անդամ, ընկեր, ծանոթ-անծանոթ, անպայման հպարտությամբ նշում եմ, որ ինքն էր իմ ջոկատի հրամանատարը։
Արթուր Մկրտչյան
Արկադի Կարապետյանի ջոկատից ինձ կցել են պարետային ջոկատին, իսկ հետո այնտեղից տեղափոխել՝ Գերագույն խորհրդի շենքի անվտանգությունն իրականացնելու։ Մի քանի ամիս անց նշանակվեցի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի թիկնապահ։
Արթուր Մկրտչյանը մարդկային ամենաբարձր արժեքների տեր մարդ էր: Նա ժողովրդի մարդ էր՝ պարզ, բարի, բայց նաեւ խելացի էր ու դատող՝ իր պաշտոնին արժանի։
Նրա մահվան օրը ես տանն էի։ Հիշում եմ՝ ցուրտ ու անձրեւոտ օր էր։ Ընկերներիցս մեկը, որ զոհվել է հետագայում, եկավ մեր տուն եւ հայտնեց այդ լուրը։ Չէի հավատում, մինչեւ հիմա չեմ հավատում․․․
Ապրիլ 2016
2016-ի ապրիլին Եղնիկներում էի։ Այդ պատերազմում տղաները հերոսաբար զոհվեցին։ Թուրքերը հետեւություն եւ եզրակացություն արեցին այդ օրերին։ Հասկացան, որ սահմանի այս կողմում խիզախ արծիվներ են կանգնած։ Հպարտ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռնվել մի խրամատում կանգնել նման տղաների կողքին։ Նրանք գերազանցում են մեր սերնդին՝ մեկը մյուսից ավելի աչքները դաղված են։ Երկիրը ապահով ձեռքերում է։ Վստահ եղեք դրանում։
Լուսինե Թևոսյան